Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել երաժիշտ. «Դելլալյանն ընդարձակել է հայկական տարածությունը, դարձրել ծովից ծով»

Սեպտեմբեր 06,2017 21:55

Սեպտեմբերի 6-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 5 ժողովածուների շնորհանդեսը, որոնք տպագրվել են մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց WebTV եւ Հայեր մեդիահարթակի հիմնադիր Արայիկ Մանուկյանի «Հարություն» ֆիլմը, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կատարեց կոմպոզիտորի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը, իսկ հետո հնչեցվեց բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի էսսեն` գրված Հարություն Դելլալյանի երաժշտության ներքո:

Կոմպոզիտորի դուստրը` լիսաբոնաբնակ ջութակահար Նարինե Դելալյանը փաստեց, որ պարբերաբար տարբեր ձեւաչափերով անդրադառնում են հոր արվեստին եւ տարբեր առիթներով նշանավորում ճանաչված կոմպոզիտորի անունը: «Այս անգամ հայրիկիս գործերին անդրադառնում ենք ժողովածուների շնորհանդեսով: Շատ-շատերը, այդ թվում` օտարազգի երաժիշտներ նույնպես, հարցնում էին, թե որտեղից կարելի է գտնել Հարություն Դելլալյանի այս կամ այն ստեղծագործությունը, ես պատասխան չէի ունենում: Այսօր վերջապես այդ խնդիրը մեզ համար լուծված է. ցանկացած երաժիշտ կամ երաժշտագետ իր գրադարանում կարող է ունենալ Հարություն Դելլալյանի 5 ստեղծագործությունների նոտաները»,-հայտնեց Նարինե Դելլալյանը:

Ջութակահարը չբացառեց, որ Հարություն Դելլալյանի ստեղծագործություններից փոքրիկ հատվածներ հնարավոր է զետեղվեն նաեւ համացանցում: «Քանի որ այս տարի հայրիկի ծննդյան 80-ամյակն էր, դիմեցինք մշակույթի նախարարություն` խնդրելով անդրադառնալ այս տարեթվին եւ նպատակ ունենալով տպագրել նոտաները: Բարեբախտաբար դրական պատասխան ստացանք, կարեւորեցին հոբելյանը, իրենց աջակցությամբ այդ ամենն իրականություն դարձավ… Սա բոլորիս ուրախությունն է, նաեւ մեր մշակույթը ներկայացնելու հրաշալի միջոց է»,-հավելեց նա:

Հայկ Մելիքյանը Հարություն Դելլալյանին բնորոշեց որպես խորաթափանց, նուրբ, նրբանկատ եւ բարձրաճաշակ կոմպոզիտոր: Նա ներկայացնելով Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» սոնատը, ասաց, որ այն բազմիցս կատարել է. «Միշտ ուրախությամբ եմ կատարում այս ստեղծագործությունը, շատ խորը եւ նուրբ երաժշտություն է, ուրախ ենք, որ այսօր Հարություն Դելլալյանի կամերային ստեղծագործությունների նոտաների հրատարակության շնորհանդեսն է: Նարինե Դելլալյանի հետ միշտ քննարկում էինք, որ կգա օրը, երբ կունենանք Հարություն Դելլալյանի հրատարակված նոտաները, մինչ այդ ձեռագիրը կար կամ խորհրդային շրջանում հրատարակվածը»:

Հայկ Մելիքյանը նշեց, որ ամեն անգամ նորովի է կատարում «Նվիրում Կոմիտասին» սոնատը, ասաց, որ հատկապես դրսում հայկական ելեւէջները հնչեցնելը պարտավորեցնող է:

Ելույթներ էլ եղան: Ի թիվս այլոց, խոսեցին նաեւ Ալինա Փահլեւանյանը եւ Դանիել երաժիշտը: Վերջինս ասաց, որ Հարություն Դելլալյանը ընդարձակել է հայկական տարածությունը եւ իր արվեստի ուժով ծովից ծով Հայաստան է դարձրել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930