Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն Բարսելոնում. նոր մանրամասներ

Օգոստոս 17,2017 22:10

Բարսելոնի զբոսաշրջային կենտրոնում՝ Ռամբլա փողոցի վրա, մեքենան մխրճվել է անցորդների մեջ: ԶԼՄ-ների տեղեկություններով զոհվել է 13 մարդ, մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն մեկ մարդ է զոհվել, վիրավորվել՝ 32-ը, որից 10-ի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկանությունը կատարվածը քննում է որպես ահաբեկչություն: Հաղորդվում է, որ մեքենայում եղել է երկու մարդ. նրանցից մեկը, ըստ ԶԼՄ-ների, թաքնվել է Luna De Istanbul ռեստորանում, երկրորդի գտնվելու վայրը հայտնի չէ:

Ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարձակալվել էր Դրիս Օուքաբիր անունով տղամարդու կողմից: Բացի այդ, ոստիկանները գտել են ևս մեկ մեքենա, որը կարող էր օգտագործվել ահաբեկիչների կողմից: Մեքենան հայտնաբերվել է  Burger King ռեստորանի հարևանությամբ:

Իսպանիայի ոստիկանությունը, թեև Բարսելոնի բնակիչներին և զբոսաշրջիկներին խնդրել էր տեսագրություն և լուսանկարներ չտարածել դեպքի վայրից, այնուամենայնիվ համացանցում արդեն տարածվել է կատարվածի տեսագրությունը:

Ահաբեկչության ականատեսներից մեկը պատմել է, որ տարածքը շրջափակված է ոստիկանական մեքենաներով, յուրաքանչյուր խաչմերուկի վրա կա 2-3 ոստիկանական մեքենա: Գնացքներն ու մետրոն շրջանցում են կենտրոնական կայարանները: Մետրոյի երկու գիծ փակ է: Քաղաքում փողոցները դատարկ են, խանութները՝ փակ: Կատալոնիայի ոստիկանություն տարհանում է 100-ավոր մարդկանց, որոնք ահաբեկչությունից հետո փակված են մնացել գրասենյակներում և առևտրի կենտրոններում: Տաքսիները մարդկանց տեղափոխում են անվճար: Տեղի իշխանությունները մարդկանց խնդրել են միմյանց չզանգահարել հեռախոսներով ցանցը չծանրաբեռնելու համար, այլ շփվել սոցցանցերով:

Կատալոնիայի կառավարության ղեկավարը և Բարսելոնի քաղաքապետը դադարեցրել են արձակուրդը և վերադարձել քաղաք. այժմն նրանք գտնվում են դեպքի վայրում:

Բարսելոնի ահաբեկչությանն իրենց ցավակցություններն ու աջակցությունն են հայտնել աշխարհի առաջնորդները:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իսպանիային՝ ահաբեկչությունը հետաքննելու հարցում:

«Բարսելոնի միջադեպը ահաբեկչության նշաններ ունի… ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իսպանիային Բարսելոնի հարձակումը հետաքննելու հարցում»,- ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ մտքերը տուժածների հետ են: Մենք միասին կպայքարենք ահաբեկչության դեմ»:

Կատարվածը դատապարտել է նաև ԵԱՀԿ նախագահ և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: «Սարսափելի տեղեկություններ են հասնում Բարսելոնից: Ես ամենակոշտ ձևով դատապարտում եմ այդ դաժան ահաբեկչական գործողությունն անմեղ մարդկանց դեմ: Իմ մտքերը տուժածների հետ են: Ահաբեկչությունը չի անցնի»,- գրել է նա Twitter-ում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031