Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Եթե շարունակեմ աշխատանքս այստեղ, ապա կարելի է այդպես ասել» (Տեսանյութ). ffa.am

Սեպտեմբեր 05,2017 00:25

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք՝ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի:

-Պարոն Պետրոսյան, արդյո՞ք թիմն արժանի էր խոշոր հաշվով պարտության:

-Չեմ կարծում: Խաղը լավ սկսեցինք, բայց չէինք կարողանում պայքարել գնդակի համար երկրորդ հարկում, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ էին: Մեր սխալների արդյունքում նախ թույլատրեցինք հաշիվը հավասարեցնել, այնուհետև` երկրորդ սխալից հետո, նրանք ստացան տուգանայինի հնարավորություն և առաջ անցան հաշվի մեջ:

-Առաջին և երկրորդ կեսերում խաղի պատկերը գրեթե նույնն էր: Եթե առաջին կեսում մեզ մոտ գրոհելը ստացվում էր, ապա երկրորդում ինչ-որ բան խանգարում էր: Արազ Օզբիլիսի փոփոխությունն էլ հավանաբար միտված էր առջևում սրություն մտցնելու մեջ: Ի՞նչը չէր ստացվում հարձակման սուր եզրում, և արդյո՞ք Արազ Օզբիլիսն արդարացրեց սպասելիքները:

-Երբ դու փորձում ես գրոհ սկսել ու առաջին փոխանցումը միանգամից մրցակցի ֆուտբոլիստի մոտ է հայտնվում, այդ ժամանակ շատ դժվար է լինում գրոհ զարգացնել: Ասեմ ավելին՝ երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում ու լինում են գնդակի կորուստներ, որից հետո ամբողջ թիմով հետ պիտի վազես՝ գալիս է ժամանակ, որ ուժերդ էլ չեն բավականացնում: Արազին այդ իսկ պատճառով էլ մտցրինք խաղադաշտ, որպեսզի գնդակ ընդունի, փոխանցում կատարի ու ինչու չէ՝ հնարավորության դեպքում հարված կատարի դարպասին: Ցավոք, դա նրա մոտ չստացվեց:

-Երեկ խոսեցինք կենտրոնական պաշտպանի դիրքում խնդրի մասին: Եվրոպական գրեթե բոլոր թիմերն ունեն բարձրահասակ կենտրոնական պաշտպաններ: Նաև մեզ մոտ փոխանցումների խոտանն է շատ բարձր: Ինչպե՞ս պետք է լրացնել այդ բացերը:

-Եվս մեկ անգամ նշեմ՝ մենք ունեինք չորս օր ժամանակ, և այդ ընթացքում ինչ-որ բան փոխելը շատ դժվար է։ Դա պետք է փոքրուց սովորեցնել, իսկ ակումբներում դրա վրա աշխատել: Մեզ խանգարեց տեխնիկական խոտանը: Մենք շատ շուտ գնդակ էինք կորցնում, իսկ Դանիայի պես մրցակցի դեմ խաղում դա լուրջ խնդիր է: Բարձրահասակ ֆուտբոլիստների դեմ պետք է խաղալ քանակական առավելությամբ: Մենք ունեինք այդ առավելությունը, և իրենց փոխանցումների 97-98%-ը չեզոքացրել ենք, իսկ այն կարևոր 2-3 դեպքերի ժամանակ չկարողացանք ճիշտ դիրք գրավել և թույլ տվեցինք հակառակորդին դարպասը գրավել:

 -Պարոն Պետրոսյան, եղե՞լ է մեկնարկային կազմի հետ կապված սխալ որոշում և եթե այո, ապա ո՞ր դիրքում։

-Ես կարծում եմ, որ սխալ չի եղել: Խաղացել ենք մեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներով: Պաշտպանության գծում առհասարակ այլ տարբերակներ չունեինք: Հարձակման գծում էլ Ռուսլան Կորյանի խաղադաշտ դուրս գալը սխալ որոշում չէր, քանի որ նա շատ լավ խաղ անցկացրեց: Տիգրան Բարսեղյանի հոգնածության ֆոնին էլ խաղը սկսեց Սարգիս Ադամյանը, ով բավականին մեծ աշխատանք կատարեց: Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը նույնպես անցած խաղին չէին մասնակցել և նրանք նույնպես բավական մեծ աշխատանք տարան: Ցավալին այն է, որ ամեն խաղին մենք հարկադրված փոփոխություններ ենք կատարում։ Դրանցով մենք ինչ-որ բան չենք փոխում, թե Կորյանի, թե Հայրապետյանի փոփոխություններն էլ պարտադրված էին։ Գաել Անդոնյանն էլ մինչև վերջին րոպեն ցավերով էր խաղում: Ես հարցրի նրան` արդյո՞ք նա ուզում է փոխարինվել, քանի որ մենք ունեինք ընդամենը մեկ փոփոխության հնարավորություն, և Գաելն ասաց, որ մինչև վերջ կարող է խաղալ:

-Երկրորդ խաղում անընդմեջ մարտավարական փոփոխություններ եք կատարում: Կարելի՞ է ասել, որ նոր փուլի եք պատրաստվում:

-Եթե շարունակեմ աշխատանքս այստեղ, ապա կարելի է այդպես ասել (ծիծաղում է-խմբ.)։ Գրեթե նույն տակտիկական դասավորությունն էր, ինչ Ռումինիայի դեմ խաղում: Այս անգամ, երբ մենք գնդակով էինք՝ Կորյանը խաղում էր որպես երկրորդ հարձակվող, իսկ երբ թիմը պաշտպանվում էր՝ նա խաղում էր Մխիթարյանի կողքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930