Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւին պարտադրելու ժամանակը

Օգոստոս 16,2017 12:00

Մոսկվան ու Վաշինգտոնը համատեղ կաշխատե՞ն ԼՂ կարգավորման
գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնի» հայկական ու ադրբեջանական ծառայություններին հարցազրույց է տվել, որտեղ շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն:

«Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,-ասել է ամերիկացի համանախագահը` հավելելով, որ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գոտիներից հանել դիպուկահարներին եւ ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել. «Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում, բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»:

Ամերիկացի համանախագահն, այսպիսով, հստակ շեշտել է այն դիրքորոշումը, որն արդեն մեկ տարուց ավելի կրկնում է հայկական կողմը` առանց վստահության ամրապնդման միջոցների, հետաքննության մեխանիզմների կիրառման անիմաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի հետ:

Հոգլանդի հայտարարությունը փաստում է այն մասին, որ համանախագահները պնդում են իրենց դիրքորոշումը: Ադրբեջանը շարունակում է պահպանել իր ապակառուցողական կեցվածքը` չընդունելով հետաքննության մեխանիզմների կիրառումը: Ավելին` Ալիեւն ամիսներ առաջ հայտարարեց, որ Բաքվի համար անընդունելի առաջարկ է հետաքննության մեխանիզմների կիրառումը (ընդ որում՝ Բաքուն դրանք ներկայացնում էր որպես հայկական կողմի ներկայացրած տեխնիկական առաջարկներ): Սակայն դրական է այն, որ այնուամենայնիվ, մինչեւ հիմա Ալիեւը պարբերաբար ստիպված է միջնորդներից լսել դրանց իրագործման անհրաժեշտության մասին հիշեցումները:

Հոգլանդը նաեւ հավելել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նյու Յորքում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, որին կարող են հետեւել բանակցություններ երկու երկրների նախագահների մակարդակով: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաեւ դրան հասնելու քայլեր ու փուլեր: Հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, եւ եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»,-ասել է ամերիկացի համանախագահը: Ընդ որում, Հոգլանդը նաեւ արձանագրել է, որ ղարաբաղյան կարգավորումը այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը շարունակում են համագործակցել անգամ բարդ հարաբերությունների պայմաններում։

Անցյալ շաբաթ «Ազատության» հետ զրույցում, Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ դեռ որեւէ պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք, որ վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ:

Հայտնի է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն՝ կանխել հնարավոր ռազմական գործողությունները եւ հասնել նրան, որպեսզի լարվածության աստիճանը նվազի, անցյալ շաբաթ «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին։ Նա հավելել է, որ միջնորդները շատ հետեւողական են՝ թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով. «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով նաեւ միջնորդները, որ պատճառը, որ այն դաշտում խոսել որեւէ առաջընթացի մասին՝ անհնարին է, պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ»։ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման օգոստոսի 13-ի թողարկման ընթացքում ՀՀ փոխարտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանին պետք է պարտադրել խաղաղություն. «Ընդ որում, այդ հարցում մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, եւ ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց։ Այս անգամ մենք շատ ավելի պատրաստ ենք լինելու եւ հույսը մեզ վրա պետք է դնենք, բայց, իհարկե, ոչ միայն չպետք է անտեսենք, այլ պետք է լուրջ աջակցություն սպասենք եռանախագահներից, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են»։

Վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում: Սերժ Սարգսյանի խոսքով` նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ եւ հանդիպումը կարող է կայանալ այս աշնանը:

Այսօր շատերն են խոսում այն մասին, որ ռուս-ամերիկյան փոխադարձ պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն թողնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը կարող են նախընտրել կողմերի հետ առանձին աշխատել: Հետաքրքրական է, եւ վստահաբար, ոչ պատահական, որ ռուսաստանյան մամուլում արդեն իսկ հրապարակումներ են ի հայտ գալիս ուշագրավ «նրբերանգներով», օրինակ` այն մասին, որ Մոսկվան պետք է երկխոսություն սկսի ԼՂ խնդրով` Ռուսաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031