«Քույրը հացատան դռան արանքից տեսել է եղբորը կախված ու ուշաթափվել է»․Հացիկի բնակիչները՝ կախված զինվորի մասին (Տեսանյութ)

«Քույրը հացատան դռան արանքից տեսել է եղբորը կախված ու ուշաթափվել է»․Հացիկի բնակիչները՝ կախված զինվորի մասին (Տեսանյութ)

Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի 19-ամյա Աբաս Սլոյանի ինքնասպանություն գործելու մասին ծննդավայրում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Աբասը 20 օր է՝ ինչ զորակոչվել էր բանակ Արմավիրի մարզում, երեք օր առաջ փախուստի դիմելով զորամասից՝ նախօրդ օրը ինքնասպանություն էր գործել հորեղբորը պատկանող հացատանը, որը գտնվում է իրենց տան կողքին։ Թե ո՞րն է եղել պատճառը,  Աբասի ծնողներին ու հարազատներին այդպես էլ անհայտ է մնացել, քանի որ ըմբշամարտիկ երիտասարդը ոչ մի անգամ չի բողոքել ծառայությունից, լինելով լավ մարզված, երբեք չի վախեցել ոչնչից։ Աբասի հայրը վրդովված էր, որ մեղավորներին զորամասում փնտրելու փոխարեն, սգո օրով գյուղացիներին ու հարազատներին են տանում հարցաքննության, ժամերով բաց չեն թողնում։ «Ես չգիտեմ՝ ո՞րն է եղել իմ որդու մահվան պատճառը, միգուցե զորամասի ներսո՞ւմ են նեղել, միգուցե զորամասից դուրս, բայց ի՞նչ է նշանակում զինվորը դիմի փախուստի, ոչ մեկը չնկատի՞։ Ես Հայոց բանակին զինվոր էի ճանապարհել չէ՞, հո ՞ չէի ուղարկել, որ ոչ պատերազմական իրավիճակում որդուս կորցնեի»,-մղկտում էր հայրը։

Հորեղբայրներից մեկն էլ ասաց, որ Աբասի մահվան մասին լսելուն պես շտապել է գյուղ, ու թեև նրա մարմինն արդեն տեղափոխել էին Երևան դատաբժշկական փորձաքննության, սակայն իմացել է, որ նրա գլխի հատվածում բռնության հետքեր են եղել։ Գյուղացիները ևս մեզ հետ զրույցում նշում էին, որ կախված երիտասարդին օգնության հասնողները նույնպես գլխի հատվածում վերք են տեսել, որը նշանակում է, որ նրան բռնության են ենթարկել։

«Գիտենք, որ երկու օր փախած է եղել, զինվորական ոստիկանությունից եկել են գյուղ, չեն գտել նրան։ Երրորդ օրը հորեղբոր հացատանը, որը դուռ չունի, տեսել են տկի թելով կախված։ Քույրը բաց դռան արանքից նկատել է եղբոր թևը ու ուշաթափվել է՝ հասկանալով, որ կախված է։ Նույնիսկ բուժքույրն է վրա հասել, մարմինը տաք է եղել, բայց էլ ինչ․․․ Էնքան մարդամոտ, շփվող տղա էր, էդպես էլ չհասկացանք ինչն էր պատճառը»,- ասում էին գյուղացիները։

 

Գյուղի տղամարդկանցից մեկն էլ  պատմեց, թե իր լսելով՝ զորամասում մեծ վիճաբանություն է եղել, 7 հոգով տղային ծեծել են։

Ըստ նրա հարազատների ու գյուղացիների, տղային բանակ էին ճանապարհել դհոլ-զուռնայով, բանակի քեֆը նշել էին գյուղապետարանին հարակից դահլիճում։ Երդման արարողության ժամանակ էլ բարձր տրամադրություն է ունեցել։ Հոր պատմելով, տղան թեև զորակոչվել էր Արմավիրի մարզ, սակայն անընդհատ ցանկություն է ունեցել ծառայել Արցախում։ 20 օրվա ընթացքում Աբասն անընդմեջ կապ է պահպանել ըմբշամարտի իր մարզիչի հետ՝ ասելով, որ շատ գոհ է ծառայությունից, միայն թե խնդրել է միջնորդել, որպեսզի երբեմն կարողանա մարզվել Արմավիրի մարզիչների մոտ։ Մարզիչը՝ ընկեր Սամվելը, Աբասի մասին խոսելիս բարձրաձայն լաց էր լինում։ Նրա պատմելով, Աբասը իր մոտ մարզվել է առաջին դասարանից, նույիսկ բանակ գնալու նախօրեին՝ քեֆից առաջ, եկել, մարզվել, նոր է հրաժեշտ տվել։ Աբասենց տանը, որտեղ եղանք այսօր, նրա լուսանկարի վրա կախել էին մեդալները, որոնք նա ստացել էր տարբեր միջազգային մրցաշարարերում։ Մարզիչն ասում է, որ Աբասը ծառայելուց հետո շարունակելու էր ըմբշամարտիկի իր կարիերիան։ «Ես նրան սիրում էի նախ որպես մարդ, նա չգիտեր ինչ է վախը, ձգտող երիտասարդ էր, ըմբշամարտն այնպիսի սպորտաձև է, որտեղ վախը չի գործում, դուխ տվող, թույլի կողքը կանգնող էր, ձգտող երիտասարդ էր։ Ես ապշած եմ՝ ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին, նա միաժամանակ այնքան համակերպվող էր։ Մի դրվագ պատմեմ, երբ գնում էինք մարզումների, եղել է օրեր շարունակ նրանք գիշերել են վրաններում, գետնին, ոչ մեկը չի բողոքել։ Բանակ գնալուց էլ մեծ սիրով գնաց, երբեք չտրտնջաց, չգիտեմ ինչ կատարվեց»,-հուզվում էր մարզիչը։

Այս գյուղում յուրահատուկ ջերմ հարաբերություններ են հայերի ու եզդիների միջև․ ողջ գյուղը սգի մեջ է, սկսած գյուղ տանող տրանսպորտից մինչև գյուղի փողոցներում միակ թեման այն է, թե ո՞վ ու ինչո՞ւ դրդեց ժպտերես, կիրթ երիտասարդին նման քայլի գնալու։ Հացիկի բնակիչները նախաքննական մարմնից գյուղովի պահանջում են բացահայտել ճշմարտությունը, քանի որ, ըստ նրանց, նման դեպքերը պատիվ չեն բերում Հայոց բանակի ղեկավար կազմին։ Աբասի ընտանիքի անդամները, գյուղացիների բնութագրելով, համեստ ու շնորքհով մարդիկ են, նրանք զբաղվում են անասնապահությամբ։ Նշենք, որ գյուղ մեր այցելության ժամանակ անգամ ծանր վշտի մեջ լինելով՝ Աբասի ծնողները, հորեղբայրները ներս հրավիրեցին մեզ, իրենց մեջ ուժ գտան խոսելու, կիսվելու իրենց մտահոգությունների մասին։ Նրանք խնդրում էին բացահայտել ճշմարտությունը ու վերջ դնել նման պատմություններին, որպեսզի Հայաստանում ոչ մի զինվորի մայր լաց չլինի։ « Եթե սահմանին զոհվեր, կասեինք՝ փառք ու պատիվ նրան, բայց ո՞վ հասցրեց նրան, այս վիճակին, ո՞ւմ էինք ինչ արել»,- մղկտում էր հայրը։

Մեր՝ Աբաս Սլոյանի տանը լինելու պահին սպասում էին երիտասարդի մարմինը մայրաքաղաքից գյուղ տեղափոխելուն, նրան կհուղարկավորեն ծննդավայրում, թեև եզդիական համայնքը ունի հատուկ գերեզման Ազատան գյուղի մոտակայքում, որտեղ հուղարակավորում են Շիրակի մարզի բոլոր եզդիներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք