Սահակաշվիլին խաղից դո՞ւրս:  Իսկ մե՞նք

Սահակաշվիլին խաղից դո՞ւրս:  Իսկ մե՞նք

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս փաստը բուռն խոսակցությունների ու վերլուծությունների առիթ տվեց ողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում:  Աշխարհում, ինչպեսև Հայաստանում, կան Վրաստանի նախկին նախագահին սիրողներ և չսիրողներ: Սիրողները հիմնականում արևմտամետներն են, չսիրողները՝ ռուսամետները: Սա, իհարկե, տրամաբանական ու բնական է, և նմանապես տրամաբանական ու բնական է, որ, ի տարբերություն Սահակաշվիլիի, նրան Ուկրաինայի քաղաքացիությունից զրկած Պորոշենկոն կողմնակիցներ ու համակիրներ չունի՝ ո′չ արևմտամետների մեջ և ոչ էլ, բնականաբար, ռուսամետների:

Անկախ՝  Սահակաշվիլիի հետ նրա ունեցած հակասություններից ու տարաձայնություններից: Ինչ վերաբերում է այդ երկուսի տարաձայնություններին ու հակասություններին, դրանք բոլորովին վերջերս ի հայտ եկան, իսկ մինչ այդ Սահակաշվիլին համարվում էր Պորոշենկոյի քաղաքական հենարաններից ոչ երկրորդականը, և, որ ամենակարևորն է, ինքը՝ Պորոշենկոն էլ էր այդպես համարում:  Եթե այդպես չհամարեր, նրան ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիություն չէր տա, այլև չէր նշանակի Օդեսայի նահանգապետ: Այդ հիմա է Պորոշենկոն հայտարարում, որ Սահակաշվիլիին Օդեսայի նահանգապետ նշանակելիս անտեղյակ է եղել, որ վերջինս Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է գտնվել, բայց Պորոշենկոյի այս «ինքնարդարացմանը» որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, որովհետև ավելի քան անլուրջ նախագահ պիտի լինես, որպեսզի անտեղյակ լինես, որ նահանգապետդ և զինակիցդ հետախուզման մեջ է գտնվում: Եթե այս երկուսի թշնամությունն այս տեմպերով շարունակվի, չի բացառվում, որ մի օր էլ Պորոշենկոն Սահակաշվիլիին արտահանձնի Վրաստանի իշխանություններին: Շատ հնարավոր է, որ Սահակաշվիլիի արտահանձնումը նաև Ռուսաստանի ցանկությունների ոլորտից է: Այսինքն, հնարավոր է, որ այս հարցում Ռուսաստանի ու Վրաստանի իշխանությունների ցանկությունները համընկնում են: Սա ավելի քան հնարավոր է, եթե նաև հաշվի առնենք, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները Սահակաշվիլիի համեմատ ռուսամետ են:Եթե այս հանգամանքը հաշվի առնենք, և եթե հաշվի առնենք նաև, որ քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր, և եթե հաշվի առնենք նաև, որ քաղաքականության մեջ ամեն ինչ է փոփոխական, հնարավոր է, որ մի օր էլ Պորոշենկոն ռուսամետ դառնա: Սահակաշվիլիի ջգրու: Կամ՝ Թրամփի խաթեր: Կամ էլ՝ Պուտինի:

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց քաղաքական գործիչներն էլ են մահկանացու և սովորական մահկանացուների պես իրենք էլ են հիմնականում անձնական շահերով ու ամբիցիաներով առաջնորդվում: Եվ շատ հնարավոր է՝ այս երկուսի ջրերը լավ էլ մի առվով գնային, եթե Սահակաշվիլին իր ելույթներում պարբերաբար չանդրադառնար Պորոշենկոյի կոռուպցիոն հակումներին ու նախասիրություններին: Շատ հնարավոր է, որ այս հարցում դեր խաղացին Սահակաշվիլիի անզուսպ բնավորությունը, ավելորդ ինքնավստահությունն ու մաքսիմալիզմը: Բայց շատ հնարավոր է՝ այլ պատճառներ էլ եղած լինեն: Այնպիսի պատճառներ, որոնք բացարձակապես կապ չունեն կոռուպցիայի հետ, և ավելի շատ կապ ունեն աշխարհաքաղաքական ամենավերջին իրադարձությունների հետ՝ ներառյալ և առաջին հերթին ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների փոփոխական ընթացքն ու այդ հարաբերությունների հետագա անորոշությունը: Այդ անորոշությունը շատերին է անորոշության մեջ գցել, և այդ անորոշության մեջ գտնվողներից շատերը շատ որոշակի ու անսպասելի քայլերի են դիմում: Ասվածը վերաբերում է նաև Սահակաշվիլիին ու Պորոշենկոյին:Դժվար է ասել, թե այս երկուսի հակամարտության շարունակությունն ինչպիսի ընթացք ու արդյունք կունենա, բայց որ շարունակություն լինելու է, ընդ որում՝ շատ բուռն, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Եվ որ շարունակությունն ու ընթացքը կախված են լինելու ոչ միայն անձամբ Սահակաշվիլիից ու Պորոշենկոյից, դա նույնպես հասկանալի է: Նաև հասկանալի է, որ ԱՄՆ -Ռուսաստան հարաբերությունները ոչ միայն Սահակաշվիլիի ու Պորոշենկոյի հարաբերությունների վրա են ազդելու, այլև՝ ողջ աշխարհի վրա: Այդ թվում նաև՝ Հայաստանի: Տա Աստված, որ ԱՄՆ-Ռուսաստան արդեն բավական սրված հարաբերությունները չափից ավելի չսրվեն: Եթե չափից ավելի սրվեն, այդ դեպքում ոչ միայն Սահակաշվիլին ու Պորոշենկոն դժվարությամբ կկողմնորոշվեն, այլև՝ ողջ աշխարհը: Այդ թվում և՝ մենք: Եվ ինչքան էլ մենք իրար մեղադրենք արևմտամետության ու ռուսամետության մեջ, դրանից իրավիճակը չի փոխվի, ավելի ճիշտ՝ իրավիճակն այն աստիճան կփոխվի, որ սինքրոն նաև շատերիս կարծիքներն ու տեսակետները կփոխվեն: Ինչպես որ՝ Սահակաշվիլիի, Պորոշենկոյի ու շատ-շատերի կարծիքներն ու տեսակետներն են փոխվում:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք