Էդուարդ Շարմազանով. «Եթե ԵԱՏՄ չմտնեինք, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ պետք է վաճառվեին»

Էդուարդ Շարմազանով. «Եթե ԵԱՏՄ չմտնեինք, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ պետք է վաճառվեին»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օգոստոսի 17-ին գործադիր մարմնի նիստ էր գումարել: Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը վարել է ՀՀ նախագահը, քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցեր, նաեւ ՀՀ նախագահի այցը ԻԻՀ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հավասարակշռված մոտեցում ԼՂՀ-ի հարցում, նախագահ Ռոհանին ասել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ նշեց, որ սեպտեմբերից ՀՀԿ-ի քաղաքական մեծամասնությունը պետք է ակտիվ աշխատանքի անցնի. «Մեզ սպասվում է լուրջ աշուն խորհրդարանում, մանավանդ նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հարցն է քննարկվելու: ՀՀԿ-ն ավելի կկոնկրետանա սեպտեմբերին ու կներկայացնի իր թեկնածուներին»:

Խոսելով ՀՀ եւ ԻԻՀ էներգետիկ համագործակցության մասին, Շարմազանովը հավելեց. «Պարոն նախագահը հստակ տվել է մեր տեսակետը ԻԻՀ-ի հետ էներգետիկ, համագործակցության խորացման վերաբերյալ, մենք պատրաստ ենք առարկայական խորացնել մեր հարաբերությունները, խոսվել է Հյուսիս-հարավի գործարկմանը եւ մնացած հարցերի վերաբերյալ: Հյուսիս-Հարավը ամենաանվտանգ ճանապարհն է դեպի Եվրոպա Իրանի համար»:

Պատասխանելով լրագրողի հարցին, բանախոսը ասաց, որ ինքը չի լսել, թե Ելք դաշինքը պատրաստ է ներկայացնել նախաձեռնություն` Հայաստանի` Եվրասիական միությունից դուրս գալու վերաբերյալ. «Եթե Հանրապետություն կուսակցությունը եւ Լուսավոր Հայաստանը հայտնել են իրենց տեսակետը, ապա Քաղաքացիական պայմանագրի կողմից չենք լսել հստակ դիրքորոշում: Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է…Առաջարկում ենք ոչ թե խոսել էմոցիաներով, այլ կոնկրետ առաջարկներով ու փաստերով… Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք, թե կոնյակը, որ բրենդի է կոչվում` Ֆրանսիայում… ԵԱՏՄ ներկայացուցիչ լինելը չի նշանակում, որ չպետք է զարգացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ հայկական կողմը միշտ կողմ է եղել, որ դիպուկահարները դուրս բերվեն շփման գծից: Նա նաեւ նշեց, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ համանախագահները հանդիպում են նախատեսում առաջիկայում, սակայն ինքը շրջադարձային ակնկալիքներ չունի այդ հանդիպումից:

Ասուլիսում խոսք գնաց նաեւ ՌԴ-ԱՄՆ փոխադարձ պատժամիջոցների եւ Հայաստանի վրա այդ ամենի անդրադարձի վերաբերյալ: Շարմազանովն այս մասին ասաց. «Մենք մեկուսացված չենք ապրում, եւ թե ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում գլխավոր խաղացողներից են, չեմ կարծում, որ փոխադարձ պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա Հայաստանի վրա, բայց մենք պետք է սպասարկենք Հայաստանի շահը, մանավանդ ՌԴ մեր գլխավոր դաշնակիցն է, ԱՄՆ-ը մեր շատ կարեւոր գործընկերը»:

Ինչ վերաբերում է վերջին օրերի անտառային հրդեհներին, ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ նախագահը տեղյակ է խնդրին, եւ նման խնդիրներից ապահովագրված չէ ոչ մի երկիր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք