Փայլակը նամակ էր գրում (պատմվածք)

Փայլակը նամակ էր գրում (պատմվածք)

Անցել էր մի քանի ամիս: Փայլակը կարծես դժվար, բայց դանդաղորեն վերագտնում էր իրեն, սակայն, իհարկե, Հրարփիի թողած հրդեհը սրտի խորքում դեռ լիովին չէր մարել: Կիրակի օր էր և նա համակրգչի մոտ նստած նոր պատմություններ էր հորինում, երբ հանկարծ լսվեց ակտիվացած սկայպի զանգը: Նա մոնիտորի էկրանին տեսավ անհայտ օգտատիրոջ անունը GlowSun:

-Ո՞վ կարող է լինել այս անծանոթը, երևի սխալվել է,-ինքն իրեն խոսեց Փայլակը, բայց հանկարծ էկրանին տեսավ Հրարփիի ժպտուն դեմքը:

-Հելոու~, Փայլակ, ինչպե՞ս էս, Հրարփին է, կարող է՞ արդեն մոռացել ես ընկերուհուդ:

-Բարև Հրարփի, իհարկե ոչ, բայց աշխատում եմ մոռացության տալ, իսկ ի՞նչ է նշանակում այդ GlowSun-ը,-հետաքրքրվեց Փայլակը,-հելոուն հասկացա,-արդեն ամերիկավարի ես ողջունում:

-Գլխի չե՞ս ընկնում,-աշխուժացավ Հրարփին:

-Glow, նշանակում է՝ հուր, իսկ Sun-ը՝ արև, այսինքն՝ Հրարփի, հասկացա՞ր:

-Դե, իմ անգլերենը հո քոնի մակարդակին չէ, որ հասկանայի, ընդամենը երեք ամիս դասընթացների եմ հաճախել՝ թեկնածուական մինիմումները հանձնելու համար, մնացածն էլ՝ համակարգչի օգնությամբ եմ ձեռք բերել, ի դեպ, դպրոցում գերմաներենն է եղել մեր օտար լեզվի առարկան, բայց նրանից մի երկու տասնյակ բառ է մնացել հիշողությանս մեջ:

-Լավ, այս թողնենք, ինչպե՞ս է կյանքդ անցնում:

-Հրաշալի՛,-ստեց Փայլակը Հրարփիին նյարդայնացնելու նպատակով:

-Դե՛, ահա տեսնում ե՞ս, որ ամեն ինչ կարգին է:

-Իսկ դու ինչպե՞ս ես քեզ զգում այդ քո ամերիկաներում:

-Ամեն ինչ օկեյ է, բայց կարոտը արդեն խեղդում է:

-Մի քիչ էլ անցնի, կդիմանաս:

-Հուսով եմ:

-Քանի դեռ հիշում եմ, ասա քո էլեկտրոնային հասցեն, թե չէ, հետո կմոռանամ, դու ինձ պարտավորեցրել էիր, որ նամակներ գրեմ:

-Ասեմ, գրի՝ «[email protected]»:

-Գրեցի, հիմա մեկ ուրիշ հարց. մեր պարապմունքները կիսատ թողեցինք, մտադիր ե՞ս այդտեղ ուսումդ շարունակել:

-Իհարկե, բայց քեզ նման դեռ մեկը չկա, որ հետս պարապի, գիտե՞ս, չէ, որ ես որքան ծույլիկն եմ այդ հարցում:

-Դե վիզա ուղարկիր և ես կգամ, հետդ կպարապեմ, բայց չէ ինչ եմ ասում, այդտեղի քննական ծրագրերը երևի մերուն նման չեն:

-Դեռ չեմ ծանոթացել այստեղի ընդունելության ծրագրերի հետ, բայց կարծում եմ՝ բավական դժվար է լինելու, քանի որ դրանց անգլերեն լեզվով պիտի պատասխանեմ, դրա համար սկսել եմ հատուկ ուսուցման դասընթացների մասնակցել՝ լեզվին լավագույնս տիրապետելու համար, երևի եկող տարի նոր գործերս կհանձնեմ որևէ ուսումնական հաստատություն, մեր ատեստատն էլ այստեղ չի անցնում, ինչ որ լրացուցիչ կրթություն պետք է ստանամ:

-Դե, հաջողություն եմ ցանկանում, ուրախ եմ, որ լավ ես, բայց…

-Բայց ի՞նչ…

-Ես այդ Ամերիկա կոչվածը այդպես էլ չսիրեցի, ինձ ավելի սրտամոտ է Եվրոպան, դրանք անընդհատ պատերազմներ են հրահրում ու միջամտում ուրիշ երկրների ներքին գործերի, հենց որ նրանց ղեկավարը իրենց սրտովը չի լինում:

-Դե, ես քաղաքականությունից հեռու եմ, դրանով քիչ եմ հետաքրքրվում:

-Չեմ հիշում ո՞վ է ասել, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում, այնպես որ զգույշ եղիր:

-Իսկ անձնականդ ինչպե՞ս է, նորություններ չկա՞ն:

-Կան, իհարկե, կրկին փորձում եմ սիրահարվել,-ստեց Փայլակը՝ իմանալու համար, թե ի՞նչ կպատասխանի Հրարփին,-մեր շենքի առաջին շքամուտքում նոր հարևաններ են եկել, հները տունը վաճառեցին և եկան ձեզ մոտ՝ Ամերիկա, դրանց աղջիկներից մեկը դուրս շատ է գալիս, բայց դեռ միայն ծանոթացել եմ և բավականին լավ տպավորություն է թողել վրաս: Ասում են, որ ցավը ուրախությամբ է ամոքվում:

-Այդպես շուտ ինձ մոռացա՞ր, բա ասում էիր, թե ինձ շատ ես սիրում,-կերկերուն ձայնով արտասանեց Հրարփին ու Փայլակի մոնիտորի էկրանից անհետացավ Հրարփիի պատկերը…

Տիրեց քար լռություն: Փայլակը զգաց, որ դիպել է Հրարփիի քնքույշ լարերին և հպարտորեն անցավ իր կիսատ թողած պատմության շարունակելուն: Նա իրեն հաղթանակած էր զգում, ուրեմն Հրարփին կեղծում էր, որ ինձ չի սիրում, ուրեմն սիրում էր, բայց ձևացնում էր թե…թե չէ այդպես միանգամից չէր անջատի սկայպը:

Որոշ ժամանակ անց նա վեր կացավ համակարգչի մոտից, մոտեցավ բազմոցին ու փռվեց նրա վրա, ապա ձեռքերը դրեց գլխի տակ ու երկար նայում էր առաստաղին: Տարբեր մտքեր, հիշողություններ, երազանքներ պարուրեցին նրա ուղեղը: Բայց հանկարծ որոշեց, որ պետք է Հրարփիին էլեկտրոնային նամակ ուղարկի: Մտքում մի քանի անգամ շարադրեց ասելիքը, ապա վեր կացավ մոտեցասվ համակարգչին և սկսեց տկտկացնել ստեղնաշարի հարկավոր ստեղները:

«Հրարփի, հարգելիս, մի մտածիր, թե մոռացել եմ քեզ: Քո անսպասելի կերպով սկայպի անջատելուց հետո ես երկար մտորում էի և հասկացա, որ դեռ երկար ժամանակ չեմ կարող մոռանալ քեզ: Հիմա ինձ համար սարսափելի տխուր է առանց քեզ, հատկապես այժմ եմ զգում, թե ինչքան ուժեղ և անհույս եմ քեզ սիրել: Բայց ի՞նչ է սերը, ի՞նչ զգացում է դա, որը այդպես ուժեղ տիրում է մարդու էությանը: Սերը իմ կարծիքով հիվանդություն է, որը կարմրուկի կամ այլ պարտադիր հիվանդության պես վարակում է մարդուն, երբ նա հասնում է ինչ որ տարիքի՝ իր հետ բերելով խառը զգացումներ՝ հակասություն, երջանկություն, տխրություն, թախիծ, խանդ, ուրախություն, հուսալքություն, երազանք, մաքառում, պայքար, պարտություն, հաղթանակ և այլն և այլն:

Հիմա ինչ-որ ուժեղ զգացում, հզոր ալիք է բարձրանում կոկորդովս, սեղմում այն ու կարծես ինձ խեղդել է ուզում: Ուղեղս տենդի մեջ է, սեղմվում ու սեղմվում է, ուզում եմ նույնիսկ լաց լինել անզորությունից: Տղամարդու ժլատ արցունքի կաթիլները դանդաղորեն ցած են սահում այտերիս վրայով: Մի՞թե այդքան հեշտ կլինի ինձ ապրելը առանց քեզ, մի՞թե այլ մեկը կարող է առաջացնել այնպիսի զգացումներ, ինչպիսին առաջացնում էիր դու՝ քո ներկայությամբ: Դու չցանկացար հասկանալ ինձ ու դանդաղորեն ես պետք է կամ ապաքինվեմ այդ հիվանդությունից իր թողած հետագա հետևանքներով հանդերձ կամ պետք է վերջ դնեմ կյանքիս կտրուկ ձևով: Դու հեռացար, որ ապրես Ամերիկայի պես ազատ երկրում, գտնես քո սիրած տղային:

Այս բոլորը սարսափելի դաժան է հնչում ինձ համար: Ես չեմ ուզում, որ քո ժպիտը, քո զվարթ, զրնգուն ծիծաղը պատկանի մեկ ուրիշին: Ես ուզում եմ, որ դրանք իմը լինեն, միայն իմը: Քո ճիչը, ծիծաղը, ժպիտը, սև ու չարաճճի աչքերի խաղը իմ հոգին հանում էին: Քո ձեռքերին չպիտի դիպչեն ուրիշ տղամարդու ձեռքեր. ոչ ոք իրավունք չունի համբուրելու քո խռովկան շուրթերը: Հիմա ես մենակ եմ տանը, նստած համակարգչի մոտ քեզ նամակ եմ գրում, պատուհանից երևում են արևամուտի կարմրա-կապտավուն ամպերը, որոնք արևի շեկ գնդի հովանու տակ խաղաղ ու անվրդով սահելով անցնում են ու անհետանում, իսկ ռադիոընդունիչից, որը ես միշտ միացած եմ պահում, լսվում է տխուր մի մեղեդի:

Ես հիշեցի մեր պարապմունքները և հիմա էլ շատ կցանկանայի, որ դու սովորեիր բարձրագույնում, որին դու շատ ես ձգտում և չեմ ցանկանում կապերս խզել քեզ հետ, վերջ տալ մեր բարեկամությանը, որը ծանր կնստի ինձ ու քեզ վրա: Չգիտեմ` ինչու է ինձ թվում, թե հետո դու կվերադառնաս ամերիկաներից ու ինձ կսիրես: Հաճախ սերը արթնանում է աստիճանաբար: Հարգանքը, մոտիկությունը, փոխըմբռնումը, հավատը, գաղափարների համընկնումը, սատանան գիտե, թե էլ ինչը, մի գեղեցիկ օր կարող է վերափոխվել իսկական սիրո: Սերը իր մեջ պարունակում է ամեն ինչ` խելահեղություն, կիրք, համբույրներ, բաժանում, խանդ, ոգևորություն, հիասթափություն, նույնիսկ զզվանք… Այն, ինչը մարդը ձեռք է բերում դժվար ճանապարհով, թանկ ու արժեքավոր է լինում իր համար: Հեշտ գտածը հեշտ էլ կորցնում ես: Ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դու ինձ չես սիրում, երբ ես սիրում եմ քեզ անսահման:

Ինչու՞ էի ես ցանկանում պարել միայն և միայն քեզ հետ, իսկ դու կարող էիր պարել յուրաքանչյուր պատահական տղամարդու հետ: Այն երեկոները, որոնց ընթացքում ինձ բախտ է վիճակվել լինել քեզ հետ ու նաև պարել քեզ հետ, մնում են անմոռաց, ինչպես կապույտ գիշերներ, իսկ հիմա նրանք սև-գորշագույն են արդեն դարձել… Փայլակի մտքերը թռչում էին միանգամայն այլ ուղղությամբ: Նա մտածում էր գույնզգույն ծաղիկների` կարմիր, կապույտ, մանուշակագույնի մասին… Մտածում էր, թե նրանք ինչպիսի քիմիական, ֆիզիկական ազդեցություն են գործում մարդու ուղեղի վրա, խորհում էր նաև այն մոլեկուլների մասին, որոնք պոկվում են իրենց մայր ծաղկի նյութից, մտնում մարդկանց ռունգերը, ստեղծում բույրի զգացում, որը ստիպում է նրանց սիրել ծաղիկները:

Ծաղիկների գույնը ազդում է մեր տեսողական օրգանների վրա աչքերի միջոցով: Ինչու՞ որոշ գույներ դուր են գալիս, իսկ որոշը` ոչ: Ինքը շատ է սիրում կապույտ գույնը: Փայլակը այս մտորումների մեջ էր, երբ ռադիոյից հանկարծ լսվեց ծանոթ երգի մեղեդին՝ «Բայց դու անիրավ դավաճանեցիր…»: Նա ընդհատեց գրելը, նորից գնաց պառկեց բազմոցին և սկսեց ծխել, միաժամանակ ըմբոշխնել ծանոթ երգի ելևէջները: Իսկ գլանակի ծուխը, օղակներ կազմելով, բարձրանում էր վեր և հալվում օդում կամ գտնելով պատուհանի հարմար ճեղքերը` դուրս գալիս բաց տարածություն, դեպի երկինք, դեպի ազատություն: Աստված իմ, ծխախոտի ծուխը նույնպես ձգտում է ազատության: Իսկ ինքը գամված է բազմաթիվ մտքերով ու թելերով այս ճղճիմ կյանքին: Նրանից ազատվելու համար երբեմն զոռ պետք է տա երևակայությանը և ճախրի տիեզերքում: Փայլակը սթափվեց զավեշտական մտապատկերից և զգաց, որ միայնակ պառկած է բազմոցին, վեր կացավ տեղից, նորից մոտեցավ համակարգչին և շարունակեց Հրարփիին գրվելիք նամակը… Հետո նա ընդհատեց նամակի շարադրանքը, վերցրեց ծխախոտտուփը, բջջային հեռախոսը և դուրս եկավ պատշգամբ: Էությունը համակված էր անորոշությամբ, նա քայլեց պատշգամբի երկայնքով, մտքով զբոսնեց մոտակա այգու ծառուղիներով, ապա վերադարձավ սենյակ, փոխեց տնային հագուստը, դուրս եկավ տանից ու գնաց մոտակա այգին, որտեղ ամեն երեկո զբոսնում էր: Երկար քայլելուց հետո, երբ արդեն բավականին հոգնել էր, որոնեց գտավ ազատ նստարան, տեղավորվեց նրա վրա հարմարավետ, երկար մտորեց այն բանի վրա, թե ինչու՞ Հրարփին անջատեց սկայպը կամ գուցե պատահակա՞ն եղավ անջատումը:

Մարդը հետաքրքիր արարած է, նրա մտածելակերպը, գոյությունը անհասկանալի երևույթ: Տառապանքի և հուսալքության պահերին նա երազում է լավագույնի, գերագույնի, երջանիկ կյանքի մասին, որով և դառնում է ուժեղ ու չարիքին դիմադրելու ընդունակ: Զբոսանքն ավարտեց ուշ երեկոյան և վերադարձավ տուն, փոխեց հագուստը, լվացվեց և շարունակեց գրվելիք կիսատ թողած նամակը: Մի ժամ հետո վերջապես ավարտեց այն, բացեց համակրգչի իր էլեկտրոնային հասցեի «Compose» դաշտը, գրեց Հրարփիի էլեկտրոնային հասցեն «To» դաշտում, որն իրենց զրույցի հենց սկզբում իմացել էր Հրարփիից և գրել թղթի կտորի վրա, լրացրեց նաև «Subject» դաշտը, պատճենեց պատրաստած նամակը «Writte Something» դաշտում, ավելացրեց վարդերի փնջով մի նկար ևս և սեղմեց «Send» կոճակի վրա: Ու երբ համակարգչի էկրանին վառվեց նամակի հաջող ուղարկման գրությունը, այն անջատեց և այդ պահին էլ՝ մի գայթակղիչ միտք ծագեց նրա գլխում` գրել փոքրիկ վիպակ Հրարփիի մասին, իր անհույս և անպատասխան սիրո, կրած տվայտանքների, տառապանքի, երազների, ձգտումների և ընդհանրապես սիրահարվածության երևույթի մասին: Ի մի բերեց խառնիխուռն մտքերը, վառեց գլանակը, դեպի վեր բաց թողեց ծխի առաջին քուլաները և նրանց օղակների մեջ տեսավ ու հիշեց այն ամենը, ինչը մեկ տարվա ընթացքում զբաղեցրել էր իր ուղեղի որոշակի տարածքը: Ինչի՞ց սկսել և ինչպե՞ս սկսել: Չէ, որ ամբողջ մի կյանք էր ապրել, ընդամենը` մեկ տարում, երբ իր հետ կատարվեց այս հիվանդագին զգացողությունը:

«Մնացածի մասին կմտածեմ, երբ անկողնում կլինեմ»,-որոշեց Փայլակը, ապա գնաց լոգարան, լվացվեց, մտավ ննջարան, մտազբաղ հանվեց ու պառկեց երեկ լվացված ու իր ձեռքով արդուկած անկողնու մեջ, բարձրաձայն հնչեցնելով.

-Բարի գիշեր, Հրարփի:

Իսկ Ամերիկայում արդեն կեսօր էր:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք