Արդյոք որոշումն ինքնիշխա՞ն էր

Արդյոք որոշումն ինքնիշխա՞ն էր

2013թ. սեպտեմբերի 3-ի խայտառակությունը նոր հետցնցում արձանագրեց այդ «օրհնված սհաթից» ուղիղ չորս տարի անց, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը, «ցավոք սրտի, վերջին պահին», ինչպես դրա մասին հայտարարեց Վրաստանի ՊՆ ներկայացուցիչ Գեորգի Կաչարավան, հրաժարվեց մասնակցել չափազանց կարեւոր զորավարժություններին Ջավախքի Ախալցխայի մոտ տեղակայված Օրֆոլո ռազմաբազայում:

Օգոստոսի 29-ի հաղորդագրությամբ Վրաստանի ՊՆ-ն հայտնեց, որ «Agile Spirit 2017» («Ճկուն ոգի 2017») զորավարժություններին մասնակցելու են Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, Լատվիան եւ Հայաստանը: ԱՄՆ-ի ծովային հետեւակայինները, «Աբրամս» տանկերը եւ այլ զրահատեխնիկան ժամանում էին Վրաստան, եւ Երեւանից այլ տեղեկատվություն չկար, մամուլը զբաղված էր սեպտեմբերի 1-ով, հետո 2-ով՝ Արցախի Անկախության հռչակման առթիվ տոնակատարություններով, երբ Վրաստանի ՊՆ-ն պաշտոնական կայքի վրացալեզու էջում կարճ հաղորդագություն տարածեց զորավարժությունների վերաբերյալ, որին կից նկարում մասնակից երկրների դրոշների շարքում հանկարծ բացակայեց Հայաստանի դրոշը, եւ նրա փոխարեն հայտնվեց… Ադրբեջանի դրոշը: Իսկ կիրակի օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կաչարավան բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել…

Իսկ տեղի է ունեցել մի նոր խայտառակություն, որի մասշտաբները կերեւան դեռ առաջիկայում, եւ, ինչպես կյանքն է ցույց տալիս, Հայաստանի իշխանություններն անկարող են դրան դիմագրավել: Բոլոր բացատրությունները, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ «մեկ գիշերվա» չէր, «բանակցություններ էին գնում», «Եվրոպան էր մեղավոր», «դա անվտանգության հարց էր» եւ այլն, ինչի մասին նույնիսկ նույն այդ օրը Գալուստ Սահակյանն էլ տեղյակ չէր, ուղիղ չորս տարի անց իրենց արժեքի առումով եկան եւ հավասարվեցին բացարձակ զրոյի:

Դժվար չէ պատկերացնել, որ իշխանության խոսնակները տեղի ունեցածի «բացատրության» մի նոր բանաձեւ կփորձեն հրամցնել հասարակությանը: Եթե չորս տարի առաջվա խայտառակությունը ստվերեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ապա այս մեկը ներառում է անվտանգության ու պաշտպանության ոլորտները, ստվերելով Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի հետ: Այն ժամանակ «բացատրում էին», հիմա էլ միգուցե «բացատրեն», չնայած ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրաժարվելը պատասխանից՝ ամենապերճախոս եւ իրավիճակին ամենահամարժեք պատասխանն է:

Բայց չէ՞ որ այսպիսի «քաղաքականությունն» այլեւս ուղղակի անլուրջ է, պարոնա՛յք:

Ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանի համար մասնակցությունն այս զորավարժություններին, մասնակիցների այս կազմով, ներկայիս իրողությունների պայմաններում, հատկապես՝ Սեւծովյան անվտանգության համատեքստում, ուներ ուղղակի ռազմավարական նշանակություն: Եվ Հայաստանի հրաժարվելն այս զորավարժություններին մասնակցելուց խոսում է երեք չհաղթահարված գործոնների մասին. «ռազմավարական դաշնակցի» կոպտագույն շանտաժ, պետական մեքենայի վարչական եւ ինտելեկտուալ իմպոտենցիա, ռազմավարական տեսլականի իսպառ բացակայություն եւ իրողությունների անընկալունակություն:

Բնական էր, որ այնպես, ինչպես վերջին պահին Հայաստանը հրաժարվեց մասնակցությունից, Ադրբեջանը հայտնվեց մասնակիցների շարքում նույնպես վերջին պահին, մինչդեռ մի քանի օր առաջ նշված չէր մասնակիցների շարքում, եւ հայկական դիվանագիտությունն այդ կապակցությամբ կարող է արձանագրել իր հերթական «փայլուն հաղթանակը»: Ի վերջո, եթե վստահ չես՝ մասնակցելու ես, թե ոչ, կարող ես պնդել մտադրությունդ բոլոր պարագաներում, թե ոչ, ապա հաստատ կարելի էր գոնե հենց սկզբից հրաժարվել:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հրաժարվելուց էլ շատ բան չես շահում. Մոսկվան չի վստահել, չի վստահում եւ չի վստահելու Հայաստանին, եւ դա նորություն չէ: Մոսկվան դրա համար «շնորհակալություն» չի ասելու եւ, ասենք, արցունքներին հավատալով չի դադարեցնի Բաքվին հարձակողական զենք մատակարարելը, էներգետիկայի ոլորտը որպես գողոն տեղը չի դնելու, Ռոբերտ Քոչարյանին շքանշան չի տալու, չնայած կարելի էր այս օրվան հասցնելու վաստակի համար, ու ոչ էլ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումն է երաշխավորված: Ի վերջո, ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսք գնալ, եթե «մեկ գիշերվա» պրակտիկան ստացել է հոսքագծային բնույթ:

Ակնհայտ է, որ իշխանության քաղաքական քաշը, բարոյական եւ ինտելեկտուալ մակարդակն այլեւս համարժեք չեն առկա մարտահրավերներին, նրանց հաղթահարման խնդրի ապահովմանը: Նաեւ՝ այլեւս կասկած լինել չի կարող, որ Հայաստանի ապագան ուղղակի անհամատեղելի է Ռուսաստանի հետ ներկայիս աննորմալ հարաբերությունների հետ: Եւ խնդիրն այն է, որ խնդիրը միայն իշխանությունը չէ. խնդիրը քաղաքական դաշտն է, որը տարիներով լցոնված է գերազանցապես քաղաքականության հետ կապ չունեցող քաղաքական աղբով, որի մոտ այլեւս քաղաքական իմիտացիան էլ չի ստացվում:

Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր, թե իրենք ուզում են համոզված լինել, որ «Հայաստանը ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն ունի»… Դե, որ ունենար՝ կկայացներ: Ցավոք, այդպես էլ ստացվում է: Եվ դա ընթացիկ քաղաքականության հարցերի հարցն է, քաղաքական օրակարգի միակ հարցը, որի լուծումը միայն եւ բացառապես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների ձեռքում է:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

05.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Առաջինը,ինչ գիտեք վրացիները ճիշտ են ասում։Երկրորդ,ինչ գիտեք այդքան կարևոր են զորավարժությունները

  2. Մարինա says:

    Հայաստանի ապագան, ըստ հեղինակի, անհամատեղելի է Ռուսաստանի հետ ներկայիս աննորմալ հարաբերությունների հետ: Եթե զարգացնենք այս տրամաբանությունը, կստացվի, որ Հայաստանի ապագան ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ է:
    Հայաստան ասելով հեղինակը նկատի ունի կոնկրետ ում, պարզ չէ: Հարցում է կատարվել հայաստանցիների շրջանում և նրանք ասել են, որ Ռուսաստանի հետ չեն ուզում կապեր, թէ ինչ, հասկանալի չէ: Եթե կան նման հարցումների արդյունքներ, դա արդեն այլ բան է: Թէ չէ պնդումներ և հայտարարություններ հնչեցնել մի ամբողջ երկրի անունից՝ ազնիվ չէ:

  3. Աշոտ says:

    ԱՄՆ-ը իր վասալների հետ զորավարժություններա անում, Ռուսաստանի սահմանի մոտ:
    Դրանց մասնակցելու իմաստը որնա?

    Ակնհայտա որ անհրաժեշտ պահին քցելույա վասալներին ոնց որ արեց Վրաստանի ու Ուկրաինայի հետ:

    Ամանահետարքրքիրն էնա, որ վրացիք համարյա բանակ չունեն, բայց ակտիվ ինչ որ զորավարժություններ են անում, Աֆղանստանում իբր խաղաղություն են հաստատում, արդեն մի քանի զոհ են տվել:
    Մի խոսքով ակտիվ պատրաստվում են թալիբների ու արաբների դեմ կռվելու հոպարների զորքի կազմում: Իրան երկրում գիտեն, հենց մի գումարտակ Ռոկի թունելն, մինչև Թիֆլիս փախնելու են:ՃՃ

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք