Ապրիլյան պատերազմն ու ամերիկյան դիրքորոշումը

Ապրիլյան պատերազմն ու ամերիկյան դիրքորոշումը

Ադրբեջանը, վաղ թե ուշ, պետք է գիտակցի, որ միակ ճանապարհը անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելն է

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը: Մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու առիթ չկա: Դրանք նույն կետերն են, որոնք 2014թ. մայիսի 7-ին ներկայացրել էր նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ելույթ ունենալով Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում:

Օգոստոսի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նույն օրը Ռիչարդ Հոգլանդը ներկայացնելով ԼՂ կարգավորման սկզբունքները` նկատել է. «Նույնիսկ, եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք, միեւնույն է, համաձայն են քննարկել այն, կարծում եմ՝ այժմ հենց դա է կարեւորը»:

Ըստ «Ամերիկայի ձայնի»` հանդիպմանը ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել էր այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի. «Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը: Միտումնավոր չէ, որ տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված, դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»:

Այնուհետեւ, Հոգլանդը հավելել է. «ԱՄՆ-ի ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են` համանախագահի փոփոխությունից անկախ»:Հարկ է նկատել, որ ամերիկյան մոտեցումներում որոշակի նկատելի փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել ապրիլյան պատերազմից հետո:

Պաշտոնական Վաշինգտոնն իր հրապարակային ելույթներում հայկական կողմի պահանջը` կապված ԼՂ կարգավիճակի որոշման դիրքորոշման հետ, անվերապահորեն արձանագրել է մի քանի անգամ:

Նախ, ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծեց 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը, որում ամերիկացի պաշտոնյաները կարեւոր շեշտադրումներ արեցին` ընդգծելով, որ կարեւոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է:

Ապա` նրանք հավելել էին, որ նախագահները համաձայն են, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, հայկական կողմը ցանկանում է, որ դա հնարավորինս շուտ կազմակերպվի, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամկետներն ու ձեւերը քննարկման հարց են։ Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է: Ուրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու»։

Պաշտոնական Վաշինգտոնն, այսպիսով, ընդգծել էր, որ ամենակարեւոր հարցերից մեկը ԼՂ կարգավիճակը որոշելն է, ինչը պաշտոնական Բաքվի համար անընդունելի պահանջն է: Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները հարկ էին համարել նաեւ անդրադառնալ ռուսական խաղաղապահների վերաբերյալ հարցին: Նրանք նշել էին, որ կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ, եւ առավելապես կենտրոնանում են վստահության ամրապնդման ջանքերի վրա։

Այսինքն, այստեղ եւս` հայկական կողմի պահանջի հետ համահունչ, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառումը ամերիկյան կողմի համար միանշանակ էր, ինչպես նաեւ այն, որ կողմերը պետք է հավատարիմ մնան 1994թ. զինադադարի համաձայնագրին։ Ի դեպ, հիշեցնենք, որ Ադրբեջանը 2016թ. ապրիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ, որով փորձ էր անում չեղարկել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի եռակողմ համաձայնագիրը:

Սակայն Ալիեւի ջանքերն ապարդյուն անցան, քանի որ միջնորդները շարունակում են պնդել զինադադարի համաձայնագրերի կիրառման կարեւորությունը: Ավելին` 1994թ. զինադադարի համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, եւ Պետդեպի մակարդակով այս մասին հիշեցնելը, գրեթե դիվանագիտական ապտակ է Ալիեւի համար:

Ամերիկյան դիրքորոշման հաջորդ արտահայտում կարելի է համարել 2016թ. սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքս» գործակալությանը տված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի այն ժամանակվա համանախագահ Ջեյմս Ուորլիքի ծավալուն հարցազրույցը, որում նա շեշտեց սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնությունը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 16-ին Վիեննայում, այնուհետեւ վերահաստատվել էր` հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման ժամանակ:

Ուորլիքն ասել էր. «Վերջերս Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունեց երկու նախագահներին: Որպես հետեւանք՝ մենք կցանկանայինք տեսնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, ինչպես նաեւ պայմանավորվածություններ՝ խաղաղության գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ: Ահա թե ինչի վրա է պետք աշխատել»:

Այսինքն՝ ամերիկացի այն ժամանակվա համանախագահը եւս փաստել էր, որ վերոնշյալ հարցերում չկա առաջընթաց: Հարկ է նկատել, որ հայկական կողմը անիմաստ է համարում այդ պահանջի չկատարման պայմաններում Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը: Այնուհետեւ Ուորլիքը շեշտել էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ժամանակավոր համանախագահի պաշտոնը ստանձնած Ռիչարդ Հոգլանդին այս տարվա մարտի վերջին տարածաշրջանային այցի ընթացքում Երեւանում «Առավոտը» հարց էր ուղղել, որ անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ԱՄՆ-ը մի քանի անգամ հստակ արտահայտել էր ԼՂ հակամարտության կարգավորման բանաձեւը` «տարածքներ` կարգավիճակի դիմաց», որը, ըստ էության, համընկնում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, այժմ ամերիկացի համանախագահը կարո՞ղ է հաստատել, որ Սպիտակ տան նոր վարչակազմի օրոք պաշտոնական Վաշինգտոնի նշյալ դիրքորոշումը պահպանվել է: Հոգլանդը պատասխանել էր. «Այո՛, մենք ունենք նոր նախագահական վարչակազմ Վաշինգտոնում, բայց վստահեցնում եմ՝ այս պահին մեր քաղաքականությունը նույնն է մնում»:

Օգոստոսի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի ժամանակավոր համանախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Ռիչարդ Հոգլանդն այս ամիս ավելի վաղ «Ամերիկայի ձայնի» հայկական ու ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում կարեւոր ուղերձ հղեց Ալիեւին:

«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը», ասաց նա` հույս հայտնելով, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն ու հավելեց. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»: Հոգլանդի խոսքով` «առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գոտիներից հանել դիպուկահարներին եւ ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել»:

Հոգլանդն, իհարկե, վատ չէր լինի, եթե վերոնշյալ իր գնահատականները նաեւ կրկներ օգոստոսի 23-ին` կարգավորման 6 հիմնական կետերը վերընթերցելուց հետո: Ամեն դեպքում, պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը ապրիլյան պատերազմից հետո հստակ է եղել, եւ պետք է հուսալ, որ անկախ համանախագահների փոփոխությունից, այն իսկապես կպահպանվի նաեւ առաջիկայում:

Եվ ընդհանրապես, անկախ նրանից, թե կողմերը բանակցությունների ընթացքում կարգավորման որ սկզբունքն են ընդունում, որը` ոչ, անկախ նրանից, թե ԵԱՀԿ ՄԽ-ի ներսում միջնորդներն իրենք ինչ աշխարհաքաղաքական հակասություններ ու ընդհանրություններ կարող են ունենալ` ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ի յոթ նահանգներ` Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆոռնիան, Ջորջիան, անցյալ տարի մարտին` նաեւ Հավային, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը խիստ ուշագրավ փաստ է:

Հայկական կողմի համար ապրիլյան պատերազմից հետո, իսկապես, փոխվել են առաջնահերթություններ: Նախ` անվտանգության ապահովում, հետո միայն այլ հարցեր: Արցախում մեկ ամիս առաջ ականատես դարձանք, թե ինչ հսկայական աշխատանքներ են իրականացվել շփման գծում` սարքավորումների տեղադրման, ողջ շփման գիծը մանրակրկիտ վերահսկելու գործում, եւ հարկ է շեշտել, որ այդ աշխատանքներն իրականացվել ու իրականացվում են Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարմամբ, որի անունը ոչ շոշափվում է, ոչ էլ գովազդվում:

Բաքուն պետք է ընդունի եւ կիրառի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները, շփման գոտուց պետք է հետ քաշի դիպուկահարներին, պետք է թույլ տա հատուկ սարքավորումների տեղադրում, որպեսզի կաշկանդված լինի նոր պատերազմներ սանձազերծելու իր ձգտումներում, որից հետո միայն բանակցությունները կարելի է արդարացված համարել: Պարզ է մեկ բան` Ադրբեջանը, վաղ թե ուշ, պետք է գիտակցի, որ միակ ճանապարհը անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելն է, առանց դրա բանակցություններն, ակնհայտ է, որ արդյունք չեն տալու:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք