Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնդկաստանի իշխանավորներին ավելի հեշտ գտա, քան մեր ղեկավարությանը»․խմբագիրը`գերատեսչությունների ստեղծած քաշքշուկի մասին (ֆոտոշարք)

Օգոստոս 14,2017 15:25

Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, որը վերջերս այցելել էր Հնդկաստան՝ մի շարք բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելով հնդիկ իշխանավորների, կուսակցապետերի, գործարարների, կինոաստղերի ու ռեժիսորների հետ Հայաստանում որոշակի ներդրումներ կատարելու, կինոֆիլմեր նկարահանելու պահով, դժգոհում է, որ Հայաստանի գերատեսչությունները պատշաճ չեն արձագանքում։

Ըստ մեր զրուցակցի` Հնդկաստանի ըմշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխը, որը նաև ըմբշամարտի ասիական ասոցիացիայի փոխնախագահն է, հայ խմբագրից լսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում տուրիզմը զարգացնելու ծրագրի մասին, ցանկություն է հայտնել գալ, ուսումնասիրել, մի ներդրում էլ իր կողմից կատարել։ Միայն թե հնդիկ պաշտոնյան խնդրել  է իրեն պաշտոնապես հրավիրել մեր երկիր, քանի որ  նպատակադրված է համագործակցություն սկսել հատկապես սպորտի բնագավառում, պատրաստ է իր  ֆինանսների հաշվին մեր երկրից ըմբշամարտիկների խումբ տանել Հնդկաստան։

Ջինդալ կորպորացիայի նախագահ, բիզնեսմեն Նավին Ջինդալի հետ

Շեյլա Դիքշիի հետ

Հարյանայի նահանգապետ Բիպենդեր Հուդա

համալսարանի Բուդդիզմի ամբիոնի վարիչի հետ

Կիրան Չոպրան իր գիրքն է նվիրում

իշխանության BJP կուսակ. մամուլի խոսնակ Շահնավազ Հուսայինի հետ

դեպուտատ Դեպենդեր Հուդա

Հնդկաստանի Հարյանայի նախկին նահանգապետ Բհուպինդեր Սինգխ Հուդան, որը Հնդկաստանի «Ազգային կոնգրես» կուսակցության անդամ է ու մինչև օրս գյուղատնտեսական հարցերով խորհրդական է, ցանկություն է հայտնել համագործակցություն սկսել գյուղատնտեսության ոլորտում, որևէ կառույց ստեղծել ու Հայաստանից մրգեր, բաջարեղեն արտահանել Հնդկաստան։ Հարյանայի նախկին նահանգապետը նշել է, որ Հնդկաստանն այնքան էլ հարուստ չէ բանջարեղենով, կարելի է միջոցներ փնտրել Հայաստանից օրգանիկ գյուղմթերք ներկրելու։ «Ես Հնդկաստանից վերադառնալուն պես, բոլորին հասցեագրված տեղեկատվությունը տարածել եմ ու սպասում էի, թե իրենք պիտի արձագանքեն՝ մտածելով, հնարավորություններն են, ինչո՞ւ չօգտվել։ Սպորտային ուղղությունը իր հերթին հետաքրքվեցի, մշակութայինը՝ իր հերթին, ուզում էի հանդիպել  Գյումրու քաղաքապետին, քանի որ Հարյանայի քաղաքներից որևէ մեկը Գյումրիի հետ քույր քաղաք դարձնելու հնարավորություն կա։ Եթե հիշում եք Գյումրու ՏԻՄ ընտրություններում, երբ ես գլխավորում էի ՀԱԿ-ի ավագանու ցուցակը․ նրանց քաղաքապետի թեկնածուն էի, մեր ծրագրում մեծ տեղ էինք հատկացրել հատկապես զբոսաշրջության զարգացմանը։ Եվ Հնդկաստանում այն բոլոր աստղերի առաջ, այսպես ասած, պայման էի դնում, ասում էի՝ դուք կգաք Գյումրի, նոր կշրջագայեք Հայաստանի մյուս տարածքներով։ Ահագին տանջվեցի Հնդկաստանում իմ պայմանավորավածությունները հայ իշխանավորներին տեղ հասցնելու համար, փաստորեն ստացվում է, որ Հնդկաստանի իշխանավորներին ավելի հեշտ գտա, քան մեր տեղական ղեկավարությանը։ Գյումրու քաղաքապետն այդպես էլ լուր չտվեց, որ ինձ կարող է ընդունել, իմանալ, թե ես ինչ եմ ուզում ասել, իսկ Շիրակի մարզպետի հետ քննարկել ենք որոշ հարցեր»,-ասաց Եպրաքսյա Մեխիկյանը։

Մեր զրուցակցի պատմելով, նախքան Հնդկաստան մեկնելը, ինքը  վարչապետի ֆեյսբուքյան էջին նամակ է գրել, որ ուզում է խթանել զբոսաշրջությունը՝ կոնկրետ գաղափար ներկայացնելով, անմիջապես արձագանքել են՝ առաջարկելով ծրագիր ներկայացնել։ Եպրաքսյա Մեխակյանն էլ պատասխանել է, որ ծրագիր այս պահին չի կարող ներկայացնել, սակայն ուզում է, որ օգտվեն իր գաղափարից ու հետագա պայմանավորվածություններից։ «Գրեցի, մեկ ամիս շարունակ արձագանքող չեղավ։ Հետո վարչապետի աշխատանքային խումբը ձեռքերը թափ տալով՝ հայտարարեց, որ ձեր հայտը ուղարկել ենք մշակույթի նախարարություն։ Մշակույթի նախարարությունից ոչ մի լուր, ոչ մի արձագանք չեղավ։ Մշակույթի նախարարը եկել էր Գյումրու թատրոն, ես մոտեցա, ասեցի՝ ինչ եմ ուզում անել, նախարարն ասեց՝ զանգի մի շաբաթից կհանդիպենք, սակայն հանդիպումը տեղի չունեցավ։ Նախարարի մամլո խոսնակն ասեց՝ նախարարն ասել  է կապվեմ կինոգետ Արսեն Բաղդասարյանի հետ։ Այս պարոնը նույնպես ոգևորվեց՝ լսելով, թե Հնդկաստանում ում հետ եմ մտադիր հանդիպել ու առաջարկներ ներկայացնել։ Որպեսզի շատ չմանրանամ, ասեմ, երբ Հնդկաստանից վերադարձա՝ արդեն կոնկրետ պայմանավորվածություններով, զանգեցի, ում ասես միջնորդ չգցեցի վարչապետին հանդիպելու, դիմեցի մեր պատգամավորներին, ոչ մեկը չկարողացան կազակերպել հանդիպումը։ Դիմեցի մեր նախկին  մարզպետ պարոն Ֆելիքս Ցոլակյանին, նա ասաց՝ վարչապետի հետ չէ, բայց մշակույթի նախարարի հետ կխոսեմ։ Գիտեք, նա պատկառելի մարդ է, անմիջապես երկրորդ օրը ինձ զանգեց, ասաց՝ այս համարով կզանգես պարոն Ամիրյանին, ես խոսել եմ հետը։ Զանգում եմ, պարոն Ամիրյանը չի վերցնում, գնացի Երևան, հասա մշակույթի նախարարության առաջին հարկ, նորից զանգեցի պարոն Ցոլակյանին՝ խնդրելով կազմակերպել հանդիպումը նախարարի հետ։ Մտա նախարարի մոտ՝ հիշեցրեցի, որ մինչ Հնդկաստան մեկնելս էլ իրեն հանդիպել եմ ու ասացի, որ հիմա փաթեթով ծրագիր եմ ուզում ձեզ ներկայացնել։ Նախարարը շատ հավանեց, նույնիսկ զարմանքով արձագանքեց, որ մի հոգով մի աշխատանքային խմբի գործ եմ արել։ Երբ Հնդաստանից վերադարձա, մի քանի կինոռեժիսորներ հետս կապվեցին՝ ասելով, որ ուզում են Հայաստանում ֆիլմ նկարահանել։ Քանի որ վարչապետը որոշել էր միջազգային գործընկերների հետ ֆիլմարտադրությունը զարգացնել, մշակույթի նախարարը շատ ուրախացավ՝ լսելով հնդիկ կինոռեժիսորների առաջարկը։ Ասաց՝ մի տաս օր սպասեք, տաս օրից լուր կտամ։ 10 օրն անցավ, հետո զանգում եմ, էլի չի վերցնում, չեն արձագանքում, լռում են, հասկանում եմ նախարար մարդ է, զբաղված է․․․»։

Եպրաքսյա Մեխակյանը վարչապետից արձագանք է ստացել ընդամենը 3 օր առաջ, վարչապետի մամլո խոսնակն առաջարկել է դիմել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե։«Դիմեցի, մարդիկ ասացին՝ համեցեք, հանդիպեցի, իրենք մեծ ուրախությամբ ընդունեցին իմ բանավոր պայմանավորվածությունները, հիմա արդեն իրենց բյուջեն են քննարկում, տեսնեն՝ ինչպե՞ս կկարողանան կազմակերպել կինոաստղերի այցը մեր երկիր։ Ասեմ, որ մոտ 30 կինոաստղ համաձայն են այցելել Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, մեր երկիրը սոցիալական ցանցերով իրենց հետևորդների մոտ պրոպագանդել՝ որպես տուրիստական երկիր։ Իհարկե, վախենում եմ նախօրոք ասել, որ կոնկրետ մի բան կստացվի, որովհետև մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո ինձ թվում էր, թե մի բան կլինի․․․Բայց, պատմածիցս հասակացաք, որ էդ մարդը չի ընդունում։ Իհարկե, չեմ շտապում ասել, որ մի բան կլինի, բայց քննարկում ենք, որ գոնե հոկտեմբերին աստղերի մի մասին բերենք հինգօրյա այցով՝ Գյումրիով, Արցախով, Հայաստանի մյուս տեսարժան վայրերով շրջագայության»,-ասաց Եպրաքսյա Մեխակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Եպրաքսյա Մեխակյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031