Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Կասյանն ինչ ներդրում է ունեցել հայ սպաների գնդակահարության հարցում՝ սա անքննելի է եւ միանշանակ». Տիգրան Ավինյան

Օգոստոս 14,2017 17:46

ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ի պատասխան Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնության, ըստ որի առաջարկվում է Կասյան փողոցը վերանվանել եւ առհասարակ փոխել ռուս կոմունիստների, բոլշեւիկների անունով Երեւանի դպրոցների ու փողոցների անունները, վստահեցրել էր, որ Կասյանն իրականում Հայաստանի համար շատ բան է արել:

Aravot.am-ի հետ զրույցում ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը պատասխանեց Վիրաբյանին. «Հայաստանի պատմությանը նվազագույն չափով ծանոթ մարդը, կարծում եմ, պետք է տեղեկացված լինի Կասյանի գրծունեությունից: Կասյանն այն մարդն է եղել, որ օտար երկրի բանակով ներխուժել է  անկախ Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, Կասյանը գլխավորել  է տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, հայ գեներալների գնդակահարությունը: Այստեղ մինիմալ գիտելիք է պահանջվում: Ես ինքս պատմաբան չեմ, բայց լավ տեղեկացված եմ, թե Կասյանն ինչ ներդրում է ունեցել հայ սպաների գնդակահարության հարցում, կարծում եմ, սա անքննելի է եւ միանշանակ, այսինքն, այստեղ Ամերիկա չենք հայտնաբերում»:

Երբ փոխանցեցինք, որ Ամատունի Վիրաբյանը վստահեցնում է՝ Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը եւ որ այդ ամենը կազմակերպվում էր Մոսկվայում, Կասյանը ոչինչ չէր կարող անել՝ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ազգային արխիվի տնօրենը, համոզված եմ, այդ փաստաթղթերին ծանոթ է, գնդակահարությունների փաստաթղթերի տակ Սարգիս Կասյանի անուն ազգանունն է: Հիմա թե ով է արել, ով չի արել, բայց այդ փաստաթղերի տակ ստորագրություն ունի այդ մարդը դրված»:

Մեր դիտարկմանը, որ Ամատունի Վիրաբանը վստահեցնում է, որ կեղծ փաստաթղթեր կան՝ Կասյանի մասին, բայց իրականության մեջ նման բան չի եղել՝ Ավինյանը պատասխանեց, որ դա միգուցե լայն քննարկման հարց է. «Բայց այն, որ Սարգիս Կասյանը օտար երկրի բանակի հետ եկել, ներխուժել է ՀՀ, բոլոր պայմանավորվածությունները այն ժամանակվա ՀՀ-ի  կառավարության հետ դրժվել է, այդ ամբողջի վերեւում, հիմքում կանգնած է եղել նաեւ Սարգիս Կասյանը՝ որոշ անձանց հետ համատեղ, դա արդեն բավական է: Ես չեմ կարծում, որ Սարգիս Կասյանն այն մարդն է, ում անունով Հայաստանում մենք պետք է ունենանք փողոց, դպրոց կամ նույնիսկ հուշատախտակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անիկ տատի says:

    Ասենք փոխեցինք,ի՞նչ է փոխվելու: Ո՛ւմ ավունով կոչենք: Գուցե պարզվի,որ Կասյանն ավել հայրենասեր է եղել,քան մենք: Ավելի լուրջ գործով պետք է զբաղվել:

  2. Tiko says:

    «Ո՞ւր է ելքը»

    Սարգիս Կասյանի աշխատություններից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031