Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենն ասաց՝ երկրում, բանակում երկպառակտում չմտցնեք՝ անկախ քաղաքական խաղերից, գզվռտումներից». Աստվածատուր Պետրոսյան

Օգոստոս 15,2017 22:22

Այսօր նույնիսկ այս ուշ ժամին Եռաբլուրի պանթեոնը մարդաշատ է: 25 տարի առաջ այս օրը հենց Եռաբլուրում 500 մահապարտներ երդվեցին գնալ ռազմաճակատ:

Քիչ առաջ մահապարտների ջոկատի անդամների հետ Եռաբլուր էր այցելել «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ Աստվածատուր Պետրոսյանը՝ նշելու Մահապարտների օրը, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու ղարաբաղյան պատերազմում զոհ գնացած իրենց մարտական ընկերների, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Aravot.am-ի հետ զրույցում գեներալ Աստվածատուր Պետրոսյանը պատմեց, թե ինչը իրենց մղեց հավաքվելու եւ մահապարտների զորախումբ ստեղծելու. «Ինքնաճանաչման խնդիր կար, երկիրը վտանգի մեջ էր, ընկել էր Մարտակերտը, Շահումյանը, չորս կողմից աքցանի մեջ էր վերցրած ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանի սահմանը, հակառակորդը վերցրել էր Արծվաշենը, մենք դիմակայում էինք եւ կազմակերպում էինք թիկունքում բանակ: Անհրաժեշտ էր մի ուժ, որը հակահարված կտար եւ կբացեր ճանապարհը:

Այդ օրը զանգ հնչեց, հեռախոսի մոտ էի ես: Զանգը ԼՂ-ից էր, նրանք ասացին՝ եթե 10-15 օր ուշանաք՝ այլեւս Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղը չի լինի, մեզ հարկավոր է թարմ ուժ, սպառվել են բոլոր ուժերը: Թշնամին ընդհուպ մոտենում էր Ստեփանակերտին, այդ թվում՝ Գանձասարին: Եվ մենք Վազգեն Սարգսյանի հետ որոշեցինք ինչ անել: Այդ օրը Ղափանից կանչ կար, թշնամու օդուժի գրոհն էր, ինքը թռավ, որ կասեցնի, երեկոյան որոշեց, որ անպայման այդպես քրտնած, ետդարձի ճանապարհին հեռուստաեթեր ունենա: Դա օգոստոսի 15-ն էր, ժամը 9-ը, հեռուստաեթերը պատրաստ էր: Այդ ժամանակ այնտեղ էր նաեւ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը, նա ուղիղ եթեր էր փորձում մտնել, ուշացումով մտանք:

Չնայած մենք առանց կոչի էլ կարող էինք Ղարաբաղ 500 մահապարտ ուղարկել, բայց կոչի ժամանակ ինքը բացատրեց, վերլուծեց, թե ինչ է կատարվում երկրում: Երկրում գլուխ էր բարձրացրել իրար նկատմամբ ունեցած կասկածը, քաղաքական խաղեր, հոսանքներ, որի մասին Վազգենը գրեթե 15-20 րոպե վերլուծեց: Նա ասաց՝ մինչեւ հիմա չէի ասում, բայց հիմա խնդրում եմ՝ երկրում, բանակում երկպառակտում չմտցնեք՝ անկախ բոլոր տեսակի քաղաքական խաղերից, գզվռտումներից: Անհրաժեշտ է, որ համախմբվենք, ուժ կազմենք: Իմ տղաներին եմ դիմում, մահապարտներին, բանակ ստեղծողներին, ուժ կազմենք, թշնամին նույն թշնամին է, որ ձեր առջեւից փախչում էր, դուք էլ մնացեք նույնը, որից ահ ու սարսափ են կրում: Հարկավոր է եւս մի ցնցում, մի նոր արթնացում: Եթե մենք վաղը հավաքվեցինք Հայաստանի բոլոր սահմաններից՝ Նոյեմբերյանից մինչեւ Արցախ եւ հավաքական մահապարտների 500 հոգանոց գումարտակ կազմեցինք փորձվածներից, որոնք գիտեն, որ ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 է, մենք գնալու ենք ամենաթեժ կետը, որտեղ սիրտդ լցվում է եւ թշնամանքով եւ ուրախությամբ, որ այդ սրտի զարկերը պիտի պահես: Եթե մենք հավաքվեցինք եւ այդ գումարտակը կազմեցինք, ուրեմն մենք դեռ կանք, կռվելու ենք ու հաղթելու ենք»:

Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ ընդամենը 3 օր հետո ՊՆ-ի դահլիճում հավաքվել են 500-ից ավելի մահապարտներ. «Կային մարդիկ, որ հոգեբանական թեստը չանցան, կային մարդիկ, որ հասկանալով դժվարությունը՝ հետ կանգնեցին, բայց այս 500-ը տղաները գնացին վճռական քայլի եւ բեկում մտցրեցին պատերազմում: Իրենց կողքին մյուս ուժերը նույնպես համախմբված, ներդաշնակ, մեծանուն մարդկանցով մենք գնացինք գրոհի»:

Աստվածատուր Պետրոսյանը թվարկեց՝ մահապարտները տվել են 1 ՊՆ նախարար, 2-3 գեներալ, Ազգային 2 հերոս, Մարտական խաչի 6 ասպետ, 18 բարձրագույն պաշտոններ զբաղեցնող սպաներ, ճակատի հրամանատարներ, գրողներ, փիլիսոփաներ, բանաստեղծներ, նկարիչեր, հասարակ ու լավ, ստեղծագործ գյուղացիներ, որոնք հաղթեցին ու հակառակորդին հետ մղեցին դեպի իրենց դիրքերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031