Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը` աննախադեպ գործոնների ֆոնին

Օգոստոս 17,2017 17:45

«Ադրբեջանի համար այլ լծակ չի մնացել ազդելու իրավիճակի վրա, բացի, այսպես ասած, կոպիտ ձևով հրադադարը խախտելու իր այդ հնարավորությունը: Այդ ամենը կախված է մեծ քաղաքական ռիսկերի հետ և Ադրբեջանին միայն ինքնագլուխ ձևով դա անել ուղղակի չի հաջողվում: Եթե Ռուսաստանի երկակի խաղը Մինսկի խմբում չդադարեցվի արևմտյան միջնորդների կողմից, ապա չի բացառվում նման զարգացումներ»,-Aravot.am-ի հարցին` վտանգ կա՞, որ ապրիլյան պատերազմում ադրբեջանական զոհերի թվի մասին վկայող փաստաթղթի տարածումից հետո Ադրբեջանը շփման գծում կսրի իրավիճակը, այսպես պատասխանեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեր հարցին` ինչպե՞ս կարող է հայկական կողմն օգտագործել այդ փաստաթուղթը, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Ամեն դեպքում դա մամուլում արդեն շրջանառվում է և հարցեր է առաջացնելու ադրբեջանական հասարակության մոտ: Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա գալիս է հաստատելու այն ամենը, ինչն ապրիլյան պատերազմից հետո շարադրվեց: Սա լրացուցիչ ապացույց է»:

Անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունենալիք` ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` պարոն Մեհրաբյանը նշեց, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու մի քանի կարևոր և աննախադեպ գործոնների ֆոնին. «Առաջինն այն է, որ Հայաստանի դիրքորոշումն այս բանակցային գործընթացում աննախադեպ աստիճանի համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ: Այդ համընկնումը կա, թե՛ Մինսկի խմբի եռանախագահների դիրքորոշման հետ, թե՛ Իրանի հետ: Այն իմաստով է համընկնում, որ առանց շփման գծի կայունացման որևէ ձևով հարցեր լուծել և բանակցային գործընթացն առաջ տանել հնարավոր չէ: Այս իմաստով Ադրբեջանը պարզապես միայնակ է»:

Ըստ պարոն Մեհրաբյանի` առաջիկա բանակցություններին գնում ենք ԱՄՆ և Արևմուտք հարաբերությունների վատթարացման ֆոնին: Մյուս գործոնը Ռուսաստանի, այսպես ասած, խաղաղասիրական համբավի` աննախադեպ ցածր աստիճանի վրա գտնվելն է. «Ներկայումս Ռուսաստանը որպես պետություն ասոցացվում է ոչ թե խաղաղության և խաղաղասիրության, այլ պատերազմի, ռազմատենչության, պատերազմի հրահրման հետ»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն մտադիր է վերադարձնել գործընթացը Վիեննայի օրակարգին. դա կապված է թե՛ դիպուկահարների հետ քաշելու, թե՛ մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործման, պատասխանատվության, հետաքննության մեխանիզմների հետ և այլն. «Նաև հայտարարվեց, թե որն է դրա նպատակը. այն է, որ ԼՂՀ-ում պետք է նվազեցնել հնարավորությունները պատերազմական գործողությունների: Սակայն պատերազմական գործողությունների ծավալման վտանգը մնում է, բայց մյուս կողմից հայկական դիվանագիտության համար էապես բարելավվել են պայմանները, որ հայկական կողմը միջազգային ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ»:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն մնացածը կախված է հայկական դիվանագիտության նախաձեռնողականությունի՞ց, պարոն Մեհրաբյանն արձագանքեց. «Այո, բայց ոչ միայն, քանի որ այստեղ նաև Հայաստանի շահերին համահունչ շահեր ունեցող սուբյեկտների հետ պետք է Հայաստանը դա անի: Համենայն դեպս, նման սուբյեկտ Ռուսաստանը չէ: Նկատի ունեմ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, եվրոպական գործընկերներին»:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` մի բան հստակ է. Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի որևէ ռուսական հարթակում հարցի քննարկմանը, իսկ նման փորձեր հաստատ կարվեն: Փորձ կարվի նաև հակամարտության կարգավորումը դուրս բերել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից, հունը փոխել դեպի ռուս-ադրբեջանական գործարքի հարթություն հայկական շահերի հաշվին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031