Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը

Սեպտեմբեր 05,2017 19:40

Ս. թ. օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպությունում  (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ կողմից պատրաստված փաստաթուղթը, որը ներկայացնում է Արցախի մեկուսացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է զարգացման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ Կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրերով։ Զարգացման իրավունքը հանդիսանում է յուրաքանչյուր անհատի և ժողովրդի անկապտելի իրավունք՝ ներառելով իր մեջ բնական ռեսուրսների նկատմամբ լիարժեք ինքնիշխանություն, ինքնորոշում, զարգացման գործում ժողովրդական մասնակցություն, հնարավորության հավասարություն, և այլ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ իրացնելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

Հղում կատարելով միջազգային իրավունքի մի շարք նորմերի՝ փաստաթղթում ընդգծվում է, որ անհատական և կոլեկտիվ իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում` սոցիալական և տնտեսական իրավունքների իրացումը չի կարող կախված լինել մարդկանց բնակության երկրի կարգավիճակից, հետևաբար, միջազգային ճանաչվածության բացակայությունը չի կարող ազդել Արցախի Հանրապետության՝ միջազգային հարաբերություններում ներգրավելու և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորության վրա։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՄԱԿ անդամ երկրների հետ՝ հանրապետությունում կայուն և թափանցիկ տնտեսական գործունեության ապահովման նպատակով։

«Իրենց հերթին, Արցախի Հանրապետության իշխանությունները, անում են հնարավորինը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա լիարժեք կերպով իրացնել միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները, ազատորեն զարգացնել և իրացնել սեփական ներուժը։ Այս կերպ Արցախի իշխանությունները նպաստում են խաղաղ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայացմանը», – նշված է պաշտոնական փաստաթղթում։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930