Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում շատերը հրաժարվում են Ախուրյանի ջրամբարի ձուկն ուտել»․ բնապահպանը՝ ցամաքող ջրամբարի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 06,2017 20:40

Ախուրյանի ջրամբարի ձկները շարունակում են սատկել, ջրի մակարդակը կտրուկ իջել է․ էկոհամակարգը վնասված է։ Այս թեման մեծ աղմուկ է բարձրացրել մամուլի էջերում ու ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակում։ Երեկ էլ գյումրեցի օգտատերերից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, հղում տալով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ու մարզի լրագրողներին, հորդորեց կանխել ձկնորսությունը։

«Նոր ահազանգ ստացա առ այն, որ Ախուրյանի ջրամբարից մնացած մի քանի հարյուր մետր ջրային մակերեսի Ջրափի գյուղի սահմանային ուղեկալի հատվածում հիմա էլ «մարդիկ» են ջրային թակարդում հայտնված ձկան ջարդ կազմակերպում, ոմանք անգամ հսկայական ցանցերով…. Տարածքը հատուկ պահպանվող է ռուս սահմանապահների կողմից և այնտեղ առանց ձկնորսության պաշտոնական թույլտվության հնարավոր չէ մուտք գործել։ Իսկ այդ թույլտվությունը տրվում է միայն Բնապահպանության նախարարության կողմից, ինչը, ըստ երեկ, ՋՏՊԿ տարածած հայտարարության, իրականացվում է առանց որևէ իրավական հիմքի….

Խնդրում և հորդորում եմ՝ արագ քայլեր իրականացնել, կենսաբազմազանության առումով առանց այդ էլ շատ լուրջ տուժած այդ ջրային ավազանում լրիվությամբ չբնաջնջեն ձկնային պաշարները»,-գրել էր Տիգրան Պետրոսյանը, որի շուրջ ակտիվ քննարկումներ էին սկսվել՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մասնակցությամբ։

Ի՞նչ է կատարվում Ախուրյանում, ինչո՞ւ է ջրի մակարդակն այդքան նվազել, ովքե՞ր են մեղավոր և ի՞նչ ելք կա այս հարցի լուծման համար, Aravot.am-ը զրուցեց մասնագետի՝ «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանի հետ։ Մեր զրուցակցի կարծիքով, ձկնային պաշարները շատ արագ կվերականգնվեն, եթե ջրային ռեսուրսները ճիշտ կառավարվեն։

Ըստ նրա, անհանգստանալու շատ ավելի լուրջ խնդիր կա․ դեռևս 2007 թվականին հ/կ-ներից մեկի կողմից նախնական ուսումնասիրություն է կատարվել Ախուրյանի ջրամբարի տարածքում ու պարզվել է՝ ծանր մետաղների քանակը բարձր է տիղմի, ձկների ու բույսերի մեջ։

Սա նշանակում է, որ Ախուրյանի ջրամբարի ձուկը վտանգավոր է ուտելու համար, մարդու առողջությունը վտանգված է նաև այն առումով, որ ավտոլվացման կետերից, ֆաբրիկաներից քիմնյութերը, լվացող միջոցները, ինչպես նաև կոյուղաջրերը թափվում են Ախուրյան գետ, հասնում ջրամբար։ Իսկ Ախուրյանի ջրամբարի ջրերը հիմնականում օգտագործվում են Արագածոտնի, Արմավիրի և մասամբ Արարատի մարզի հողերը ոռոգելու համար։ Թուրքիայի հետ համատեղ օգտագործվող այս ջրամբարը չի օգտագործվում Ախուրյանի հարակից գյուղերի կողմից, քանի որ համայնքներն ավելի բարձր են ու առանց ոռոգման փակ ցանցի չեն կարող օգտվել։

Գևորգ Պետրոսյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Պետրոսյան, գիտեք, որ մեծ աղմուկ է բարձրացել Ախուրյանի ջրամբարի շուրջ, որպես մասնագետ՝ կասե՞ք ո՞րն է պատճառը նման կրիտիկական իրավիճակի ստեղծման։

-Աղմուկը տեղին է բարձրացված, ջրամբարը ստեղծված է, որ ջուրը կուտակենք, հետո ոռոգման կամ այլ տնտեսական նպատակներով օգտագործենք, բայց, քանի որ այդ ջրամբարը մոտ 50 տարի է օգտագործվում է այդ նպատակով, որոշակի էկոհամակարգ է ձևավորել։ Այսինքն` այնտեղ կան բույսեր, կենդանիներ, որոնց համար մենք պետք է ունենանք ջրամբարի մեռյալ ծավալ, այսինքն` էդ ծավալից ներքև չի կարելի դատարկել՝ ելնելով էդ ջրամբարում ապրող ձկների, բույսերի, կենդանիների առանձնահատկություններից։ Բայց, ցավոք, Ախուրյանի ջրամբարի դեպքում մենք չունենք սահմանած ինչ-որ քանակ, հասկանալի է, մի քիչ դժվար է Ախուրյանի ջրամբարում, որովհետև դա անդրսահմանային ջրամբար է, օգտագործում ենք Թուրքիայի հետ, նույնիսկ Ախուրյանի ջրամբարի ջրի մեծ մասը Թուրքիայի կողմից է գալիս, քան թե մեր կողմից, համատեղ ենք օգտագործում և այլն․․․

Մի շարք առանձնահատկություններ ունի, բայց էստեղ նաև մենք պետք է հաշվի առնենք դրա էկոլոգիական հատվածը, այսինքն` հաշվի առնենք այն, որ մեր ուզել-չուզելուց անկախ գոյություն ունեն ձկներ, որոնք ապրում են այնտեղ և չի կարելի պարզապես ոռոգման համար էնքան դատարկել ջուրը, որ ձկները սատկեն։Պետք է հաշվի առնել զուտ մարդկային ու զուտ բնապահպանական տեսանկյունից։ Մյուս խնդիրն է, որ էդ ջրամբարի ստեղծումից հետո գրեթե տիղմից չի մաքրվել, և այդ ջրամբար են թափվում երկու խոշոր քաղաքների՝ Գյումրիի և Կարսի կոյուղաջրերը։ Իհարկե, նման փոքր ծավալի պայմաններում կոյուղաջրերի ծավալը չի փոխվում, գրեթե միջինը նույնն է տարվա ընթացքում յուրաքանչյուր ժամանակաշրջան, այնպես որ էդ փոքր քանակի ջրի մեջ էդ քանակությամբ կեղտաջուրը չի կարող ինքնամաքրվել և բնական է, որ պետք է առաջանար թթվածնային քաղց և ձկների մոտ պետք է նկատվեին թունավորման երևույթներ։

– Ձեր ասածից հասկանում ենք, որ Ախուրյանի ջրամբարից ոռոգվող գյուղմթերքն էլ վնասակար է։

-Իհարկե, խնդիրն այն է, որ այսօրվա դրությամբ, ցավոք, ո՛չ Բնապահպանության նախարարությունը, ոչ էլ սննդի անվտանգության ծառայություններն էդ հատվածում ընդհանրապես ուսումնասիրություններ չեն կատարել․ ո՛չ ջրի նմուշառում, ո՛չ կենդանիների ուսումնասիրություն, թե դրանց մեջ ինչպիսի թունավոր նյութեր կան, ընդհանրապես այդտեղի ձուկն ուտելի՞ է, պիտանի՞ է սննդի համար, թե՞ չէ։ Մոտ 10 տարի առաջ մի հասարակական կազմակերպության ուսումնասիրություններ ցույց են տվել, որ Ախուրյանի ջրամբարի տարածքի կենդանիների և բույսերի օրգանիզմներում ծանր մետաղների քանակը բավականին բարձր է։

Այսինքն` սա ինքնին ազդակ է, ցուցիչ է, որ կարող է էդ հատվածից բռնված ձկան մեջ ծանր մետաղների կամ թունավոր նյութերի մեծ քանակ լինի, և դա սպասելի է, բայց մենք չունենք հստակ ուսումնասիրություններ։ Ունենք միայն այդ հ/կ-ի կողմից արված որոշակի նախնական ուսումնասիրություններ։ Նույնիսկ շատերը հենց Գյումրի քաղաքում հրաժարվում են Ախուրյանի ջրամբարից բռնված ձուկն ուտել։ Եվ շատ տեղին են զգուշանում։ Մենք այս հարցը պետք է շատ լուրջ քննարկման առարկա դարձնենք և նաև պետք է շատ լուրջ վերաբերվել ջրային ռեսուրս կոչված խնդրին։ Ջրային ռեսուրսն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքականությունում դիտվում է էսպես՝ ջուրը ջրամբարից վերցրեցինք, լցրեցինք, ոռոգեցինք կամ էներգետիկ նպատակներով օգտագործեցինք և վերջ․․․, այսինքն` ոչ մի տեղ ջրին չեն վերաբերվում որպես էկոհամակարգ, իսկ էս դեպքում Ախուրյանի ջրամբարում ձևավորվել է արդեն որպես էկոհամակարգ՝ անկախ նրանից, որ սա ջրամբար է։

Մյուս կարևոր խնդիրը որ կա՝ ջրի օգտագործման ծավալների հետ կապված Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, Ջրային տնտեսության պետական կոմիտեն, ցավոք, հանձնաժողովներ ունեն, որոնք որ զբաղվում են, թե ջրի ինչ ծավալներ թողնեն։ Այ, էդ հանձնաժողովներում ընդհանրապես ընդգրկված չեն ներկայացուցիչներ բնապահպանության նախարարությունից և սննդի անվտանգության տեսչությունից, որպեսզի ոռոգման ջրի ուսումնասիրություն իրականացվի՝ տեսնեն իսկապես համապատասխանո՞ւմ են էդ ջրերը ոռոգման նորմատիվներով թույլատրելի ջրի նորմատիվներին։ Եվ երկրորդ կարևոր հատվածը՝ էնտեղ աճող ձուկն իսկապես կարելի՞ է, թույլատրելի՞ է օգտագործել սննդի մեջ, թե՞ չէ։ Այս երկու հարցերը, ինչպես նաև բաց թողնվող ու մնացող ջրի ծավալներին նույնպես էկոլոգիական տեսակետից պիտի գնահատական տրվեն և պետք է ուշադրություն դարձվեն։

-Դուք ասում եք Ախուրյանի ջրամբարի ձկները ուտելու համար անվտանգ չեն, հնարավոր է թունավորված են, դա, ըստ ձեզ, ավելի շատ հայկական կողմի մեղքով կարո՞ղ է լինել, թե Ղարսի հատվածում կաշվի գործարանների առկայությունն է թունավորում։

-Նախ Ղարսը 2-3 անգամ ավելի մեծ քաղաք է, քան Գյումրին բնակչության թվով, դա իր հերթին ազդեցություն ունի։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, թուրքերի կողմում կան որոշակի կաշի վերամշակող գործարաններ, որոնք հեղուկ թափոնները նույնպես լցվում են Արփաչայը և գալիս, թափվում են Ախուրյանի ջրամբար։ Սա նույնպես իր հերթին ավելացնում է թունավոր նյութերի ծավալը կոյուղիներով եկող։ Այսինքն՝ կոյուղին իր մեջ չի պարունակում միայն օրգանական թափոններ, օրգանական մնացորդներ, դա պարունակում է նաև հսկայական քանակությամբ լվացող միջոցներ, որոնք օգտագործվում են կենցաղում՝ սկսած աման լվալու, շոր լվալու դեղերից, տարբեր քիմիական միջոցներից՝ վերջացրած տարբեր մաքրման միջոցներով, որոնք օգտագործվում են մարդկանց սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու համար և այդ ամենը՝ հեղուկ թափոնների տեսքով լցվում է կոյուղին և էդ կոյուղաջրերը գնում-թափվում են Ախուրյան գետը, հետևաբար և Ախուրյանի ջրամբարը։

-Ասում եք Ախուրյանի ջրամբարում ջրի սահմանված հստակ քանակ չկա, այդուհանդերձ չկա՞ մոտավոր սահմանված ծավալ, որ հասկանանք ինչքա՞նո՞վ է պակասել ջրամբարի ջուրը։ Ախուրյանի ջրամբարում նման վիճակի ստեղծումը մեկնաբանվում է նաև տեղումներ քիչ քանակով։ Այսինքն` ստացվում է, որ մեծ քանակությամբ ջուր են բաց թողել ջրամբարից՝ հույս դնելով, որ տեղումները կվերականգնեն ջրի ծավալը, տեղումներ էլ չեն եղել։ Այդպե՞ս է։

-Ջրամբարի առավելագույն ծավալը մոտ 524-525 միլիոն խորանարդ մետր է, ներկայումս, իմ ունեցած տվյալներով, այնտեղ մոտ 2,5-3 միլիոն խորանարդ ջրի մասին է խոսվում, որ կա, գոյություն ունի։ Այսինքն` պատկերացրեք դա հսկայական տարբերություն է՝ 525 միլիոնը ուր, 2,5-3 միլիոնն՝ ուր։ Ընդհանրապես ջրամբարը լցվում է այնքանով, ինչքան որ դու ունես ջրային ռեսուրս, եթե մենք ունենք շատ ջրային ռեսուրս, դա կարող է մաքսիմում լցվել մինչև 525 միլիոն, դրանից ավել չի կարող լցվել, որովհետև պատվարի դիմաց է առնում, տարածքի խնդիրներ կան և այլն։ Բայց եթե նույնիսկ առավելագույնն անես, էլի եմ ասում, պետք լինի որոշակի մեռյալ ծավալ, որ էդ ծավալից ավել չի կարելի դատարկել ջրամբարը, էդ ծավալները, ես չգիտեմ այս տարի սահմանված կա, թե՞ չկա իրենց մոտ, և եթե կա սահմանված, թվերը հրապարակված չեն ընդհանրապես։ Սովորաբար ասում են՝ ջրամբարը նրա համար է, որ լցնենք, ինչքան պետք է օգտագործենք, դատարկենք, տրամաբանորեն դա հասկանալի է, բայց ջրամբարը ունի որոշակի կենսազանգված, այսինքն՝ բույսեր, կենդանիներ, թռչուններ, որոնց գոյությունն այդ տարածքում պետք է հաշվի առնել և՛ բաց թողնվող ջրի, և՛ հենց ջրամբարում թողնվող ջրի ծավալը պետք է հաշվի առնել էկոհամակարգի տեսանկյունից։ Ցավոք, մենք միշտ այդ հատվածն ենք անտեսում ու չենք կարևորում դա։

-Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ էլ նշված էր, որ այս կառույցը պատասխանատվություն չի կրում ձկնատեսակների պահպանության համար, ձկնաբուծությունն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով։

-Կարող է Ջրային տնտեսությունը՝ որպես ջուր օգտագործող, ջրի քանակ հաշվող, մատակարարող կազմակերպություն, հենց որպես ծառայություն պատասխանատու չէ, բայց երկիրը պատասխանատու է իր տարածքում ջրային էկոհամակարգերի ոլորտում ճիշտ քաղաքականություն վարելու համար։ Ես չեմ ասում, թե դա հենց Ջրային տնտեսության մեղքն է, բայց եթե մեր երկրում մենք չենք ստեղծել էնպիսի համակարգ, որ նման որոշումները կայացնելուց հաշվի առնենք էկոլոգիական հետևանքները, ուրեմն մենք սխալ քաղաքականություն ենք վարում էդ ոլորտում։ Մենք գնալով պետք է էլ ավելի ուշադիր լինենք էս ոլորտի նկատմամբ, որովհետև կլիմայի փոփոխության հետևանքով կանխատեսվում է, որ առաջիկա 10-20 տարվա ընթացքում մեր մոտ ջրի ծավալները էլ ավելի են նվազելու, կլիմայի փոփոխությունը բերելու է նրան, որ ընդհանուր տեղումների քանակն է նվազելու, ընդհանուր ջրերի քանակն է նվազելու։ Մենք էսօրվանից ճիշտ կառավարման համակարգ պետք է ներդնենք, որ գնալով էս սաստկացող պայմաններում մենք կարողանանք ճիշտ հարմարվողականության մեխանիզմներ ստեղծել և ճիշտ կառավարել մեր ջրերը։

-Որպես ելք՝ նշվում է Արփի լճից որոշակի քանակությամբ ջուր վերցնելը ու Ախուրյանի ջրամբար լցնելը, դա չի՞ վնասում Արփի լճին ևս։

-«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի պահպանենք Արփի լճի էկոհամակարգը։ Արփի լճի էկոհամակարգ ասելով էլի պետք է հասկանալ լիճ իր ձկնային ռեսուրսներով, կենդանական ու բուսական աշխարհով և նաև ջրլող թռչուններով, որոնց համար հատկապես պահպանվել է էդ տարածքը ու Ռամսարի կոնվենցիայով նախատեսված խոնավ տարածքների պահպանության շրջանակում է ստեղծվել դա։ Հիմա ի՞նչ է ստացվում, եթե Արփի լճից ենք շատ բաց թողնում, մենք էկոլոգիական լուրջ խնդիրներ ենք առաջացնում Արփի լճում։ Իսկ վերջին 4-5 տարիների ընթացքում միշտ էս ամիսներին էսպես է եղել, միշտ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին խնդիր ենք ունենում և այս իրավիճակում, երբ որ անում ենք դա, մեծ ծանրաբեռնվածություն է և մեծ բացասական ազդեցություն է Արփի լճի էկոհամակարգի համար։ Բայց սրանից ելքը կա․ վերջին 10 տարվա ընթացքում էս մասին շատ է խոսվել, շատ է քննարկվել, ելքն այն է , որ Կապսի ջրամբարը ստեղծվի վերջնականապես, որը սկսվել է սովետական տարիներին։ Վերջին տարիներին քննարկվում է նորից որպես ջրամբար ստեղծվելու, կառուցվելու թեման, բայց, ցավոք, դրա ծավալների մասին մի շարք քննարկումներ եղան, վերջին անգամ 24-25 միլիոն խորանարդ մետրի մասին էր խոսքը։

Սա շատ փոքր ծավալ է, որովհետև էդ տարածքում հնարավոր է 90-100 միլիոն խորանարդ ծավալով ջրամբար ստեղծել և դա կարող է իսկապես կոմպենսացիոն ջրամբար լինել և՛ Ախուրյանի ջրամբարի համար, և էկոլոգիական կողմից հստակ կարող է դառնալ Արփի լճի պահպանող ջրամբար։ Եթե պետք է ջրբացթողում անել, մենք բաց ենք թողնում ոչ թե Արփի լճից, այլ Կապսի լճից Ախուրյանի ջրամբարի ջրերը լրացնելու համար, իսկ 90-100 միլիոն ծավալը դա արդեն հսկայական ծավալ է, և դա, երբ որ անեն, մենք կկարողանանք Արփի լիճն էդ ուղղությամբ բավականին պահպանել, ինչն արել է Թուրքիան վերջին 10 տարիների ընթացքում։ Այնտեղ հսկայական ջրամբարների համակարգ է սարքել, որպեսզի կարողանա մոտավորապես մեկ միլիարդ խորանարդ ջուր պահել իր տարածքում։ Այսինքն` էդ քաղաքականությունը Թուրքիայում հստակ իրականացվում է։

Դրա համար տեսեք Թուրքիայի տնտեսությունը ինչ վիճակում է, մերը՝ ինչ։ Հայաստանում, ցավոք, ինչ վրա ասես փող են ծախսում, ինչի համար ասես վարկ են վերցնում, բայց էս կարևոր հարցի վերաբերյալ, այս կարևոր խնդիր համար, որ կարող է իսկապես լուրջ ազդեցություն թողնել և՛ տնտեսության վրա, այսինքն` շատ հողեր Կապսի ջրամբարի կառուցման շնորհիվ կարող են դառնալ ոռոգելի և նաև Ամասիայի տարածքում և ավելի ներքև, մենք էդ դեպքում կկարողանանք իսկապես և՛ տնտեսության, և՛ ջրային ռեսուրսների կառավարման ահագին լուրջ փոփոխություններ անել։ Ցավոք, էսօր այդ հարցը դեռևս ծամծմվում է և շատ լուրջ առաջ չի գնում, եթե քննարկվում էլ , ապա միայն 24-25 միլիոն խորանարդ մետրի ծավալը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ախուրյանի ջրամբարի լուսանկարները՝ Անդրանիկ Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930