Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդներն ասում են՝ «Աստղիկում» պետպատվերը նախընտրական շրջանում է վերջացել. նախարարն ասում է՝ «Ի՞նչ տարբերություն՝ երբ է բուժօգնությունը եղել»

Օգոստոս 31,2017 18:54

Օրերս Aravot.am-ին դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի բնակիչներ, որոնք վստահեցնում էին՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում չեն կարողանում պետպատվերով բուժօգնություն ստանալ: Բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ, քանի որ մշտապես այդ բուժկենտրոնում են սպասարկվում, հավաստիացրեցին՝ բուժկենտրոնում ասել են՝ «Պետպատվերի գումարը վերջացել է վաղուց, այս տարի, ապրիլին, նախընտրական շրջանում այնքան մարդու պետպատվերի տակ բուժեցինք, որ շուտ վերջացավ»:

Հիվանդների պատմելով՝ նախընտրական շրջանում իրենց հարազատներից, հարեւաններից էլ շատերը նախընտրական շրջանում անվճար բուժօգնություն են ստացել «Աստղիկում». «Ասում էին՝ ինչ պետք ա՝ կանենք, մեկ ա՝ պետպատվերով ա: Իմ բարեկամը Մալաթիայի բնակիչ ա, իրան ասել էին՝ գնա թաղապետից թուղթ բեր, կտա, էդ թղթով անվճար կբուժենք: Մեր հարեւանին էլ վիրահատել էին նախընտրական շրջանում, ասել էին՝ պետպատվերով ա, բայց դե իրանք կոնկրետ մարդու պիտի ձայն տային: Չնայած, իրանք ընտանիքով էդ կոնկրետ մարդուն էլ, սենց, թե՝ նենց պիտի ընտրեին»:

Թե ո՞ւմ նկատի ունի՝ «կոնկրետ մարդ» ասելով, մեր այս հարցին քաղաքացին հրաժարվեց անուն տալ, միայն նշեց. «Դե բոլորն էլ գիտեն Մալաթիայում ով ա «Դեմքը», հիվանդանոցն էլ՝ ումն ա»:

Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայում ԱԺ պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը, որի ընտանիքին էլ պատկանում է «Աստղիկ»  բժշկական կենտրոնը: Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Ալեքսանյանի զարմիկն է՝ Արտակ Ալեքսանյանը:

Մեզ դիմած քաղաքացիները ասացին, որ «Աստղիկ» բ/կ էին դիմել ամենքը տարբեր գանգատներով՝մեկի մոտ՝ աղիների խնդիր է, մյուսի մոտ՝ ստամոքսի, 3-րդի մոտ՝ ուռոլոգիական, մեկ այլ քաղաքացի էլ նշեց՝ գինեկոլոգիական խնդիրներ ունի: Ու թեեւ քաղաքացիները պետպատվերով բուժման իրավունք ունին, նրանք ներկայացրել էին փաստաթղթերը, սակայն հիվանդանոցում վստահեցրել էին՝ այլեւս պետպատվերով չեն կարող բուժել:

«Մի բժիշկն ասում էր՝ շտապ պետք է վիրահատվեք, բայց որ պետպատվեր չունեին էլ, չվերցրին մեզ: Որ սկսեցինք պնդել՝ բա ասում եք՝ շտապ է, ու չեք ընդունում, արդեն ուրիշ բան ասացին՝ չէ, անհետաձգելի չի ձեր մոտ»:

«Աստղիկ» բ/կ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ պետպատվերի գումարն ավարտվել է, քանի որ այն մեծամասամբ ծախսվել է նախընտրական շրջանում, ասաց. «Պետպատվերը վերջացել է, բայց նախընտրական շրջանը դրա հետ որեւէ կապ չունի»:

Ինչ վերաբերում է Մալաթիայի թաղապետի ուղեգրով անվճար բուժմանը, Ասատրյանն ասաց.«Թաղապետն՝ ուրիշ, դա պետպատվերի հետ կապ չունի: Ես վստահեցնում եմ՝ նման բան չկա, որ նախընտրականի ժամանակ է վերջացել, հորինել են:

Պետպատվերը կատարվում է պետպատվերի ուղեգրերի հիման վրա, թաղապետը ոչ մի կապ չունի: Պետպատվերի ուղեգրերը տալիս են այն մարմինները, որոնք իրավասու են, որի հիման վրա էլ կատարվում է բուժումը: Պետպատվերն անսահման չէ, չափ ունի, որի լիմիտը վերջացել է»:

Ինչ վերաբերում է քաղաքացիների նշած՝ անհետաձգելի ու ոչ շտապ բուժսպասարկմանը, Ասատրյանն ասաց. «Անհետաձգելիի դեպքում՝ կյանքին վտանգ սպառնացող բոլոր դեպքերը մենք նույնիսկ չենք քննարկում սպառվե՞լ է պետպատվերը, թե ոչ: Եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում՝ մենք անում ենք մեր գործը: Բացառվում է, որ «Աստղիկում» հիվանդի կյանքին վտանգ սպառնի՝ մենք բուժօգնություն չտրամադրենք, գումարի մասին չենք էլ խոսում»:

Իսկ ինչ վերաբերում է ոչ շտապ բուժօգնությանը, Ասատրյանն ասաց, նման դեպքերում, եթե պետպատվերի ուղեգիր կա, բայց իրենց մոտ գումարը սպառվել է, հիվանդին հորդորում են դիմել այն հիվանդանոց, որտեղ պետպատվերի գումարը չի սպառվել:

Հետո Ասատրյանը հիշեցրեց. «Մեզ մոտ վերջերս սրտի դանակահարության դեպքով  հիվանդ բերեցին, 1 միլիոնից ավել ծախս ենք արել: Ինքը դուրս գրվեց, կոպեկ չուներ:

2  նման դեպք ունեինք այս տարի, մեզ գումար չեն վճարել»: Արդյոք պետությունը փոխհատուցել է այդ դեպքերի համար, մեր այս հարցին ի պատասխան Ասատուրյանն ասաց.« Ուզում եմ ասել՝ մեր արած գործն ու պետության փոխհատուցածը… դրա մասին չենք էլ մտածում: Դրանք բարդ դեպքեր էին, ուրախ ենք, որ հաջողվեց կյանքները փրկել: Բախտներն էլ բերել էր, որ լավ մասնագետները տեղում էին, մեր լավագույն սրտային վիրաբույժ Մհեր Սուսանին տեղում էր ու ամեն ինչ լավ եղավ»:

Այսօր Aravot.am-ը առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին փոխանցեց քաղաքացիների դժգոհությունները՝ նախընտրական շրջանում պետպատվերի գումարի սպառման մասին: Ալթունյանն այսպես պատասխանեց՝ «Համաձայնվեք՝ նախընտրական, թե՝ հետընտրական բոլոր շրջաններում բուժօգնություն բոլոր ստացածները ՀՀ քաղաքացիներ են, նրանք բոլորը հարկ ունեին բուժվելու: Ի՞նչ տարբերություն, թե՝ երբ է կատարվել բուժօգնությունը»:

Մեր դիտարկմանը՝ տարբերությունը մեծ է՝ նրանց մեջ կան քաղաքացիներ, որոնք սոցիալապես անապահով չեն, եւ պետպատվերով բուժում չէր հասնում, ընդ որում, դա կատարվել է նախընտրական շրջանում, պարոն նախարարն այսպես արձագանքեց՝ «Այդ ուղղությամբ նախարարությունն աշխատում է, որ պետպատվերի բաշխման բանաձեւը դառնա թափանցիկ ու հասկանալի ե՛ւ բնակչությանը, ե՛ւ ԶԼՄ-ներին»:

Մեր հարցին՝ չե՞ք  պատրաստվում ուսումնասիրել՝ արդյոք ազնվորեն է այդ բուժհիմնարկում ծախսվել պետպատվերի գումարները, նախարարը պատասխանեց՝ «Այսօր այդ հարցով զբաղվում է վերահսկիչ պալատը եւ նա իր պատասխանը կտա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031