Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ չի բացառվում». հնարավոր է աշնանը ԵԼՔ-ը հանդես գա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով

Օգոստոս 15,2017 19:00

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ դաշինքի անդամների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո գործընթացը չի կասեցվել, պարզապես դանդաղել է` քաղաքական սեզոնով պայմանավորված:

Պատգամավորը մանրամասնեց. «ԵԼՔ դաշինքն իր նախընտրական ծրագրում հստակ գնահատել է ԵՏՄ անդամակցությունը` որպես քաղաքական սխալ, և միանգամայն բնական էր, որ գալու է ժամանակը այդ սխալը շտկելու համար։ Ինչպես և ավելի ուշ հայտարարեցինք, սեպտեմբերին այդ հարցի քննարկումը մեզ համար առաջնային է լինելու։ Հնչեցված հայտարարություններին հաջորդել և հաջորդելու են ներդաշինքային քննարկումներ, որոնց արդյունքների մասին մանրամասն կխոսենք, երբ դրանք լինեն։ Որևէ գործընթաց չի կասեցվել, պարզապես դանդաղել է քաղաքական սեզոնով պայմանավորված»։

Հարցին` ԵԼՔ-ն աշնանը հնարավո՞ր է հանդես գա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկով, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Բնականաբար դիտարկում ենք այդ հնարավորությունը, և ինչպես նշեցի, ավելի կոնկրետ քայլերի մասին կորոշենք խմբակցության առաջիկա նիստերին»։

Հստակեցմանը` այսինքն` չի բացառվում, որ աշնանը ԵԼՔ-ը հանդես գա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկո՞վ, ոչ թե զուտ այս կամ այն ներկայացուցչի հայտարարության տեսքով, այլ խմբակցությա՞մբ, դաշինքո՞վ, ԵԼՔ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում` կախված խմբակցության վերջնական որոշումից»:

Մեր հարցին՝ այն, որ կարծիքներ են հնչում, եթե անգամ խմբակցությունը նման առաջարկով հանդես գա, միևնույն է, դա որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն այլ դիրքորոշում ունի, արդյոք արդարացվա՞ծ է նման թերահավատությունը, Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Այդ մոտեցումը ենթադրում է ոչինչ չանելու արդարացում: Իսկ իրականում որևէ նախաձեռնություն անհետևանք չի մնում: Այլ բան է, թե ինչ չափով արձագանք կլինի այդ նախաձեռնությանը հանրության կողմից, ինչից էլ կախված է դրա արդյունավետությունը և արդարացվածությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031