Ամերիկացիների «անտեսված» հայտարարությունները

Ամերիկացիների «անտեսված» հայտարարությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ անցած շաբաթ արված հայտարարություններն արդեն հասցրել են արժանանալ մեկնաբանությունների, այն էլ լայն դիապազոնով՝ սկսած նրանից, որ ռուսական ԶԼՄ-ներով «ասածի համար պատասխան» պահանջեցին դեսպանից, վերջացրած նրանով, որ «ոչ մի նոր բան էլ չկա», եւ դրանով սահմանափակվեցին: Հայտարարություններով հանդես եկան Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Կարեն Միրզոյանը:

Իրականում ամերիկացի դիվանագետների հայտարարություններում մի-քանի կարեւոր կետեր, ինչպես նաեւ այդ հայտարարությունների համատեքստը մնացին ուշադրությունից դուրս: Նախ՝ դրանք հայտարարություններ են, որոնք արվեցին շատ կոնկրետ իրավիճակային եւ ժամանակային համատեքստում՝ անկախ նրանից, թե որքան էր «նոր» համանախագահ Հոգլանդի հայտարարությունը կամ «ոչ նոր»: Այն հրապարակվեց հաշված ժամեր անց Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանն արդեն շտապում էր Երեւան՝ հանդիպելու Թուրքմենստանի նախագահին, եւ հրապարակվեց «Ամերիկայի Ձայն»-ով՝ «հրատապ» նշումով: Բացի նրանից, որ հրապարակվեցին հայտնի վեց կետերը, որոնք ընդունված է անվանել «Մադրիդյան», Հոգլանդն այնուամենայնիվ առանձին, դրանցից դուրս նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվո՛ւմ է Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հակամարտություններից:

Իսկ դա նշանակում է նաեւ, որ Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը միջազգայինորեն ճանաչված սահմաններում եթե որեւէ բանավեճի առարկա դառնալ չի կարող, չհաշված մեկ-երկու էկզոտիկ պետությունները եւ ռուսների մեկ-երկու «սիրելի» ռեժիմները, ապա Լեռնային Ղարաբաղի պարագան այլ է, եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պատկերացրածը Բաքվի «վարիացիաներով» դեռ փաստ չէ: Իհարկե, պատկերն ամբողջացնելու համար Հոգլանդը չհիշատակեց Ուկրաինան՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը եւ զավթված Դոնբասի արեւելքը, սակայն կասկած չկա, որ այդ հակամարտությունները եւս դրված են նույն շարքում, ինչ Վրաստանի եւ Մոլդովայի տարածքներում առկա հակամարտությունները, եւ դրանց լուծումը մեկն է՝ Ռուսաստանի կողմից օկուպացիայի վերացում, հարցի լուծում երկրների տարածքային ամբողջականության սահմաններում: Դրա լրացուցիչ վկայությունն է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի այցը Կիեւ օգոստոսի 24-ին, մասնակցությունն Անկախության օրվա ռազմական շքերթին, որին մասնակցեցին ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի զորախմբերը, եւ նրա հայտարարությունը, որ Ուկրաինային պաշտպանողական զենքի մատակարարման հարցը «քննարկվում է» Վաշինգտոնում:

Որքան էլ հայկական դիվանագիտությունն արժանի է քննադատության, եւ որքան էլ  հայկական քաղաքական դասն իր հիմնական մասով անընդունակ է ընկալել հետխորհրդային հակամարտությունների վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշման տարբերության ռազմավարական կարեւորությունը, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ հայկական կողմերին հաջողվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս դնել այն ընդհանուր եւ ստանդարտ ընկալումներից, որոնք գոյություն ունեն մնացած բոլոր հակամարտությությունների հետ կապված: Մյուս կողմից՝ դրա համար կան հայտնի օբյեկտիվ պատճառներ, ինչի մասին նույնպես բազմիցս է ասվել: Փաստ է, որ Թբիլիսիում, Քիշնեւում եւ Կիեւում նույնիսկ հակամարտության ամենաթեժ ժամանակահատվածներում չեն եղել աբխազների, օսերի, ռուսների զանգվածային ջարդեր, չկա՛ նման բան, եւ դա անպատկերացնելի է, մինչդեռ Ադրբեջանի պարագան այլ է, որքան էլ որ Բաքուն իր «տրուբայով» փորձի տարբեր «ԳՈՒԱՄ»-ներ սողոսկել կամ փորձի ռուսական կոռուպցիոն գործընկերների հետ համատեղ կրկեսի վերածել միջազգային եւ եվրոպական հարթակները: Եվ հետո, անցյալ տարվա ապրիլին սանձազերծված հարձակումն Արցախի վրա, ինչն անհնարին կլիներ առանց Մոսկվայի քաղաքական խրախուսման, ցույց տվեց, որ Արցախի՝ ցանկացած, նույնիսկ ամենախորհրդանշական ձեւով հայտնվելն Ադրբեջանի կազմում հավասարազոր է հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի կրկնությանը, ցեղասպանությանը, ինչը հայ ժողովուրդն ուղղակի չի՛ հանդուրժելու: Եվ դա նույնպես անպատկերացնելի է Վրաստանի, Մոլդովայի եւ մանավանդ Ուկրաինայի պարագայում, որտեղ ուղղակի հազարավոր ռուսներ են կռվում ուկրաինական բանակի կազմում:

Այս ամենը լրջագույն հիմք է տալիս պնդելու, որ Արցախի հարցի իրական լուծումը անհնարին է, եթե չի կիրառվում «կոսովյան»՝ առանձնահատուկ մոտեցում: Իսկ այդ մոտեցման գլխավոր հակառակորդը, ինչպես եւ բուն Կոսովոյի պարագայում, եղել եւ մնում է մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը, եւ հենց այստեղ է, որ Հայաստանին պակասում են «ինքնիշխան որոշումների գործիքները», քանզի ունենալով այդպիսի «շահեր» հետապնդող «դարավոր բարեկամ»՝ հայերին այլեւս թշնամի պետք չէ:

Հենց այդ «գործիքների» պակասի մասին էլ խոսեց դեսպան Միլսը: Եվ փոխանակ օրինաչափական հարց բարձրացվի, թե՝ իսկ ո՞ւր մնացին, ի՞նչ պատահեց Հայաստանի «գործիքների» հետ Անկախության 26-րդ տարում, ինչո՞ւ է այդ հարցը դրվում Հայաստանում, երբ նույնիսկ Բելառուսի դեպքում է այն անտեղի: Այո, դա հաճելի չէ, բայց փաստ, եւ տղայական «արձագանքները» կիսելյովյան խոսափողներից՝ բացի անլրջության նստվածքից, այլ բան չեն թողնում:

Բացի դրանից, Հայաստանում ԱՄՆ դեսպանը հստակ հասկացնել տվեց, որ չնայած Իրան-ԱՄՆ բարդ հարաբերություններին, Վաշինգտոնում ոչ միայն ոչ մի խնդիր չեն տեսնում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման մեջ, այլեւ դրական են համարում, վերահաստատելով այն մոտեցումը, որն ԱՄՆ-ը որդեգրել է սկսած 2014-ի հուլիսից, երբ ստորագրվեց պատմական համաձայնագիրը Թեհրանի եւ «վեցյակի» միջեւ: Ընդ որում, նույնն ասվեց նաեւ Ռուսաստանի համար, ինչն ասվել է բազմիցս, եւ Մոսկվային դա երբեւէ չի էլ «հուզել», քանզի հանձին Հայաստանի՝ Մոսկվային պետք է եղել ոչ թե գործընկեր, այլ ճորտ, մանրադրամ, ծնկաչոք, անօգնական մի տարածք, որտեղից իրավազուրկ եւ դեգրադացվող բնակչությունը փախչում է, գերադասելի է՝ հենց Ռուսաստան, պետք է Հայաստան առանց հայերի, կամ այնքան հայերով, որը բավարար է իրենց ռազմաբազան եւ տուրիստներին սպասարկելու համար, ինչին Բաքուն միայն ծափահարելու է: Եվ Մոսկվայում միշտ երգելու են այդ նույն անհամ «չաստուշկան», որ սա ի՛ր «ազդեցության գոտին» է, որտեղ շնչելն էլ պիտի լինի իր «բարձր թույլտվությամբ»:

Այնուամենայնիվ, երկու հարց մնում է բաց: Առաջին՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքական դասն ընդունակ է խնդիր դնել իր առաջ այդ՝ «ինքիշխան որոշումների գործիքը» ռուսներից հետ վերցնելու համար, եւ երկրորդ՝ որքա՞ն հեռու են պատրաստ գնալ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը հետխորհրդային տարածքը ռուսական ստվերի տակից հանելու գործում:

Հայկական քաղաքական դասի մեծամասնությունը, իշխանական թե ընդդիմադիր՝ դեռ անհաղորդ է օրվա հրամայականներին եւ համարում է, որ անհանգստանալու առիթ չունի: Դա, ըստ ամենայնի, ուղղելի է, կյանքը կստիպի, եւ ոչ հեռավոր ապագայում: Միայն թե պարզ չէ՝ ինչ գնով, քաղաքական առումով:

Մինչդեռ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ռազմավարությունը հետխորհրդային տարածքում, ինչպես տեսնում ենք, շատ հեռու է, որպեսզի համարվի ձեւավորված, եւ քայլերը դեռ կրում են շատ դեպքերում ռեակտիվ եւ իրավիճակային բնույթ: ԱՄՆ դաշնակիցները եւս պատրաստ չեն նոր իրողություններին, եւ, ասենք, Եվրոպան երկուսուկես տասնամյակի թմբիրից հետո նոր-նոր է գլխի ընկել, որ պետք է մեծացնի ռազմական ծախսերը, որ պետք է փոխի վերաբերմունքը ներքաղաքական եւ ներհասարակական սպառնաիքների նկատմամբ, վերագնահատի եւ վերարժեւորի ներկան, ինչն էլ կկանխորոշի ապագան: Առայժմ հետխորհրդային տարածքը մնում է բուֆերային «գորշ գոտի», եւ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի շուրջ, սկզբունքորեն կփոխվի, երբ Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը տարածվի Վրաստանի վրա, իսկ Ուկրաինան վերազինվի նորագույն պաշտպանական զինատեսակներով: Իսկ մինչ այդ Հայաստանում կարիք կա վերաձեւելու քաղաքական եւ պետական մտածողությունը:

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Առանց էտել պարզա, որ Արցախը առաձնահատուկա, ամերիկացիք ինչ ասեն չասեն դրանից բան չի փոխվում։
    Ի տարբերություն նույն Կոսովոյի որը ինքն իրան չի կարողացել պաշտպանի ու անկախացելա ՆԱՏՈ-յի Հարավսլավիայի դեմ ձեռնարկած ագրեսիայի արդյունքում,
    Արցախը ոչ միայն պաշտպանվելա այլև հակառակորդին ջախջախիչ պարտությանա մատնել ու գրավելա նրա տարածքները։

    Ամեն տեղել ուժնա ծնում իրավունք։ Վրացիքել իրանց պատերազմներում ջախջախվել են, նենց որ քեռի Սեմը ինչ ուզումա ասի, դրանից Աբխազիան ու Օսիան չեն վերադառնալու Վրաստանի կազմ, Ղրիմնել Ուկրաինա։

    Փաստորեն մենք ունենք բանակ, իսկ Վրաստանի ամբողջ հույսը 5-րդ հոդվածնա ուրիշի բանակը/նավերն են այսինքն թղթե շերեփ,
    հիմա մեզանից ովա ավելի անկախ՞

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք