Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոռը հրեշ չէր, նրան հատուկ էին այդպիսին դարձրել»

Սեպտեմբեր 04,2017 23:33

«Առավոտը» հրապարակում է Գոռ Հակոբյանի ընտանիքի մտերիմներից մեկի հոդվածը:

Գոռ Հակոբյանը Հայաստան էր եկել իր ցանկությամբ, Ամերիկայում մնալու տարբերակներ շատ ուներ, կարող էր գնալ նաեւ ցանկացած այլ երկիր, սակայն ինքը որոշել էր ու եկել էր նոր կյանք սկսելու ու ապրելու այն երկրում, ուր ծնվել էր, մեծացել։ Մի փոքրիկ բնակարան էր վարձել ու ապրում էր, ուրախ էր որ վերադարձել է Հայաստան. ծրագրեր ուներ Ամերիկյան համալսարանում շարունակելու կրթությունը, որովհետեւ որքան էլ շատերիդ համար բացահայտում լինի, Գոռը ԱՄՆ-ում գերազանցությամբ էր ավարտել դպրոցը, ուներ բավական դասընթացների կրեդիտներ, տիրապետում էր երեք լեզուների, բացառիկ լավ էր մաթեմատիկայից ,սակայն …

Այո, մինչեւ Հայաստան վերադառնալը նա դատապարտված է եղել, պատանեկության հասակում սխալներ էր գործել, որոնց պատճառով հայտնվել էր բանտում… բայց ոչ գողության, ոչ նարկոտիկի եւ ոչ էլ, մանավանդ մարդասպանության համար, ինչպես գրում է դեղին մամուլը. Ամերիկայի Միացյալ Նահանգներում պարզապես կրակոցի համար մարդուն կարող են դատապարտել ցմահ բանտարկության, ուր մնաց, թե՝ մարդասպանության, այն էլ` հինգ հոգու… Սա ոչ թե պարզապես բամբասանք է, այլ կատարյալ անհեթեթություն… բայց սոսկալին այն է, որ, դիմակայելով ամերիկյան բանտերում, նա սպանվեց հայի ձեռքով (կան փաստաթղթեր, թե Գոռն ինչի համար է դատապարտվել, եւ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց նախ պիտի ճշտեր ամեն բան` հրապարակելուց առաջ, ի՟նչ «Արմենիան փաուեր», գոնե գիտե՞ք ինչ է դա իրենից ներկայացնում…):

Դեպքի բոլոր մանրամասների մասին դեռ հարկ կլինի խոսել ավելի հանգամանալից հետաքննությունից հետո, թեպետ մտահոգ եմ՝ արդյո՞ք հետաքննությունը ճիշտ ուղղությամբ կգնա։ Հուսով եմ՝ հետաքննությունը կպարզի, թե ինչու էր Գոռը փաստաբան պահանջում, եւ ինչ հինգ անձանց անուններ էր նա տվել, որ այդպես էլ չի հրապարակվում: Չի բացառվում, որ նրանք գործով վկաներ էին: Չնայած Գոռի ոչ ադեկվատ վիճակին՝ կարելի էր նրա կցկտուր բառերից հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ասելիք ուներ…

Ես նրան մանկուց եմ ճանաչել, եւ ինչպես ես, այնպես էլ նրան ճանաչող շատ-շատերը կարող են վկայել, որ հրեշի տեսքով տղան ամենեւին էլ այն խելացի, բանիմաց Գոռը չէր, ում հետ խոսելուց կարելի էր պարզապես հաճույք ստանալ… ինչ-որ մեկին ձեռնտու էր նրան հրեշ դարձնել՝ հասարակությանը համոզելու համար, որ «նարկոման էր՝ սպանեցինք»:

Որտեղի՞ց էր այդ աղջիկը հայտնվել նրա կյանքում, ի՞նչ ակնկալիքով, ո՞ւմ թելադրանքով եւ ի՞նչ չար նպատակների համար… Նայելով սարսափազդու դեպքի նկարահանումները՝ ցանկացած մարդ, էլ չեմ ասում հոգեբան, կարող էր պարզ տեսնել, որ տղան գտնվում էր ծանր դեղերի ազդեցության տակ, ադեկվատ չէր, եւ նրան «վնասազերծելը» հենց ի սկզբանե սպանելն էր, որպեսզի չբացահայտվեր այն, ինչից վախենում էին հրաման արձակողները…Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք ու վաճառքի ոչ մի գործարք չի արվում առանց որեւէ մեկի, կամ խմբավորման հովանավորության… կարծում եմ՝ դա էր պատճառը, որ մեր «օրենքը» սպանելով փակեց նրա բերանը, արատավորելով բարի համբավ ունեցող մի ընտանիքի անուն եւ խլելով մի երիտասարդի կյանք, որը հայտնվել էր ծուղակում:

Ո՞վ էր այդ աղջիկը, որը դատապարտվել էր թմրամոլության համար… նա, իմ համոզմամբ, Գոռի կյանք էր մտել հատուկ ծրագրով, եւ Գոռը, իմանալով դրա մասին, ուզում էր հաշվեհարդար տեսնել նրա հետ: Դեպքից շաբաթներ առաջ Գոռը մի քանի ակնարկներ է արել իր հարազատներին, որ իրեն սպանելու են, քանի որ ինքը տիրապետում է որոշ տեղեկությունների: Ի՞նչն էր ստիպել Գոռին այդպես մտածելու, ինչո՞ւ էր այդ հումորով, կատակասեր տղան հրեշ դարձել, ի՞նչ տեսակի դեղեր էին ծախել նրան քնաբերի անվան տակ…ժամանակը ցույց կտա:

Երբ վնասազերծում էին «Սասնա ծռերին», որոնք արդեն իսկ մարդ էին սպանել, հեղաշրջման փորձ էին անում, նրանց հանդեպ ոստիկանությունն ավելի մեղմ գտնվեց, քան այս երիտասարդի, որը մոլորվել էր, օգնության կարիք ուներ: Եվ հետո, եթե նա, ինչպես պնդում է ոստիկանությունը, սպառնում էր այդ կասկածելի աղջկա կյանքին, կատարեր այդ ծանր հանցանքը եւ սպաներ, նրան դատապարտելու էին առավելագույնը ցմահ բանտարկության, դատ ու դատաստան էր լինելու, նա պաշտպանվելու հնարավորություն էր ունենալու: Իսկ այսպես… նա սպանություն չկատարած՝ նրան դատապարտեցին մահվան՝ առանց դատ ու դատաստանի: Փաստորեն՝ եթե նա մարդասպան լիներ՝ իրեն չէին սպանի:

Ես ամենեւին մտադիր չեմ համեմատել «Սասնա ծռերի» եւ Գոռի արարքները, ես համեմատում եմ նրանց հանդեպ պետության վերաբերմունքը, եւ նորից հանգում այն եզրակացության, որ սա պլանավորած սպանություն էր, այլապես նրան էլ կարող էին «վնասազերծել» այնպես, որ չխլեին նրա կյանքը: Թող կանգներ դատարանի առջեւ եւ պատասխան տար իր կատարած արարքների համար:

Հ.Գ. Հուսով եմ՝ այն աղջկան «պատահաբար» մի բան չի պատահի, ի՞նչ իմանաս, գուցե նա շատ բան գիտի, եւ անցանկալի վկա է….

Լենա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ես իմ կարծիքն այդ մասին հենց այդպես էլ արտահայտել եմ; երբ կարդացի նրա մասին հոդվածը’ եթե նա պահանջում էր փաստաբան եվ միաժամանակ հինգ մարդու առկայություն;նշանակում է նրա նպատակը այդ աղջկան սպանելը չէր; նա դա կարող անել առանց որեվէ աղմուկի: Հոդվածագիրը ճիշտ է; նրան սպանեցին; լռեցնելու եվ որոշակի մարդկանց անունները կոծկելու համար

  2. ՀՀ քաղաքացի says:

    Այո, երիտասարդին սպանեցին ոչ թե վնասազերծեցին: Կադրերից ակնհայտ էր, որ նա այդ աղջկան սպանելու միտք չուներ և չէր տիրապետում պատանդ պահելու հմտություններին, այսինքն պրոֆեսիոնալ հանցագործ չեր, ինչպես որ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ և զգուշացված էլ չեր իրեն այդ կերպ վնասազերծելու մասին, այլապես նա կարող էր աղջկան թիրախ պահելով թաքնվել դիպուկահարից:

    Կուզենայի մի քանի խոսք ուղղել մեզ ՝ մեր հայ ազգին.

    Մենք շատ ենք չարացել, մեկս մյուսի հանդեպ, չկա հանդուրժողականություն և զիջողականություն, ինչու չենք ուզում պահպանել կարգուկանոն և հարգել օրենքը, պահանջել օրիպահ մարմիններից որպեսզի նրանք էլ օրենքով և իրենց կանոնակարգով ուղղորդվեն: Ամեն օր մենք կարդում ենք օրեցոր շատացող ողբերգական ավտովթարների, զինվորին սպանելու, դանակահարությունների, ինքնասպանությունների մասին և մեծ ցավ ապրում:((
    Միթե հնարավոր չէ կանխել այս դեպքերը:
    Ինչ մտածեց վերջին ահասարսուռ դեպքի գլխավոր մեղավոր humer ի վարորդը՝ ով ժամանակին տեսնելով իր գոտում հայտնված խոչընդոտը՝ բառիս բուն իմաստով, փոխարենը արգելակեր կամ նույն արագությամբ հարվածեր խոչընդոտին, այս դեպքում և ինքը քիչ կտուժեր և խոչընդոտի փոխարեն անմեղ երեխան չեր զրկվի կյանքից:
    Կամ ինչու ռեստորանային համալիրի անվտանգությունը չկանխեց մեկ այլ սպանություն:
    Կամ ինչու՞ պետավտոտեսուչի օրինական պահանջին չենթարկվող ասմունքող, փրկարար, զինվորական, գյուղապետ, կամ այլ պաշտոնյա և ոչ պաշտոնյա վարորդները տեղում չեն կալանավորվում, այս կերպ գուցե շատ վթարներ կանխվեն:

    Մենք կարող ենք ճիշտ ապրել, բայց երկար ժամանակ բռնել ենք ինքնաոչնչացման ուղին, կոչ եմ անում կանգ առնենք, սթափվենք և դիմենք մեր Հանրապետության նախագահին՝ խնդրենք և պահանջենք որպիսի միջոցներ ձեռնարկվի մեղմելու Հանրապետությունում տիրող այս իրավիճակը:

  3. Աշոտ says:

    ԱՄՆ-ում սխալվելա հանցագործությունա արել, ստեղ սխալմամբ թմրանյութա օգտագործել ու մարդա պատանդ վերցրել, դանակը պահելա կոկորդա:
    Դե սնայպերնել սխալվելա, չի ուզեցել սպանի, ուզեցալա վիրավորի, ուղղակի տենցա ստացվել Գոռը սպանվելա:
    Ներենք սնայպերին:

  4. Armine G says:

    Սնայպերը սխալվելու իրավունք չունի ու չի սխալվել:
    Արել է այն ինչ իրեն հրամայել են անել – լռեցնել:

Պատասխանել Աշոտ

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930