Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում երեկ պաշտոնյա է ձերբակալվել

Օգոստոս 31,2017 22:11

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից:

Ընդ որում, խարդախությամբ գումար հափշտակելու փաստով քրեական գործ հարուցվել է այն ժամանակ, երբ իրավապահները քննելիս են եղել մեկ այլ հանցագործություն՝ Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակը անարգելու դեպքը։ Այս առիթով, ըստ դատախազի, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի հատկանիշներով՝ «Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը»։ Դատախազը մեկ անգամ ևս հստակեցրեց, որ նշված քրեական գործի քննության շրջանակներում է բացահայտվել պաշտոնյայի կողմից խարդախության եղանակով գումար հափշտակելու հանգամանքը։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ 8 օր առաջ Գյումրի քաղաքի բնակչուհիներից մեկը հաղորդում է տվել այն մասին, որ հայրը մահացել է 27.03.2013թ. և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՓԲԸ ընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։

Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։ Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։ Վերջիններս ներգրավվել են որպես կասկածյալ և հարցաքննվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս մեկ անձ՝ ՓԲԸ-ի տնօրենը, ձերբակալվել է՝ խարդախությամբ վստահությունը չարաշահելով գումար հափշտակելու կասկածանքով»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեր տեղեկություններով, այս պատմության մեջ ակամա ներքաշվել է Շիրակի մարզի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը առանց իմանալու, որ տվյալ տարածքում հուղարկավորված են երեք հարազատներ՝ իր մորը հուղարկավորել է այնտեղ։ Նախկին պաշտոնյային այդ գերեզմանատեղին առաջարկել են որպես ազատ տարածք, սակայն հետագայում պարզվել է, որ գերեզմանափորները երեք հարազատներից մեկի դին գիշերով հանել-գցել են ջրի մեջ ու տվյալ տարածքն են տրամադրել նախկին պաշտոնյային։

Հարուցվել է քրեական գործ՝ դիակն անարգելու փաստով, ու քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ երկու անձ խարդախությամբ գումար են հափշտակել գերեզմանոցի տեղը հատկացնելու համար։ Նրանցից մեկը՝ «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը, Շիրակի դատախազի հանձնարարականով ձերբակալվել է։ Իսկ մյուս անձը մահացել է օրերս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Սպասում եմ, թե երբ է բացահայտվելու իմ հայրիկի գերեզմանին կից պարիսպին վնաս հասցնելու քրեական գործը: Ինչի համար է էդ ՞Հավերժ հիշատակ՞ ընկերությունը:Միայն գերեզմանների տարածքների հողերը վաճառելու?: Ամբողջ օրը գերեզմանների վարիչները՝սիգարետները բերաններին, պատի տակ նստած են ու ասում են՝ .՞մենք մինչևժամը 15-00 են աշխատում, մենք
    ինչ գիտենք ով է արել՞: Բա ինչ գիտեն? եթե ոչինչ չգիտեն, թող լուծարեն դրանց, ինչու են մեր հաշվի աշխատավարձ ստանում? Սպասում եմ մեր քրեական գործի բացահայտմանը:

Պատասխանել Լիլիթ

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031