Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի թերակղզին ամբողջությամբ փոխելու են, բերելու են բարվոք տեսքի

Օգոստոս 18,2017 14:00

«Սեւան ազգային պարկի» տնօրենը պատմում է, թե Սեւանի ափամերձ տարածքներում իրականացվելիք ներդրումային ծրագրերով ինչպես են ազատվելու կիսափլված «բեսեդկաներից»:

Այսօր Սեւանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտներ կան: Բացառությամբ 4-5 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած տաղավարներ, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ եւ այլն: Լողափերի տերերը մարդկանց անվտանգության հետ կապված հարցերին էլ մատների արանքով են նայում: Մինչդեռ հովեկների հանգիստը կազմակերպելու համար նշյալ տնտեսվարողները, պետք է պարտադիր փրկարարներ ունենան, տեխնիկական միջոցներն էլ համապատասխանի անվտանգության կանոններին: Փոխարենը նրանք մեծ պարտաճանաչությամբ տարածք մուտք գործած յուրաքանչյուր ավտոմեքենայից 5 հազար դրամ են գանձում` տրամադրելով կիսափլված ու ներկը թափած «բեսեդկաներ», հնացած ու գունազրկված հովանոցներ, կիսաջարդ «տապչաններ» եւ այլ պարագաներ: Ընդ որում, գանձումների դիմաց հանգստացողներին կտրոն չեն տալիս: Այսինքն՝ գործում են ստվերում:

Սեւանն իր շրջակայքով համարվում է Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը, որի վրա էլ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացնելու շեշտադրում է անում, սակայն այս տեմպերով դժվար թե Սեւանա լճի տարածք հյուրընկալված զբոսաշրջիկները, մասնավորապես` օտարերկրացի, որոնք կնախընտրեն օգտվել ավելի համեստ հանգստյան գոտիներից, երկրորդ անգամ այստեղ ոտք դնեն կամ իրենց ծանոթներին խորհուրդ տան Սեւանում հանգստանալու:


Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի ամիս առաջ մարզերից ներդրումային ծրագրեր ուզեց: Ի՞նչ ներդրումային ծրագրեր կան Սեւանում՝ «Առավոտի» հարցին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց, որ ներդրումային տասը ծրագիր արդեն ռեալ է: Ըստ պարոն Գուլանյանի, հողը լինելու է պետական սեփականություն, բայց վրայի շենք-շինությունները` սեփական: Բոլոր ծրագրերն էլ նախատեսված են Սեւանի ափամերձ հատվածների համար:

Սեւանում իրականացվող ծրագրերից մեկը, Վահե Գուլանյանի խոսքով, որը որ եւ ամենախոշորն ու «ամենաամիբիցիոզն» է, լինելու է Գավառի ճանապարհի վրա` Նորաշեն համայնքի մերձակայքում. «Այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին, լինելու է զբոսաշրջային գոտի, որը 70 միլիոն դոլարի չափով արժեք է ունենալու: Ներդրողն արդեն կա՝ Ամերիկայի հայ է: Շատ ամերիկահայեր մասնակցելու են այս ծրագրին: բավականին լուրջ ծրագիր է»,-ասաց մեր զրուցակիցը:

Երկրորդ ծրագրի ներդրողը ֆրանսիահայ է, որի նախագիծը կյանքի կկոչվի Լճաշեն համայնքի հարակից տարածքում: Գործարարն արդեն 800 հազար դոլարի ներդրում արել է, ըստ Վահե Գուլանյանի, շուտով եւս մեկ միլիոն դոլար եւ ավելի ներդրում էլ կանի: Երրորդը` Հին քաղաքի նախագիծն է, որը ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ բավականին խոշոր ծրագիր է`120 միլիոն դոլար արժողությամբ. «Սա լինելու է մասնակցային ֆոնդի պես, յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է այնտեղ հանգստի հատված ունենալ, կարող է ունենալ: Մյուսը` «Լավանդա Սիթիին» հարակից տարածքում է լինելու` առանձնատնային ավանի պես, որը, իմ կարծիքով, կսկսվի եկող տարի կամ մյուս տարի: Թերակղզին ամբողջությամբ փոխվելու է, այն բերելու ենք բարվոք տեսքի: Սա էլ կսկսենք սեպտեմբերից»:


Ծրագրերից մեկը նախատեսված է Ծովագյուղ համայնքի հատվածում: Պարոն Գուլանյանի խոսքով, այստեղ էլ լինելու է մեծ «Գրանդ Սաֆարի»` իր գրանդ պարկով.
«Այնտեղ նաեւ հանրային լողափ է լինելու: Հին ձկնորսական քաղաք է կառուցվելու, շրջակայքում լինելու է Սաֆարի պարկ, ձիարշավարաններ եւ այլ ժամանցային տուրեր»:
Մեր այն դիտարկմանը, թե Շորժայի հատվածում ափամերձ տարածքները անխնամ են ու հանգստյան գոտիներ էլ կարծես թե չկան, ինչի պատճառով շատ ենթակառուցվածքներ այդտեղ զարգացած չեն, ճանապարհները անորակ, «Սեւան ազգային պարկի» տնօրենն ասաց, որ դեպի Շորժա տանող հատվածում էլ ներդրումներ են նախատեսում: Մասնավորապես` Դրախտիկ չհասած երկու հեկտար տարածքի վրա լինելու է փայտից եւ թեթեւ կոնստրուկցիաներով գեղեցիկ հանգստի գոտի, որը մեկ միլիոն դոլարի ներդրում է նախատեսում. «Շորժայի հատվածում առանձնատնային ավանի պես է լինելու, որը արեւային էներգիայով է ջեռուցվելու»:

ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, ամենահեռանկարային ծրագրերից մեկն էլ «Յախտ կլուբն» է (զբոսանավային ակումբ), որը նախատեսված է հիմնել «Կապուտակ Սեւան» հանգստյան գոտուց այն կողմ: Մեկն էլ թերակղզու մոտակայքում. «Սա կարող է միջազգային օլիմպիական կենտրոն դառնալ, քանի որ Սեւանն ինքը լիճ է, բայց ունի լավ քամիներ եւ ցածր ալիքներ: Այս սպորտաձեւի զարգացման համար դա առաջին պայմանն է: Պատկերացրեք ծովերում, օվկիանոսներում ինչ ալիքներ կան, իսկ Սեւանն ինքը լավ մեծություն ունի, որտեղ կարելի է այս սպորտաձեւը զարգացնել: Իդելական պայմաններ են միջազգային օլիմպիական կենտրոն հիմնելու համար»:

Զբոսանավային ակումբի ծրագրի իրականացման ժամկետներն, ըստ մեր զրուցակցի, դեռեւս հայտնի չեն: Տասը ծրագրերից բացի, ըստ Վահե Գուլանյանի, տասնյակ գաղափարներ էլ ունեն, բայց դրանք դեռ մշակման փուլում են. «Մյուսները փուլ առ փուլ նախագծում ենք, որ ներդրողներին ներկայացնենք»: Պարոն Գուլանյանն ասաց, որ բոլոր այս ծրագրերն էլ մանրամասն ներկայացվել են վարչապետ Կարեն Կարապետյանին եւ քննարկվել են ու հավանության արժանացել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031