Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

Ու տղան հեռակա կարգով, հրամանատարներից թաքուն-իրենց բանակցությունը հիշեց թուրքերի հետ սահմանագլխին։ Նախապես պայմանավորվել էին, ու սա ապրանքափոխանակության էր նման՝ իրենց ծնողները ոտաբոբիկ ման էին գալիս, եւ տաս-տաս իրենց ինքնաձիգներով-հրամանատարներից թաքուն դեմ-հանդիման կանգնեցին սահմանագլխին. «Առե՛ք, էս ձեր 20 լիտր կոնյակի սպիրտը, եւ մեր 40 զույգ գալոշը մեզ տվեք»,- ասացին։ Եւ պարզվեց, որ բանակցության եկածները թուրքեր չէին, տասից-տասը հրեաներ էին, եւ Բաքվի համալսարաններից զոռով սահմանագլուխ քշված հրեա ուսանողներ էին, ու հիմա տղաների տարած կոնյակի սպիրտից լեզուները բացել եւ եղած-չեղածը «վատ պահվող» պետական գաղտնիքի նման դուրս էին տալիս. «Էս մեր հողերը չի, մենք թուրքի հետ ոչ մի ընդհանրություն չունենք, 40 հազար մանաթ չունեին մեր ծնողները, որ իրենց տանք ու դրա համար, իրենց փոխարեն, մեզ քշեցին սահմանագլուխ… Որ հարձակվելու լինեք, ժամանակին ձեն կհանեք՝ մենք պոկվենք, մի տարի է, մեր աղջիկ-կանանց չենք տեսնում, որ գնացինք, է, ո՜նց ենք սիրելու, էդ ո՜նց ենք սիրելու… Եկեք պայմանավորվենք էսօրվանից. մենք չենք կրակելու ձեր վրա, դուք էլ մեր վրա չկրակեք»։

Եւ տղաներից Լյովան, որ ամեն ինչից արդեն հոգնել էր, եւ խմած էր ու շատ էր խմած, եւ ջղայնացած էր ու շատ էր ջղայնացած, եւ սառնամանիք-ցուրտ էր ու շատ էր ցուրտ, ու չդիմացավ, վեր կացավ-բոյով մեկ կանգնեց ու կողքի թքեց՝ որ ասում են՝ եվրե՛յ, ճիշտ են ասում. էդ հիմա ասում եք՝ ոչ մի ընդհանրություն չունե՞ք թուրքերի հետ, բա որ չունեք, էդ ձեր ծերերը խի՞ եք թուրքի նման կտրտել։ Ու Լյովան ասաց, եւ հարբած-օրորվելով կողքի թքեց, ու հիմա բերանը կողքի խեթած-թեքած թեւքով-օրորվելով դոշի թուքն էր մաքրում, ու տղերքը անակնկալի եկած սպասում ու ինքնաձիգները պատրաստ պահած հրեաներին էին նայում, եւ Արիֆը հրեա էր՝ իրենց թուրքին նմանեցնելու համար վիրավորվել էր, սակայն Լյովային լավ չէր հասկացել ու խնդրեց «հիմնավորել»։ «…Ինչը՞ հիմնավորեմ»՝ նորից բորբոքվեց Լյովան՝ «…շալվարներդ բացեք-քոռ դանակի տակ տված-ծվատած-կտրտած-ցրտահարված ճուճուլներդ հանեք՝ հիմնավորեմ, թլպատված օղռաշներ… Բա հիմա էդ, որ Ճուճուլներդ կտրտած-բաց-բացահար մեր սարերն եք ընկել, ցուրտը, որ խփեց-տարավ, էդ ո՞նց ու ինչո՛վ եք ձեր կանանց սիրելու՝ հետո էլ ասում են՝ եվրեյը շատ խորամանկ է…»։

Ու տղան հեռակա կարգով Նամիկին հիշեց, 19-ամյա դեսանտային թուրք-Նամիկին հիշեց, որ տաս օր անընդմեջ գյուղից վերեւ ընկած-սարի վրա կառուցված-գյուղի եկեղեցում տղաների դեմ կռիվ արել-կռիվ տվել՝ տղաների խոստումներին հավատացել-զենքը կողքի գցել-դուրս էր եկել ու… մի ձեռքը բարձրացրած, մյուսով միաժամանակ բաճկոնի կոճակներն արձակելով՝ որ տեսեք, զենքս վայր եմ գցել ու շորերիս տակ պահած նռնակ չունեմ… տարիքին անհամապատասխան-մե՜ծ-ճկուն դիվանագիտություն բանեցնելով… դուրս էր եկել եկեղեցուց, եւ ամեն մի ապտակից հետո գլուխը հպարտորեն բարձրացնում ու չէր խնդրում, բացատրվելու պես տղաների խոսքի գինն էր փորձում, խոսքի գինն էր կշռադատում. «Դուք ասել եք, դուք խոստացել եք…»։ Եվ տղան 19-ամյա թուրք-Նամիկին հիշեց, որ ասպետավարի հայի եկեղեցում տղաների դեմ կռիվ արել-կռիվ տվել ու ջրի պակասությունից ասպետավարի զենքը կողքի գցել-դուրս էր եկել հազարամյակի պատմություն ունեցող հայի եկեղեցուց, եւ չէր ընկճվել ապտակներից, ու թուրքավարի տղաներին ապացուցում էր, համոզում էր, որ դա հենց իրեն՝ իր հայուհի մայրն է պատմել, որ ծննդով մինգեչաուրցի է, եւ հրեա հայրն է պատմել, որ Բաքվում գիտնական է, որ էս հողերն իրենցն է՝ թուրքերինը, որ տղաներն ու մնացած հայերն ընդամենը 150 տարի է, ինչ հեռուներից եկել ու ապրում են էս՝ իրենց հողերի վրա։ Եւ տղան անազգ թուրքի պատասխաններից շնչարգել ու զարմանքից բերանները բաց ու խուփ անող տղաներին հիշեց, որ թուրքին ազատ արձակել ու մարտերում թրծված բառն ու բանը, հիշոցները անելանելիությունից մոռացել ու կնկավարի թուրքին ապսպրել էին, ապսպրել էին թուրքին կնկավարի. «Ազատ ենք արձակում, որ գնաս հայուհի՛-մո՛րդ ասես՝ գետինը մտնե՛ս, որ եվրեյի՛ տակը պառկել ու թո՛ւրք-լամուկ ես աշխարհ բերել»։

Ու տղան նորից անցավ թերթի տողերին եւ ինքն իրեն մտածեց ու գտավ, որ հոնորարի՞, թե նյութի պակասությունից է, բայց ինչ ասես, որ թերթերը չեն գրում։ Նաեւ հեռակա կարգով գտավ, որ ուրիշ թերթերից ուրիշ բաներ էլ է կարդացել, եւ իբր, թե սրանք միայնակ չեն գործում, եւ կամ թե իրենցով պայմանավորված են գործում՝ Միջազգային արժութային Հիմնադրամը, միջազգային վարկառու կազմակերպությունները, միջազ-գային բանկերը, «չոլերն ընկած»-«աջ ու ձախ հոտոտող» միջազգային մի շարք կազմակերպություններ… եւ այլն, եւ այլն: Եւ իբր, թե սրանց ուզածը՝ Համամարդկային ատոմիզացված հասարակություն կառուցելն է. երբ բնազդը առաջնային է, երբ քայքայվում, հիմնովին վերափոխվում են արժեհամակարգերը: Երբ մարդուն միայնակ-անպաշտպան են դարձնում, հետեւաբար՝ հեշտ կառավարելի: Երբ Անհատը վերանում է եւ, երբ՝ մարդը, անձը. հասարակությունն-ինքը՝ անտեսանելիորեն կառավարվում է մեկ կենտրոնից. Փողի՛ կենտրոնից: Փողի՛ կենտրոնից: Ու տղան մտածեց, հեռակա կարգով մտածեց, որ սովետի՝ հոմոսովետիկուսի ստրկական հոգեբանությունը կարծես, թե վերածվում է մերօրյա-շուկայական հարաբերությունների՝ Փողի նկատմամբ ստրկական հոգեբանության, եւ չի կարելի թույլատրել, չի՛ կարելի թույլատրել, որպեսզի սեփական բնակչությանն այնպիսի հոգեբանության բերեն, որ… Մոսկոֆից…  Տրապիզոնից… ա՛յլ տեղերից փողով-քսակները գան ու… արդեն փողին գերի դառած բնակչությանն ու հասարակությանը՝ երկրի հետ միասին՝ «ս պոտրախամի» առնեն-գրպանները դնեն-գնան: «Ս պոտրախամի» առնեն-գրպանները դնեն-գնան:  Ու չի՛ կարելի եւ… Չի՛ կարելի:

Ու տղան մտածեց, հեռակա կարգով ինքն-իրեն մտածեց ու… բա՜ն չհասկացավ, բա՛ն չհասկացավ. «…երբ բնազդը առաջնային է, երբ քայքայվում, հիմնովին վերափոխվում են արժեհամակարգերը: Երբ մարդուն միայնակ-անպաշտպան են դարձնում, հետեւաբար՝ հեշտ կառավարելի: Երբ Անհատը վերանում է…»: Ու տղան ինքն-իրեն մտմտաց-մտածեց, հեռակա կարգով մտածեց՝ արժեհամակարգերը քայքայում, հիմնովին վերափոխում են, որ ի՞նչ լինի: Իրենք-իրենց «վերեւի կաստա՞» են համարում՝ ի՞նչ է: Իսկ «վերեւիններին» հետաքրքի՞ր է հետամնաց «ներքեւիններ» ունենալը: Չէ՞ որ առավել պատվաբեր է՝ ինքնուրույն, խելացի-պինդերին ղեկավարելը. բութին՝ բութն էլ կղեկավարի: Ու, տղան ինքն-իրեն կրկնվեց, եւ մտածեց, որ խելացի-պինդերին է պատվաբեր ղեկավարելը, իբր, տե՛ս՝ ես ինչ պինդ-խելացին եմ, որ ինձ անպատվաբեր է բութերին ղեկավարելը, որովհետեւ՝ հենց դա է դժվարը, հենց դա է պատվաբերը, այլապես, բութին՝ բութն էլ կղեկավարի: Ու տղան նաեւ գտավ, որ թերթերն էլ մեղք չունեն՝ հիմքում մի բան ունեն, որ գրում են։ Որ գրում են, ուրեմն հիմքում մի բան ունեն, եւ տղան մտմտալուց-մտածելուց հետո նաեւ եզրակացրեց, որ խեղճ թերթերն ի՞նչ անեն՝ հիմքում այդքան ունենալուց, եթե չգրեն-մեջները պահեն՝ պատառ-պատառ կլինեն, կամ հակառակը, գրելուց հետո՝ ուրիշները պատառ-պատառ կանեն։ Թերթերին՝ իհարկե։ Նաեւ՝ չի բացառվում։

Բառախաղը լավ էր ստացվում՝ տղան ինքն-իրեն ոգեւորվել էր, եւ իր ծանոթ փափախչին արդեն միայնակ, հաճախորդի բացակայությունից ծանր-հոգնած կանգնած էր տխուր, ու տղան աչքի մեկը կկոցած-գլխով բարեկամաբար ասաց՝ արի։ Էս կարգի կանչելու ձեւը ընդունված ու հարգի չէ, նամանավանդ, բովով անցած էս կարգի մարդկանց մեջ, եւ տղան մտածեց, որ՝ զոռով ուզում է ծեծ ուտել։ Բայց փափախչին-ինքն էլ հոգնել էր իր վիճակից եւ մտերմաբար մոտեցավ ու իր հարցով եւ մտերմիկ տոնով ինքն-իր կարծիքով տղային խրախուսեց, ու մտերմաբար ասաց,  ասաց. «Ինչա՞՛, արդեն փոշմանել ես, հա՞»։ «Չէ՛,- ասաց տղան,- ուզում եմ քեզ մի անեկդոտ պատմել»։ Փափախչին ինքն-իր միայնակի տեսքից հոգնած էր, եւ տղան իր դիտողունակությամբ տեսնում էր՝ «փողը» ռեալ գրպանում տեսնող-ափի մեջ ռեալ շոշափող ծանրաքարշ բեռնակիրներից է, ու հողին պինդ կանգնած-կյանքից դժգոհ, չար-բեռնակրի նման կմտածի, որ թող պատմի, տեսնենք՝ ինչա՞ պատմում. թերթը ձեռին ցնդածներից է երեւում։

/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք