Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի այսօր կայանալիք Շվեդիա-Հայաստան խաղից շատ բան է կախված

Օգոստոս 16,2017 20:30

Այսօր բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական խաղում մրցակցի հարկի տակ հյուրընկալվելու է Շվեդիայի ընտրանուն:

Հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար էլ, քանի որ թե Հայաստանը, թե Շվեդիան խմբային փուլն անցնելու լավ հեռանկարներ ունեն:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը խոսել է առաջիկա հանդիպման մասին: «Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Ավելին, հաղթանակը թույլ կտա առաջին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ մեր ենթախմբում։

Արդեն նշել եմ, որ մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։

Շվեդիայի հավաքականն արժանի է մեծ հարգանքի եւ ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղերի բավական մեծ փորձ ունի։ Նրանք թիմով շատ լավ են պաշտպանվում եւ հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր,որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել», – ասել է Բավցեւիչը։

Մասնագետն ուրախ է, որ իր թիմն առանց կադրային կորուստների է այսօր խաղադաշտ մտնելու։ «Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երեւանում կայացած առաջին երկու  հանդիպումներում վնասվածք ուներ Ալբերտ Թադեւոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հույս ունեմ, որ այս խաղում բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Սա նաեւ մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարեւոր խաղ ունեն», -ՀԲՖ մամուլի ծառայությանն ասել է Նիկշա Բավցեւիչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031