Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրվել է խնդիր, դիպուկահարը կատարել է փայլուն՝ առանց տարածքի մարդկանց ու պատանդին վնասելու». ՀՀ ոստիկանապետի խորհրդական

Օգոստոս 31,2017 21:50

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին համացանցում, ԶԼՄ-ներում և Երևանյան «բեսեդկաներում» բուռն քննարկման առարկա է դարձել օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում իրականացված վնասազերծման գործողությունը: Առանձնացրել եմ ավելի հաճախ հնչող հարցերը:

1.Հնարավոր չէ՞ր չսպանել։
Միանգամից ասեմ, որ ոստիկանությունը պատանդ վերցրած անձին սպանելու նպատակ չի ունեցել: Խնդիր է դրվել վիրավորել ուսը, որպեսզի ձեռքն անշարժացվեր, որովհետև նրա գործողություններն ավելի ու ավելի վտանգավոր էին դառնում պատանդի կյանքի համար: Ասվածի վկայությունն առկա է տեսանյութերում. նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը կարող է տեսնել, որ պատանդառուի գլուխն ու պարանոցը բաց են և կներեք, որպես թիրախ ավելի հարմար դիպուկահարին, բայց նշանակետը եղել է ուսը: Այնպես որ, խնդիրը պատանդին սպառնացող վտանգը նվազեցնելն է եղել և՝ ո՛չ մահացու եղանակով, պարզապես ուսագոտու շրջանի երակները խիտ են ու խոցելի և ըստ իս, արյունատար անոթի վնասումն է դարձել մահվան պատճառ: Դատաբժշկական եզրակացությամբ, կարծում եմ, կտրվի այս հարցի հստակ պատասխանը:

2. դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելը
Ինչ վերաբերում է դիպուկահարի՝ բազմության մեջ աշխատելուն, ապա նրա նպատակը առանց մարդկանց վնասելու իր խնդիրը կատարելն է: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողությանը, ապա պատանդ վերցնողը պատուհանից տեսնում էր ամեն ինչ, և տարածքում գտնվող քաղաքացիներին հեռացնելու դեպքում հաստատ կդիմեր գործողությունների, որոնք կվտանգեին պատանդի կյանքը: Խնդիր կար պահպանել փողոցի առօրյա վիճակը, որպեսզի պատանդառուի ուշադրությունը չկենտրոնանար նշանառուի ուղղությամբ և դա պատանդին սպանելու առիթ չհանդիսանար։ Կարծում եմ՝ հարցին պետք է նայել այլ տեսանկյունից. Դրվել է խնդիր, դիպուկահարը կատարել է փայլուն՝ առանց տարածքի մարդկանց ու պատանդին վնասելու:

3. բանակցությունների արդյունավետությունը:
Հայտնի է, որ բանակցությունները տևել են մեկ ժամից ավելի, և ընթացքում պատանդ վերցրած անձը որևէ կոնկրետ պահանջ չի ներկայացրել, ընդամենը արտահայտել է ինչ-որ ոչ ադեկվատ ցանկություններ, և անգամ, երբ դրանք կատարվել են բանակցողների կողմից, պահանջել է չմոտենալ: Այնպես որ, դասական իմաստով բանակցություններ չեն եղել ի սկզբանե, իսկ պատանդին սպառնացող վտանգը չափազանց իրական էր: Իհարկե, անգամ իմ այս վերլուծությունները նախնական են. վերջնական ու պրոֆեսիոնալ վերլուծությունը կտան մասնագետները: Ուստի հորդորում եմ զինվել համբերությամբ և սպասել համալիր փորձաքննությունների ամփոփիչ եզրակացությանը:

4. Ի դեպ, հիմա էլ խոսակցություններ են գնում երկրորդ կրակոցի մասին։ Այո, դա նման իրավիճակներում գործադրվող պրոֆեսիոնալ միջոց է և կիրառվել է անգնդակ կրակոցի ձայնով վիրավոր պատանդառուի ուշադրությունը շեղելու նպատակով, կրկին ելնելով պատանդի կյանքին սպառնացող վտանգի իրական չափից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031