Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ երկխոսություն է ստեղծվել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ»

Օգոստոս 19,2017 14:00

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը նշում է իր 15-ամյակը

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն այս տարի տոնում է 15-ամյակը: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի հետ:

Մեր հարցին` արդյոք արդարացված համարո՞ւմ է սպասելիքները, տիկին Սարիբեկյանը պատասխանեց. «Երբ ասում են 15 տարի, թվում է, թե շատ երիտասարդ պետք է լինի կազմակերպությունը, բայց երբ պատրաստվում էինք մեր 15-ամյակի միջոցառումներին ու փորձում էինք հետ նայել ու դիտարկել մեր բոլոր ձեռքբերումները, տեսանք, որ հպարտանալու տեղ ունենք` թե մշակույթի, թե անգլերենի եւ թե ընդհանրապես քաղաքացիական հասարակության ոլորտում բավականին մեծ ներդրում ենք ունեցել, որը մնայուն արդյունք է տվել: Ուրախ ենք այն ամենով, ինչ արել ենք եւ այն ծրագրերով, որ ունենք: Այդ ամենը հնարավոր է դարձել թե պետական, թե բիզնես կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ու լրագրողների հետ մեր համագործակցության շնորհիվ»:

Քանի որ Բրիտանական խորհուրդը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մշակույթի եւ կրթության ոլորտում, հետաքրքրվեցինք, թե հատկապես որո՞նք են հիմնաքարային ու առանձնահատուկ համարվում: «Մեր առաջնահերթ ոլորտներից մեկը մշակույթն է, քանի որ Բրիտանական խորհուրդը կազմակերպություն է, որը կարեւորում է միջմշակութային համագործակցությունը եւ վստահություն է փորձում խրախուսել Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների միջեւ: Երկրների մերձեցման համար մշակույթը լավագույն միջոցն է, այս ոլորտում կան մի շարք ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը կցանկանայի առանձնացնել: Դրանցից մեկը մեր շատ սիրված Բրիտանական ֆիլմերի փառատոնն է, որն այս տարի 15-ամյակը նշեց Բրիտանական խորհրդի 15-ամյակի հետ միասին: Հաշվի առնելով տեխնոլոգիայի զարգացումը` կարելի է ֆիլմեր դիտել ցանկացած մեթոդներով, սակայն մեր ֆիլմերի փառատոնը մեզ համար հատկապես սիրելի է այն առումով, եւ այն ընդունված է, տարեցտարի ավելանում է մարդկանց թիվը, որոնք մասնակցում են Բրիտանական ֆիլմերի փառատոնին, մենք փորձում ենք միշտ մասնագետներ հրավիրել Մեծ Բրիտանիայից, որոնք իրենց փորձն են կիսում երիտասարդ հայ մասնագետների հետ, լինում են տարբեր միջոցառումներ` առցանց, առերես… Ես շատ գնահատում եմ նաեւ Հայաստանում գործող մեծ փառատոների հետ մեր համագործակցությունը, ինչպիսիք են «Հայֆեստը», «Ոսկե ծիրանը», որոնց շրջանակում փորձում ենք ներկայացնել Մեծ Բրիտանիան: Հայաստանյան համարյա բոլոր փառատոների հետ փորձում ենք համագործակցել, այդ թվում՝ «Ռեանիմանիայի», «Կին» փառատոնի, թեկուզ փոքր մասնակցություն անպայման ունենում ենք:

Մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումներից է Ֆորում թատրոնի գաղափարը, որ 2006թ. ներմուծեցինք Հայաստան: Ես շատ ուրախ եմ, որ դա ոչ միայն անցավ վարպետաց դասերի եւ թրեյնինգների մակարդակով, այլ ստեղծվեց առաջին Ֆորում թատրոնը, ու այդ թատրոնից այժմ տարբեր կազմակերպություններ են ստեղծվել, գրանցվել եւ ոլորտը Հայաստանում արդեն զարգանում է` անկախ Բրիտանական խորհրդից: Ամենաշատ ներկայացվածը մեր ներառականության ծրագիրն է, որը 2013-ին ստեղծվեց: Այն հավակնոտ եւ միաժամանակ համարձակ ծրագիր էր, քանի որ պետք է աշխատեինք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, մի շարք խնդիրներ էին դրված` նախ պետք էր մարդկանց փակվածության կարծրատիպերը կոտրել, եւ հաշմանդամություն ունեցող մարդու` միանգամից բեմի վրա որպես դերասան ելույթ ունենալը, համարձակ քայլ էր: Նաեւ հանրության մոտ կոտրվեցին կարծրատիպերը: Այսօր արդեն ունենք դերասաններ, որոնք հաշմանդամություն ունեն եւ հավասար մասնագիտական մակարդակով կարողանում են ելույթ ունենալ: Այս ծրագիրը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, եւ դա երկու կազմակերպությունների շնորհիվ էր` բրիտանական «Կանդուկո» ներառական պարային խմբի եւ Հայաստանի փոքր թատրոնի: 2016 թ. մեր խումբն արդեն Անգլիայում ելույթ ունեցավ, եղան հրավերներ տարբեր երկրներից: Մեկ այլ ծրագիր էլ կցանկանայի նշել, դա ԵՄ ծրագիրն է, որի միջոցով փորձում ենք Հայաստանում խրախուսել մշակութային ոլորտի կայուն զարգացմանը՝ հատկապես ֆինանսական առումով: 3 տարվա ընթացքում մի շարք թրեյնինգներ են եղել մշակութային ոլորտի ներկայացուցիչների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով, այցելություններ, փորձի փոխանակում թե Մեծ Բրիտանիայի, եվրոպական տարբեր երկրների եւ թե հենց Արեւելյան Գործընկերության երկրների հետ միասին»,-մանրամասնեց տիկին Սարիբեկյանը:

Բացի մշակութային ոլորտից, նա իրենց երկրորդ առաջնահերթությունը համարում է անգլերենի զարգացումը: «Ցանկացած համագործակցության համար լեզվի իմացությունը շատ կարեւոր է, ու ես ուրախ եմ, որ Հայաստանում անգլերենի դրվածքն արդեն իսկ շատ լավ է: Այս 15 տարիների ընթացքում մենք բազմաթիվ առցանց ռեսուրսներ ենք անվճար տրամադրել, եղել են տարբեր վերապատրաստման ծրագրեր, մոտ 2500 անգլերենի ուսուցիչ ներգրավված է եղել մեր ծրագրերում, տեղեկացրել անգլերենի վերջին տարիների զարգացումներին: Նաեւ Հայաստանում անցկացնում ենք անգլերենի քննություններ, տարեկան 2000 հոգի անցնում է մեր IELTS -ի քննությունը եւ տարբեր մասնագիտական քննություններ` հաշվապահության, ֆինանսական եւ այլ ոլորտներում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Անդրադարձ եղավ կրթության ոլորտին: Արեւիկ Սարիբեկյանը հիշեցրեց, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում բավական մեծ ծրագիր են իրականացրել վերջին 15 տարիների ընթացքում, որի արդյունքում հայաստանյան երկու քոլեջներ համագործակցություն են սկսել Մեծ Բրիտանիայի երկու քոլեջների հետ, կայացել են փոխայցելություններ, փորձի փոխանակում, Հայաստանում մշակվեցին մի քանի ծրագրեր:

«Քաղաքացիական հասարակության ոլորտում էլ ենք իրականացրել ծրագրեր, որոնք մեծ արձագանք են ստացել, օրինակ, քաղաքական ոլորտում կնոջ դերի բարձրացմանն ուղղված ծրագիրը, որի արդյունքում 5 տարի Նա /Նե լրագրողական մրցույթն էինք կազմակերպում: Եղել են լրագրողների համար ծրագրեր, այցելություններ Մեծ Բրիտանիա, փորձի փոխանակում: Թերեւս ամենամեծ ծրագիրը, որը մեծ արդյունք է տվել, դա սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրականացվածն է` ԵՄ ֆինանսավորմամբ եւ hասարակական կազմակերպությունների օրենքի վրա մեր աշխատանքը: Իհարկե, այդ օրենքի վրա շատ այլ կազմակերպություններ էլ են աշխատել, երկար գործընթաց է եղել, մենք վերջին երկու տարիներին խորհուրդներով, մեր մասնագիտական փորձը կիսելով աջակցեցինք, ուրախ եմ, որ օրենքն արդեն ընդունվել է: Մեր ծրագիրը հենց մարզային հ/կ-ներին էր ուղղված: Ուրախ եմ, որ ծրագրի արդյունքում ստեղծվեց առաջին սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիան` մարզային հ/կ-ների կողմից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Բրիտանական խորհրդի համար հոբելյանական տարում արդեն կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը, «Ոսկե ծիրանի» շրջանակներում կայացել Բրիտանական ֆիլմերի օրեր, ամենասպասվածը, սակայն, հոկտեմբերին «Կանդուկո» պարային խմբի միջազգային լաբորատորիա միջոցառումն է լինելու: «Շատ ուրախ եմ, որ միջազգային լաբորատորիան մեզ մոտ կանցկացվի, եւ մեր տարածաշրջանից կգան Հայաստան վերապատրաստվելու: Մեր փոքր թատրոնն էլ իր ներդրումը կունենա: Իրենք նաեւ ելույթ կունենան «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում: Նոյեմբերին սպասում ենք հանրահայտ Ջերոմի Հարմերի այցին, որը մեծ անուն է անգլերենի դասավանդման ոլորտում, կլինեն վերապատրաստման միջոցառումներ, անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան շփվել նրա հետ: Այս մասնագետը հետաքրքիր է նրանով, որ սիրում է երգել եւ երգերի միջոցով Շեքսպիրը ներկայացնել: Նաեւ մեծ ընդունելություն է նախատեսված, միջոցառում լրատվամիջոցների հետ, որի մանրամասները չենք բացահայտում, որպեսզի անակնկալը ստացվի»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Իրականացված ծրագրերի թվում նա խոսեց նաեւ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Երկխոսություն սահմանների միջեւ» նորաձեւության ծրագրից, որը իսկապես յուրատեսակ մշակութային երկխոսություն էր Հայաստանի եւ 5 եվրոպական երկրների միջեւ` նորաձեւության լեզվով: 5 հայ դիզայներ, 5-ն էլ եվրոպական երկրներից, փոխայցելություններից հետո համատեղ ստեղծեցին 20 կտորից կազմված հավաքածու, որը ներկայացնում էր Հայաստանի եւ տվյալ եվրոպական երկրի մշակութային առանձնահատկությունները: Հավաքածուն բոլոր այդ երկրներում ցուցադրվեց եւ մեծ արձագանքի արժանացավ, այժմ այն պահվում է Երեւան քաղաքի պատմության թանգարանում:

Մեր զրույցի ժամանակ խոսեցինք նաեւ Արեւիկ Սարիբեկյանի` Բրիտանական խորհրդում աշխատանքի անցնելու հետաքրքիր դրվագներից: Երբ մի շարք երկրներում բրիտանական խորհուրդների ղեկավարները բրիտանացիներ են, 2007-ին, անսովոր էր թվում, որ հայաստանցի ղեկավար պետք է ունենա կառույցը:
Արեւիկ Սարիբեկյանը դա պայմանավորում է բրիտանական կողմից մեծ վստահությամբ եւ հայաստանյան համապատասխան ռեսուրսի առկայությամբ:
Մինչ 2007թ. Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար նշանակվելը, Արեւիկ Սարիբեկյանն արդեն երկու տարի էր, ինչ աշխատում էր Բրիտանական խորհրդում որպես ծրագրերի ղեկավար: «Մեր տարածաշրջանում երկու տեղացի տնօրեն կային` ես ու Կոսովոյի գրասենյակի ղեկավարը: Ուրախ եմ, որ կարողացանք ապացուցել, որ դա աշխատող մեխանիզմ է ու Բրիտանական խորհրդի գրասենյակի կառավարումը կարելի է հանձնել տվյալ երկրի ներկայացուցչին: Իմիջիայլոց, իմ աշխատանքի անցնելը Բրիտանական խորհրդում հետաքրքիր է եղել: Մինչ այդ աշխատում էի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունում, եւ երբ առաջին անգամ դիմեցի Բրիտանական խորհուրդ, դուստրս 2 ամսական էր, դեռ չէի մտածում աշխատելու մասին, բայց ուզում էի տեսնել, թե ինչ հնարավորություններ կան: Դիմեցի Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավարի պաշտոնի համար, եւ ինձ վերցրին, ու քանի որ այդ պաշտոնին աշխատող մարդը դեռ 4 ամիս էլ աշխատելու էր, ինձ ասացին, որ ընդունված եմ, բայց 4 ամիս հետո պետք է գամ աշխատանքի: Դա ինձ համար իդեալական տարբերակ էր, քանի որ կարող էի մեծացնել դստերս:

Աշխատանքի անցա 2005թ. ապրիլի 1-ից: Երբ տնօրենի պաշտոնի հայտարարությունը եղավ, արդեն սպասում էի իմ երկրորդ փոքրիկին: Ես այնքա՜ն գնահատում եմ Բրիտանական խորհրդի հավասար հնարավորությունների քաղաքականությունը, որովհետեւ դրա շնորհիվ է, որ ես այսօր տնօրեն եմ: Բրիտանացի տնօրենից հետո հայաստանցի պետք է լիներ, բացի այդ, ես բալիկ էի ունենալու եւ նորից արձակուրդ էի գնալու, սակայն ի զարմանս ինձ, ինձ վստահեցին այդ պաշտոնը: Ընտրեցին ու գնացի աձակուրդ: Իսկ երբ 2007 թ. ապրիլի 1-ից եկա աշխատանքի որպես գրասենյակի տնօրեն եւ բացեցի իմ էլեկտրոնային փոստը, որտեղ մի քանի նամակ կար, որոնցից մեկը բողոք քննություններից, մյուսը վերաբերում էր ֆինանսական համակարգի փոփոխությանը, ես քիչ էր մնում զղջայի, որ դիմել եմ այդ պաշտոնի համար (ծիծաղում է-Գ.Հ.): Հետագայում, բնականաբար, ամեն ինչ հաղթահարեցի, եւ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել Բրիտանական խորհրդում, մի պաշտոնում, որի միջոցով Հայաստանը ներկայացնում ես Մեծ Բրիտանիայում, եւ Բրիտանիան՝ Հայաստանում: Ես նաեւ ղեկավարում եմ Հավասար հնարավորությունների եւ բազմազանության քաղաքականությունը ողջ տարածաշջանում, շփվում եմ 16 երկրների հետ, փորձում եմ, որ մեր փորձը կիրառվի բոլոր գրասենյակներում, վերապատրաստման ծրագրեր ենք իրականացնում… Ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած մարտահրավեր այս պաշտոնում հնարավոր է եղել հաղթահարել մեր հրաշալի թիմի շնորհիվ: Յուրաքանչյուր կազմակերպությունում կա պաշտոնների հիերարխիա, ղեկավարություն, օգնական եւ այլն, ինչն իրոք անհրաժեշտ է, բայց մենք ամեն ինչ քննարկում եւ որոշում ենք միասին»,-հպարտությամբ նշում է մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելում է. «Բրիտանական խորհուրդը այն կազմակերպություններից է, որտեղ ոչ մի ձեռքբերում միայնակ չի նշվում, քանի որ ցանկացած ձեռքբերում համագործակցության արդյունք է: Բրիտանական խորհուրդն ընդունվում է պետական կառույցների կողմից, մենք ծրագրեր ենք իրականացնում տարբեր կառույցների, միջազգային եւ բիզնես կազմակերպությունների հետ: Շատ մեծ է աջակցությունը քաղաքացիական հասարակության կողմից: Մեր թիմը 10 հոգուց է բաղկացած, եւ չէին լինի մեր բազմաթիվ հաջողությունները, եթե չլինեին մեր հրաշալի գործընկերները: Լրագրողների մասնակցությունը նույնպես շատ կարեւոր է, մեր ցանկացած միջոցառում լայնորեն լուսաբանվել է, ինչը հնարավորություն է տվել մեզ հասանելի լինել հանրությանը: Կարծում է, որ այս տարիների ընթացքում բավական լավ երկխոսություն է ստեղծվել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Ունենք հրաշալի ծրագրեր, օրինակ, HSBS բանկի ֆինանսավորմամբ մարզերի մի քանի դպրոցներում բացելու ենք անգլերենի ակումբներ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան դասերից դուրս անգլերեն սովորել, մեծ քանակությամբ գրականություն ենք տրամադրելու, վերապատրաստելու ենք ուսուցիչներին: Իսկ ավելի մեծահասակներին կտանք առաջնորդության հմտություններ, մեր միջոցառումների շնորհիվ կնպաստենք քննադատական, վերլուծական մտածողության զարգացմանը, այդպես կմեծանա նրանց ինքնավստահությունը, եւ կընդլայնվեն աշխատանք գտնելու հնարավորությունները…»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031