Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք ամիս է մեծով, փոքրով 12 հարկը վեր ու վար են անում, վերելակը խափանված է

Օգոստոս 14,2017 17:48

Մայիս ամսից սկսած Դավթաշեն 4-րդ թաղամասի 51/3 շենքի բնակիչները 12 հարկ ոտքով են իջնում-բարձրանում: Եթե վերելակի բացակայությունը առողջության հետ կապված խնդիրներ չունեցող բնակիչների համար ինչ-որ տեղ մարզանք է, ապա շենքում բնակվող մեծահասակների ու փոքրիկների համար` ուղղակի տանջանք: Մարդիկ արդեն երրորդ ամիսն է` ստիպված են լինում իրերն էլ ոտքով բարձրացնել,իջեցնել: Բնակիչներն ասում են` 21-րդ դարում ամիսներով առանց վերելակ մնալն ուղղակի անթույլատրելի է: Բնակիչների խոսքով` վերելակը փչացել է էլեկտրիկի սխալ գործողությունների հետեւանքով: Հիմա 1 միլիոնից ավելի գումար է անհրաժեշտ, որպեսզի վերելակի խնդիրը լուծվի:
Բնակիչների խոսքով, իրենց բազմաթիվ բողոքներից հետո էլցանցը խոստացել է 750 հազարը տալ, մնացածն էլ պետք է բնակիչներով հավաքեն:
Aravot.am-ի հետ զրույցում 51/3 շենքը սպասարկող «Դավթաշեն 4/Ա1» համատիրության նախագահ Նոտար Ավետիսյանն էլ հաստատեց, որ շենքի բնակիչներն արդեն երրորդ ամիսն է ոտքով են բարձրանում-իջնում: Նրա պատմելով, մայիսի 23-ին տեղացած ուժեղ անձրեւի հաջորդ օրը բնակիչները զանգել են իրեն՝ ասելով, որ վերելակը չի աշխատում, վերելակավարը եկել` նայել է ու պարզել, որ մալուխն է վնասվել, ինչը պետք է վերանորոգվի: Ավելի ուշ ժամի բնակիչներն ահազանգել են, հայտնելով, որ վերելակի շարժիչից ծուխ է դուրս գալիս: «Ահազանգել են ԱԻՆ, 12-րդ հարկից մինչեւ 9-րդ հարկ ծուխ էր լցվել, հետո պարզվեց էլեկտրիկները փորձ են արել եւ տվել վառել են, սրահում հրդեհ էր, վահանակը ծխի մեջ կորած էր»,-ասաց պարոն Ավետիսյանը: Ըստ նրա, երբ մալուխը վնասվել է, էլեկտրիկները պարտավոր են եղել շենքի հոսանքն ամբողջությամբ անջատել եւ նաեւ վերելակը հոսանքազրկել, սակայն շենքի սնուցումն անջատել են, վերելակինը` ոչ:

Համատիրության նախագահի խոսքով, դիմել են էլցանց, սակայն վերջինս հրաժարվել է, որ խնդիրն իրենց մեղքով է առաջացել: ԱԻՆ-ի մասնագետներն էլ իրենց կողմից կազմած ակտում հրդեհի պատճառը հոսանքի տատանումն են նշել, սակայն, քանի որ այս կառույցինը մասնագիտական կարծիք չէ, համատիրության նախագահը դիմել է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն, որտեղից էլ եզրակացությունը եղել է, որ վերելակի հրդեհի պատճառը էլեկտրատեխնիկական է:
Այս եզրակացությունը պարոն Ավետիսյանը կրկին ներկայացրել է էլցանցին, որը խոստացել է վերելակի վահանակը պատվիրել, սակայն տեղադրումը պետք է համատիրությունը կամ բնակիչներն իրենց ուժերով կատարեն:

Նոտար Ավետիսյանի հաշվարկներով նոր վերելակի ձեռքբերումն ու տեղադրումը 1 միլիոն 240 հազար դրամ կարժենա, 220 հազար դրամի չափով բնակիչները հավաքել են. «Էլցանցը դեռ չի բերել, սակայն խոստացել է, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը` պարոն Բաղդասարյանն այս խնդիրը իր ուշադրության կենտրոնում է պահում: Հիմա, եթե իրականում էլցանցը վերելակը պատվիրել է, ապա տեղադրումը մեկ օրվա հարց է: Վաղը պարոն Բաղդասարյանի մոտ դիսպետչերական է եւ վերելակի հարցով նորից հետաքրքրվելու է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031