Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ գուցե կատարվել է արտակարգ մի բան, որը կարող է ընտանեկան գաղտնիք լինել. հոգեբանը` մարզպետի խորհրդականի սպանության մասին

Օգոստոս 14,2017 16:29

«Այս մեկ-մեկուկես ամսվա ընթացքում չտեսնված շատ ու տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: Ո՞վ էր լսել, որ հոգեբանին սպանեն, որ կինն ամուսնուն սպանի»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակի, իհարկե, ոչ որոշիչ, բայց պատճառներից կարող է լինել շոգը. «Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե մի տեղ շատ ուժեղանում է շոգը, ջերմաստիճանը միջինից շատ ավելի բարձր է, ագրեսիվության աճ է գրացվում: Շոգը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել այն բանի համար, որ կատաղության դոզան ավելանա և հանգեցնի վարքի որակական փոփոխությունների»:

Ըստ հոգեբանի՝ ագրեսիվության պատճառ կարող է լինել նաև չհանգստանալը. «Ամառը սովորաբար հանգստի շրջան է, շատերը չեն գնում հանգստի: Նրանք ակնհայտ տարբերությունը կզգան. էլ չեն ուզում աշխատել, գերհոգնածությունը: Այս գործոնը ևս կարող է նպաստել անձի ագրեսիվության աճին»:

Անդրադառնալով ընտանեկան բռնություններին` հոգեբանը նշեց, թե դրանք միշտ էլ եղել են, ուղղակի հիմա լուսաբանումն է աճել. «Տղամարդկանց մի չհասկացող խումբ էլ կա, որ չեն ընկալում` կանայք կարող են իրենցից շատ գումար վաստակել, կարիերա անել: Ավանդական մոտեցումների խախտում է, որը կարող է ինչ-որ տեղ ագրեսիվության առիթ տալ: Մի կողմում մի քիչ բունտ են անում, այս մյուս կողմն էլ չի կարողանում հասկանալ, որ 21-րդ դարում ենք: Անցել են այն ժամանակները, որ կնոջն ասես այսպես արա, այնպես արա, այս կեր, այն կեր»:

Հոգեբանը նշեց, որ ընտանեկան, կենցաղային հարցերով իրենց ավելի շատ կանայք են դիմում, տղամարդիկ հիմնականում նևրոզների և այլ հիվանդությունների դեպքում են դիմում:

Անդրադառնալով Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությանը, որն, ըստ նախնական վարկածի, նրա կինն է  կատարել, և այն տարածված լուրերին, թե 15 տարվա բռնությունների պատճառով կուտակվածի արտահայտությունն էր այդ սպանությունը, հոգեբանն արձագանքեց. «Կուտակումը բացառված է, որ պատճառ դառնար: Կուտակման դեպքում սովորաբար հարմարվում են: Այստեղ ըստ երևույթին կատարվել է արտակարգ մի բան, որը սովորական վիճակներից չէ և ընտանեկան գաղտնիք կարող է լինել: Այս անգամ այդ բռնությունն այլ կերպ է գուցե արտահայտվել և, ի վերջո, կինը կարող է աֆեկտի տակ մտածել է վերջացնել այս ամենը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031