Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՜- Թե՜-ն նաեւ ռազմաքաղաքական ոլորտում

Սեպտեմբեր 04,2017 22:11

Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»։

Այս հայտարարության բովանդակային տարբաղադրումը հետեւյալն կետերում է ամփոփում մեր պաշտոնական ռազմաքաղաքական հայեցակարգը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երկու բեւեռային միավորների նկատմամբ.

ՀԱՊԿ-ի առնչությամբ` ՀՀ-ի զինված ուժերն ու ՀԱՊԿ-ի համակարգը փոխադարձաբար ունեն շատ կարեւոր նշանակություն։ Այստեղ շեշտվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ  անվտանգության ընդհանուր համակարգում. այս նշանակությունը որակվել է նույնիսկ առանցքային։

ՆԱՏՕ-ի առնչությամբ` նշվել  են երեք ուղղությունները (քաղաքական, ժողովրդավարական եւ խաղաղար առաքելություններ) եւ շեշտվել ՀՀ լայն համագործակցությունը հավասարապես այս երեք ուղղություններով։

Բացատրությունների հիմնական նպատակը այն է, որ Վրաստանում կայացած զորավարժություններին հայկական կողմի չմասնակցելը չպետք է քաղաքականացված մեկնաբանությունների դուռ բացի։

Անդամակցելով ՀԱՊԿ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, այսուհանդերձ պաշտոնական Երեւանը  շարունակում է հավասարակշիռ եւ այս դեպքում երկկողմ հարաբերությունները։ Ուղղությունների հավասարակշիռ պահպանման այս վարքագիծը թե՜ ռազմաքաղաքական, թե՜ դիվանագիտական եւ թե՜ ընդհանրապես միջազգային հարաբերություններում առանցքային բնույթ է ստացել հայկական կողմի համար։

Աշխարհագրական դիրքը, տարածաշրջանում կիրառվող աշխարհաքաղաքականությունը, տարբեր պետությունների շահագրգռվածության նշաձողի անվերջանալի բարձրացումը, անվտանգության հետ առնչված տարբեր իրադարձությունների արձանագրումը` հանգամանքներ են, որոնք հաշվի են առնվում հայկական կողմից եւ մղում, որ նշված ոլորտների վերաբերյալ մշակված հայեցակարգերում ներառվեն։

Համապատասխան գերատեսչությունն առանց նախապես հայտարարելու թե պիտի մասնակցի թե ոչ Վրաստանում կայացող զորավարժություններին, որոշել է այս հանգրվանին չմասնակցել։ Իհարկե, որոշումը բնականաբար կունենա իր պատճառականությունը։

Եւ եթե ռազմաքաղաքական մի բեւեռային միավորի հետ համագործակցությունը առանցքային բնույթ ունի, մինչ երկրորդի դեպքում երկարամյա եւ լայն ձեւաչափ, այդ բնականաբար ենթադրում է, որ առանցքայինի նման բոլոր ծրագրերին ինքնաբերաբար մասնակցություն չի արձանագրվում։

Այստեղ կա տարբերություն, որը բացատրվում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ ապահովական հարթությունների վրա տիրող իրավիճակներով եւ դրանցից մեկնած կայացած անդամակցություններով։ Մեկի դեպքում լիարժեք անդամակցություն է, մյուսի` համագործակցություն։

Այս հանգամանքները նկատի ունենալով արտառոց երեւույթ չպետք է փնտրել ՆԱՏՕ-ի հերթական զորավարժություններից մեկին Երեւանի չմասնակցելու որոշման մեջ։ Այս բոլորով հանդերձ, այս ոլորտում եւս թե՜, թե՜-ն  կիրառվում է հայկական կողմից։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930