Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամտության վնասները

Սեպտեմբեր 06,2017 10:00

Ինչպես միշտ, ուզում եմ խուսափել ծայրահեղություններից: Վրաց-ամերիկյան զորավարժություններին չմասնակցելը խայտառակություն չէր, պետության կործանում չէր, դիվանագիտական պարտություն չէր, ստրկամտության դրսեւորում չէր: Դա քաղաքականություն է, որտեղ պետք է հաշվեկշռել շահերը, կանխատեսել, թե այս կամ այն քայլից ինչ օգուտներ ես ստանալու, ինչ վնասներ ես կրելու եւ այլն: Արդյոք ճի՞շտ էին այս կոնկրետ դեպքում հաշվարկները՝ դժվարանում եմ ասել: Բայց ամեն մի մեծ կամ փոքր իրադարձության առիթով նվնվալը, թե մենք պետություն չունենք, մենք բանակ չունենք, դիվանագիտություն չունենք, ԱԻՆ չունենք, ֆուտբոլ չունենք եւ այլն՝ դա, ինձ թվում է, չի նպաստում իրականում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:

Մյուս կողմից՝ մեր իշխանությունները չեն սովորել հանրության հետ շփվելու ճիշտ ձեւերը: Եթե մտադրություն չկար մասնակցելու տվյալ զորավարժություններին, ապա պետք էր դրա մասին ասել մեկ շաբաթ առաջ, երբ հայտնվեցին դրա մասին հրապարակումները, եւ ոչ թե յոթ օր շարունակ խորհրդավոր լռություն պահպանել: Գիտե՞ք, այդ լռությունը, լուրերը որեւէ ձեւով չմեկնաբանելը ինչպիսի ուղերձ է պարունակում. «Մենք՝ իմաստուն իշխանավորներս, գիտենք, թե ինչ ենք անում, եւ ձեզ՝ քաղաքացիներին, արժանի չենք համարում մեր քայլերի մասին տեղյակ պահելու: Երբ կբարեհաճենք բացատրություն տալ, այն ժամանակ էլ ձեզ մի երկու նախադասություն կշպրտենք»: Նման մեծամտությունը, գոռոզությունը, մեղմ ասած, չի նպաստում «իշխանություն-հասարակություն» երկխոսությանը:

Նույն ծայրահեղությունները դրսեւորվում են փողոցների վերանվանման հարցում: Արդեն գրել եմ, որ այստեղ շտապողականությունը, արմատական, հեղափոխական մոտեցումներն անտեղի են՝ սկզբից պետք է հաղթահարել «հետխորհրդային» մտածողությունը մեր ուղեղներում, հետո մտածել խորհրդանիշների մասին, հակառակ դեպքում բոլոր խորհրդանիշները կեղծ կլինեն: Բայց Կրեմլի եւ նրա քաղաքականության ջատագովների արձագանքն այդ խնդրին նույնպես տարակուսելի է: Դումայի պատգամավորներից մեկն ուղղակիորեն ասաց, որ եթե վերանվանումների վերաբերյալ քննարկումները շարունակվեն, ապա Մոսկվան մեզ կպատժի: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նման որոշում ընդունվի, այլ՝ անգամ քննարկվեն այդ հարցերը: Այսինքն՝ մի երկրի պատգամավորը հաթաթա է տալիս մեկ այլ երկրի քաղաքացիների՝ հանկարծ այս հարցը չքննարկեք:

Հետո էլ զարմանում են, թե որտեղից են Հայաստանում առաջանում «հակառուսական տրամադրությունները»: Դրանք առաջանում են ոչ թե արեւմտյան դրամաշնորհների, ոչ թե Սորոսի մեղքով: Դրանց գլխավոր պատճառներից մեկը ռուսաստանցի չինովնիկների ամբարտավան կեցվածքն է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ռուսը տարբեր առիթներով ու մակարդակներով՝մեզ թույլ չի տալիս,որ մենք հանկարծ մոռանանք, որ մենք իրենց վասալն ենք։ Ու մեզանում՝ համապատասխան մակարդակի մեկը չկա,որ ասի՝մենք թքած ունենք ձեր կարծիքի վրա, մեր երկրի ներքին հարցերի խնդրում,վերջապես,մենք էլ ենք պետություն,եթե,իհարկե, համոզված են ,որ՝ունեն ժոզովրդի աջակցությունը եւ,որ իսկապես՝պետություն ունենք…։

  2. Լավատես says:

    Ասենք բռնցքամարտում կան տարբեր քաշային կարգեր եւ այդ մարզաձեւի օրենքների համաձայն մի քաշային կարգի բռնցքամարտիկը այլ քաշային կարգի բռնցքամարտիկի հետ չի մենամարտում: Բայց այնտեղ, որտեղ օրենք չկա կամ այն չի գործում, շատ էլ հնարավոր են տարբեր քաշայինների մենամարտեր: Միջազգային հարաբերություններում նույնպես կամ չկան օրենքներ կամ էլ դրանք չէն գործում: Դրա համար՝ Ա Մենք պետք է անհապաղ կազմենք պետությունների ՝քաշային՝ աստիճանավորում ըստ կարգերի եւ որոշենք, թե ո՞ր կարգի մեջ ենք մտնում: Բ Մեզնից ավելի ծանր քաշայինների հետ հարաբերվել միայն մեր կարգի եւ մեզնից ավելի թեթեւ պետությունների հետ համատեղ ճակատով՝ այսինքն ստեղծում ենք վերպետական կառույց, որի հավաքական քաշը մտնում է նույն կարգի մեջ, ինչ մեզնից ավելի բարձր կարգի պետությունն է, որի հետ մտադիր ենք կամ համագործակցել, կամ էլ մենամարտել: Գ Կառույցները կամ համագործակցում են կամ էլ մենամարտում,երրորդ տարբերակն ալարկոտների համար է, համագործակցելու իմաստը՝ վերպետական կառույց ստեղծելն է եւ այդ հավաքական ուժով մտնել միջազգային քաղաքական ռազմադաշտ: Դ Քաղաքացին նույն պետական միավորն է եւ քանի որ քաղաքացիների հետ լուրջ հաշվի չեն նստում, ամեն մի քաղաքացի պետք է միավորվի իր նման քաղաքացու հետ ու համատեղ ճակատով գնա իր ընտրած պատգամավորի նստավայր ու պահանջներ ներկայացնի, որի չիրականացման դեպքում պահանջի այդ պատգամավորի հրաժարականը:

  3. «մենք պետություն չունենք, մենք բանակ չունենք, դիվանագիտություն չունենք, ԱԻՆ չունենք, ֆուտբոլ չունենք »ղայդին ԱԺ չունենք ու էտ բոլորը հլա հեչ,մենք փամփուշտ ալ չունենք(ՃՃՃ)…

    • Ruben says:

      Մենք պետություն չունենք՝ ունենք արտաքինից վերահսկվող տարածք (պետական, տարածքային, արտաքին վերահսկիչներ):
      Մենք բանակ չունենք՝ ունենք բանակայիններ եւ հսկայական քանակությամբ նախարարության աշխատակիցներ:
      Դիվանագիտություն չունենք՝ ունենք ֆուտբոլային դիվանալկտիություն՝ էստի համեցք…
      ԱԻՆ չունենք՝ ունենք «ջուր եմ ծախում, սառը ջուր…»
      Ֆուտբոլ չունենք՝ ունենք за то շախմատիստ Նախագահ:
      Ղայդին ԱԺ չունենք՝ ունենք անգյալների ժողովածու:
      Էտ բոլորը հլա հեչ, մենք փամփուշտ ալ չունենք(ՃՃՃ)…, չէ, մի քանի հատ Դաշնությունը բառտերով տվել է:

  4. հոգու և մտքի դատարկության նշան says:

    Մեծամտությունը միանշանակ հոգու և մտքի դատարկության նշան է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930