Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են բիզնեսը խլել գործարարից. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 15,2017 12:21

Երեւան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության եւ տիրանան դրան։

2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղեւորափոխադրում է իրականացնում Երեւան-Արմավիր ուղղությամբ։ Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան եւ հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը՝ Շուշան Խաչատրյանը։

Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի, Երեւան-Արմավիր երթուղով անցնում են Երեւան-Արմավիր-Մյասնիկյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան, Երեւան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երեւան-Արմավիր- Քարակերտ եւ Երեւան-Մեծամոր երթուղիները։

«Մյասնիկյան-Երեւանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր։ Գծում պետք է աշխատի մի մեքենա, աշխատում է մոտ 4-ը։ Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս։ Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա։ Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել, չեն էլ կարող գնալ։ Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա՝ դա մեկ եւ երկրորդ՝ ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երեւան-Արմավիր երթուղով։ Նույնը Բաղրամյան-Երեւանը, Երեւան-Շենիկը, Երեւան-Արտենին է։ Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման եւ վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի։ Այդ ընկերությունները գալիս են Արմավիր եւ չեն գնում իրենց վերջնագիծ։ Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է եւ կանոնակարգվում է նախարարի հրամանով։ Տրանսպորտի տեսչությունը վերահսկում է այս ոլորտը, բայց իրական վերահսկողություն չի իրականացվում, այլ բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է թիվ 206 ավտոբուսային եւ թիվ 207 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը (Երեւան-Արմավիր եւ հակառակ ուղղությամբ)։ 206 երթուղու սպասարկման իրավունքը տրված է մինչեւ 2022 թվականը։ Այս երթուղում շահագործվում 14 փաստացի եւ 1 պահուստային ավտոբուս։ 207 միկրոավտոբուսային երթուղում շահագործվում է 22 փաստացի եւ 5 պահուստային միկրոավտոբուս։ 207 միկրոավտոբուսային երթուղին, ըստ նախարարության, 2017 թվականի հուլիսի 11-ին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ժամանակավոր սպասարկման է տրվել, մինչդեռ տարիներ շարունակ այս ընկերությունն է սպասարկել Երեւան-Արմավիր միկրոավտոբուսային երթուղին։

Շենիկ-Բաղրամյան-Երեւան թիվ 214 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2020 թվականը տրամադրվել է «Ռամ-Ակա» ՍՊԸ-ին։ Այս երթուղում սպասարկում է 1 փաստացի եւ 1 պահուստային ավտոբուս։

Բաղրամյան-Երեւան թիվ 228 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2019 թվականը տրվել է կրկին «Ռամ-Ակա» ՍՊԸ-ին։ Այս երթուղում էլ շահագործվում է 2 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուս։

Մյասնիկյան-Երեւան թիվ 223 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ 2019 թվականը տրվել է «Ալ տրանս» ՍՊԸ-ին։ Այս երթուղում էլ շահագործվում է 1 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուսներ։

Մեծամոր-Երեւան թիվ 235 երթուղու սպասարկման իրավունքը մինչեւ նախորդ ամիս տրամադրված է եղել «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ին։ Երթուղում շահագործվում է 4 փաստացի եւ 1 պահուստային միկրոավտոբուս։

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հասցեագրված մեր հարցմանը պատասխանել է նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։ Նախարարին հարցրել էինք նաեւ, թե այս ընկերություններից որի նկատմամբ քանի անգամ է վարչական պատասխանատվություն կիրառվել։ Պարզ ասած, թե այդ ընկերությունները քանի անգամ են տուգանվել։ Պարզվում է, որ ամենահաճախը նախարարությունը տուգանել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին։ 2017 թվականի հունվարի 10-ից մինչեւ հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում այս ընկերությանը նախարարությունը տուգանել է 18 անգամ։ 11 անգամ տուգանել է 207 միկրոավտոբուսային երթուղին, 7 անգամ՝ 206 ավտոբուսային երթուղին։ Տուգանքների մեծ մասը վերաբերվել են չվացուցակի խախտմանը (11 ակտ), առանց համապատասխան կահավորմանը (5 ակտ) եւ այլն։ «Ռամ-Ակա» ընկերությունը թիվ 214 եւ թիվ 228 երթուղիների մասով տուգանվել է 12 անգամ, «Շանթ Գյուրջոյան»-ը՝ 5 անգամ, «Ալ տրանս»-ը՝ 6 անգամ։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցչի խոսքով՝ գրեթե բոլոր վարչական ակտերն այժմ դատական կարգով բողոքարկվում են։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031