Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգլանդի հայտարարությա՞մբ պիտի Պուտինին հիշեցնեն, որ ԱՄՆ-ն կա». Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 24,2017 22:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երեկվա հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Հոգլանդի թվարկած կետերը՝ ասել էր, որ իր մեկնաբանության մեջ Հոգլանդը փորձել է հավատարիմ մնալ եռանախագահների նախկին հայտարարություններին, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զարմացած է՝ ինչու են Հոգլանդի հայտարարությունից աղմուկ բարձրացնում. «Այստեղ ինչ նոր բան կա՞ր, ես զարմանում եմ: Կազանյան փաստաթղթի ստորագրությունից հետո մեր հարցազրույցները հիշեք, ես այստեղ բացարձակ որեւէ նոր կետ չտեսա: Հայաստանում ովքեր քաղաքականությամբ զբաղվում են, բոլորը այդ կետերի մասին գիտեն»:

Թե ինչու Հոգլանդը հիմա որոշեց նման հայտարարություն հանկարծ անել՝ Արմեն Մարտիրոսյանն այսպես է մեկնաբանում. «Մարդը թողնում է համանախագահի պաշտոնը, գնալուց առաջ ասաց այդ կետերի մասին, որոնք մինչեւ այդ էլ են բարձրաձայնվել: Դա ինչ-որ գաղտնիք չի»:

Շատերը դա դիտարկում են Պուտին- Սերժ Սարգսյան հանդիպման համատեքստում: Արմեն Մարտիրոսյանը չի կիսում այդ տեսակետը. «Ճնշման այլ լծակներ կան, լավ էլի: Չեմ կարծում, որ Հոգլանդի ասածն այդ հանդիպմանը որոշիչ նշանակություն պիտի ունենար: Ինչ է, Սերժ Սարգսյանն ու Պուտինը նո՞ր պիտի իմանային, որ այդպիսի կետեր կան»:

Մեր դիտարկմանը, որ ուզում են հիշեցնել, որ մենք էլ կանք, միայն Պուտինը չի որոշում Ղարաբաղի հարցը՝ Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Ամերիկացիները Հայաստանին հիշեցնելու այնքա՜ն խողովակներ ունեն: Պուտինին էլ ուրիշ ձեւ են հիշեցնում: Ամերիկան պիտի Պուտինին հիշեցնի, որ ինքը գոյություն ունի Հոգլանդի հայտարարությա՞մբ: Ուրեմն էներգետիկ ընկերությունների հետ կապված պատժամիջոցները, որ Սենատը սահմանեց օրենքի մակարդակով, դա թողած՝ պիտի Հոգլանդի հայտարարությա՞մբ Պուտինին հիշեցնեն, որ ԱՄՆ-ն կա»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ այս կետերը, որը նշել է Հոգլանդը, մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում առաջացած տարբերակն է. «Իշխանությունները գիտեն, որ հասցրել են դրան ու այլ ճանապարհ չունեն: Բայց հասկանում են, որ ազատագրված տարածքների վերադարձ նշանակում է Ղարաբաղի հայաթափում, Հայաստանի անվտանգության կորուստ, որովհետեւ Ադրբեջանը կարող է այդ դեպքում մի քանի ժամվա մեջ ամբողջովին Արցախը գրավել, դրանից հետո էլ Սյունիքը կարող է վերցնել հանգիստ: Դրա համար հասկանալով այդ ամեն ինչը մենք դեմ ենք եղել: Եթե այս քրեաօլիգարխիկ պետությունը չունենայինք, ուժի միջոցով իշխանության պահպանումը եւ հանրային ռեսուրսների իրացումը չլիներ, այլ լիներ իսկապես պետություն, մենք այսօր այս տարբերակը չէինք ունենա, բոլորովին այլ տարբերակ կունենայինք, այսօր սահմանին այդքան զոհ չէինք ունենա: Կունենայինք վիճակ, երբ ինչպես 94-ի հրադադարից հետո երկար ժամանակ Ադրբեջանը չէր համարձակվում լայնամասշտաբ գործողություններ սկսել, այդ իրավիճակը կունենայինք: Կունենայինք զարգացող Արցախ,  զարգացող Հայաստան, ազատագրված տարածքների՝ Արցախի կողմից նորմալ յուրացում: Այնպես որ, ամբողջ խնդիրը ոչ թե կայանում է նրանում, թե համանախագահներն ինչ են ասում, այլ խնդիրը կայանում է նրանում, թե մենք ինչ պետություն ենք: Հոգլանդի ասածի մեջ մի մազ անգամ նորություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031