Ադրբեջանական ԽՍՀ հայերը` Վեհափառին. «Համոզված ենք, որ միայն ու միայն նպատակադրումներով և մոտեցումներով բանակցությունները ի զորու են վերածել սեպտեմբերի 8-ի Ձեր հանդիպումը հիրավի լույսի ճանապարհի և օրհնության տարածաշրջանի ժողովուրդների համար»

Ադրբեջանական ԽՍՀ հայերը` Վեհափառին. «Համոզված ենք, որ միայն ու միայն նպատակադրումներով և մոտեցումներով բանակցությունները ի զորու են վերածել սեպտեմբերի 8-ի Ձեր հանդիպումը հիրավի լույսի ճանապարհի և օրհնության տարածաշրջանի ժողովուրդների համար»

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափա՛ռ Տեր,

Թվում է, թե պետք է ուրախ լինեինք՝ ստանալով երեք ազդեցիկ հոգևոր առաջնորդների հանդիպման լուրը, չէ՞ որ ամեն նման մի հանդիպում կարող է մեզ ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար, սկիզբ դնել արդեն երեք տասնամյակներ տևող ողբերգությունների, զրկանքների, տառապանքների շղթան վերջապես կասեցնելուն, իրավիճակը մարդկայնության հանգրվանը տեղափոխելու գործընթացին:

Սակայն, մեծագույն տագնապ է բոլորիս սրտերում: Այս անթիվ թվացող տասնամյակների ընթացքում բազմիցս աշխարհի տարբեր, անգամ ամենաազդեցիկ մարդիկ հավաքվել են, հրապարակել տարբեր փաստաթղթեր, հռչակել գործընթացներ, իբրև դեպի խաղաղություն տանող: Բայց այդ քայլերը, ամենը վերջիվերջո հասցրել են նոր ընդհարումների, արյունահեղության, փորձությունների, տառապանքների: Պատճառը մեկն է, այդ հանդիպումները չեն կարողացել բեկել բոլոր գործընթացների հիմքում ընկած անդադար թշնամանք ու արյունահեղություն հրահրող կեղծիքը, որն է.

  • Ղարաբաղի կողմից իր իրավական կարգավիճակը բնակչության պատկերացումների հետ համապատասխանության բերելու առաջարկից անմիջապես հետո Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Նախիջևանում, Ադրբեջանի բոլոր շրջաններում Ղարաբաղից դուրս բնակվող բոլոր հայերը չգիտես որտեղից հայտնված մարդանմանների կազմակերպված խմբերի կողմից անմարդկային հալածանքների ենթարկվեցին, շատերը սպանվեցին: Շատ շուտով պարզ դարձավ, որ խմբերը ունեն հստակ նպատակներ, որոնցից առնվազն մեկը երկրում իշխանության զավթելն է, մարդկանց սեփական կամքին ենթարկելը: Սպանում և դաժան կտտանքների ենթարկում էին ազգային պատկանելության սկզբունքով:
  • 27 տարի անց Իրաքում և Սիրիայում նույնատիպ սպանություններ, վայրագություններ արդեն կրոնական սկզբունքով իրականացնող, զավթած տարածքներում սեփական իշխանությունը հաստատած, իրեն իսլամական պետություն հռչակած խմբին միջազգային հանրությունը որակեց որպես մարդկության համար մեծագույն սպառնալիք հանդիսացող ահաբեկչական ուժ:
  • ԽՍՀՄ տարածքում ինքնավար կազմավորումների` Աբխազիայի, Չեչնիայի, Օսեթիայի, Մերձդնեստրի, Ղրիմի կողմից նման բազմաթիվ դիմումներ են եղել, սակայն դրանցից հետո Թբիլիսիում ոչ մի աբխազ չի սպանվել, Մոսկվայում չի սպանվել ոչ մի չեչեն, մինչդեռ Արցախի դիմումից հետո հայերին սպանում էին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում, և բռնության ու սպանությունների այդ մթնոլորտը ապրելու անտանելի պայմաններ էր ստեղծում նաև Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող այլ ազգությունների (ասորիների, հույների, ռուսների, հրեաների), կրոնական ու սոցիալական խմբերի համար:
  • Այդ Ադրբեջանից փորձում էին փախչել ու փրկվել և´ հայերը, և´ այլոք` այդ թվում նաև այն ադրբեջանցիները, ում համար անտանելի էր վայրի բռնության այդ մթնոլորտը: Այս ամենը պետք է զգաստացներ ԽՍՀՄ պատասխանատու ղեկավարներին` ինչպես միութենական, այնպես էլ հանրապետական մակարդակներում, և ստիպեր հասկանալ, որ գործում են որակապես նոր, մինչ այդ չդրսևորված անսահման վտանգավոր մի երևույթի հետ:: Ու՞մ կողմից և ի՞նչ նպատակով էր ստեղծվել այդ կառույցը, ի՞նչ կապ ունեին այն ստեղծողները ԽՍՀՄ փլուզման հետ: Մենք` Կասպից Արևմուտքի <<Իսլամական պետությունից>> փախչողներս, փորձում էինք մեր ընտանիքները, մեր երեխաներին փրկել բռունցքներով, բայց չկարողացանք փրկվել ոչ Սումգայիթում, ոչ Նախիջևանում, ոչ Բաքվում ու Կիրովաբադում, և միայն սարսափելի զոհեր տալուց (մերօրյա Իսլամական պետությունը հղի կանանց որովայնը չի պատռում, մայրերին չի բռնաբարում ու սպանում զավակների աչքի առջև, այլ <<ընդամենը>> գլխատում է նրանց) կարողացանք ջարդարարներից մեր պաշտպանությունը կազմակերպել այն տարածքներում, որոնք այսօր ԼՂՀ են կոչվում:
  • ԼՂՆ-ն հռչակվեց որպես Կասպից Իսլամական պետության կողմից իրականացվող ցեղասպանությանը դիմակայելու փորձ, ընդ որում այն ժամանակ, երբ Բաքուն հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի համաձայն, ինքնավարությունը անցկացրեց իր հանրաքվեն: Սակայն չստացավ դրա հաստատումը ԽՍՀՄ ղեկավարության կողմից, որը խաթարվել էր Սովետական Միության գոյությունը դադարեցնելու մասին հայտարարած երեք անպատասխանատու անձանց` Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնության արդյունքում:
  • Այդ մարդկանց մենք ոչ միայն անպատասխանատու, այլև` հանցակից ենք համարում, որովհետև միութենական հանրապետությունների ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին օրենքն այնպես էր ստեղծված, որ բացառում էր ինքնավարություններում, նաև համախումբ ապրող ազգային համայնքներում, արյունալի իրադարձությունները և անարյուն բաժանման ալգորիթմ էր ստեղծում, որի պարագայում մարդիկ հանցավոր մտադրությունների պատանդ չէր դառնում: Վերոհիշյալ անձինք, եթե նույնիսկ ինչ-որ պատճառով չէին ցանկանում հենվել ԽՍՀՄ օրենքներին, պարտավոր էին մշակել գործողությունների այնպիսի համակարգ, որը բնակչությանը թույլ կտար խուսափել արյունոտ հաշվեհարդարից: Ուստի նրանք պատասխանատու են հարյուր հազարավոր մարդկանց տառապանքների ու նահատակության համար:
  • Վերջին մի քանի տարիների ընթացքում «քաղաքակիրթ» երկրները, միջազգային կառույցները, այդ թվում Մինսկի խումբը, որոնք սովոր են իրենց նպատակներին հասնել մարդկանց արյան և տառապանքների գնով, մեր բնակության վայրերը «բռնազավթած տարածքներ» հայտարարեցին, դրանով իսկ թակարդի մեջ դնելով մեր ճակատագիրն՝ օրինականացրին մեր զավակների սպանությունը, մեզ տեղահանվածներից փախստականների վերածեցին:

Շահ հետապնդող ուժեր կան, որոնց ազդեցության իներցիան մինչ օրս ոչ-ոք չի կարողացել հաղթահարել, նրանց պատանդներն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Արցախի ղեկավարները, փաստորեն ողջ քաղաքական ընտրանին: Եվ եթե այսօր կամ առաջիկա օրերին հոգևոր առաջնորդներն  էլ չկարողացան դուրս բերել այդ արյունալից շրջապտույտից, եթե նրանք էլ իրենց հեղինակությամբ վավերացնեն իշխող կեղծիքը, ապա պարզ չէ՛, թե ու՞մ և ի՞նչին այսուհետ պետք է ապավինեն փախստականի կարգավիճակում հայտնված հազարավոր մարդիկ:

Վեհափառ Տեր,  վերջին մի քանի ամսվա ընթացքում համաշխարհային ամենաազդեցիկ ուժերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը, Սպիտակ տնից  Դ. Թրամպը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Պուտինը / նույն կարծիքին են և այլ ուժեր/ որպես համաշխարհային ճգնաժամի  խնդիր, աղետ և մարտահրավեր  համարեցին Մեծ Մերձավոր Արևելքի նախ և առաջ քրիստոնյա, բայց նաև այլ կրոնական և ազգային ուրույն հինավուրց մշակույթների ոչնչացումը, դրանց կրողների աշխարհով մեկ ցրումն ու տարալուծումը: Նրանք պարտավորվեցին լուծում գտնել, որ այդ կրոնների ու մշակույթների կրողները վերադառնան, խաղաղ ապրեն և զարգանան իրենց բնօրրանում: Եվ դա խարիսխ կհանդիսանա և ողջ տարածաշրջանի, և շատ հանգամանքներում ողջ մոլորակի ապագա խաղաղ և ստեղծագործ կյանքի:

 Վեհափառ Տեր, մեզ հետ կատարվածը և կատարվողը վերջին երեսուն տարիներին նույնն են, ինչ-որ նշված տարածաշրջանի մյուս ժողովուրդների հետ:  Պարզապես ոչ-ոք երեսուն տարի առաջ չգիտեր, որ այն ոչնչացումների մեքենան, որ գործում էր Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և իրականացնում դաժան զանգվածային սպանություններ և հալածանքներ, որը քիչ աղերս ունի տեղի ժողովուրդներից որևէ մեկի, այդ թվում ադրբեջանցիների  հետ, բայց որը ենթարկեց իրեն բոլոր գործընթացները թե՛ այդ պահին,  և հետագա երկար ու ձիգ տարիներին ու մի՛նչ այսօր: Կասպից Արևմուտքն էլ մասն է Մեծ Մերձավոր Արևելքի, և մեզ համար պարզ է, որ այդ ցեղասպան մեքենայի կենսունակությունը պայմանավորված է միջազգային ազդեցիկ ուժերի աջակցությամբ և հովանավորությամբ: Եվ միակ ձևն է այդ արհավիրքը հաղթելու այդ աղետի հորձանուտում հայտնված բոլոր մեր բախտակիցների համատեղ քննարկումները  հոգևոր առաջնորդների և խաղաղություն հաստատելու պատրաստակամ ազդեցիկ ուժերի հովանավորությամբ և աջակցությամբ, ուղիների, նպատակների հստակեցումը և գործունեությունը ուղղված Կասպից Արևմուտքում համատեղ խաղաղ կյանքի կազմակերպմանը:

Մենք համոզված ենք, որ միայն ու միայն նպատակադրումներով և մոտեցումներով բանակցությունները ի զորու են վերածել սեպտեմբերի 8-ի Ձեր հանդիպումը հիրավի լույսի ճանապարհի և օրհնության տարածաշրջանի ժողովուրդների համար: Եվ դրա հաջողությունը կդառնա բանաձև և ուղի նաև Մեծ Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների համար:

Վեհափառ Տեր, միգուցե նշվածի կոնտեքստում երկրորդական թվացող, բայց ինքն իրեն շատ կարևոր և այդ կոնտեքստի համար էլ վճռորոշ խնդիր՝ հազարավոր հավատացյալներ կան Կասպից Արևմուտքից, որ հայտնվել են այսօր փախստականի կարգավիճակում: Ժամանակին այդ բոլորին ամբողջականացնում էր Ադրբեջանի Թեմը, որի առաջնորդանիստը Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, և մտերմիկ հարաբերություն հաստատում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ: Այսօր փաստորեն չկա, թղթի վրա պահպանված է, բայց իրականում ոչ, մինչդեռ այսօր Թեմի կենսունակությունը կարևոր է ինչպես երբևիցե, քանի որ կմիավորի թե՛ աշխարհով մեկ ցրված Գանձակի, Նախիջևանի, Բաքվի հայությանը, մեր բախտակից մյուս ազգերի և կրոնների ներկայացուցիչների հետ:

Վեհափառ Տեր, միգուցե եթե լիներ Թեմը, կկարողանայինք խուսափել այն ողբերգությունից, որ մեզանից մի մեծ խմբի հետ կատարվեց Մոսկվայի Դոմոստրոյիտելնայա փողոցում այս տարվա հունիսին, երբ հանկարծ պարզվեց, որ 22 մլն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրի քաղաքացիները, իրենց նախագահներ, վարչապետներ, դեպուտատներ հռչակած՝ նախկին ընդհանրությունը անհասկանալի ձևերով ջլատած մարդիկ իրենցը զավթելու ճանապարհին անգամ  3000 քառակուսի մետր չեն թողել այդ 22 մլն քառակուսի կիլոմետրից, որ Բաքվից 1990-ի սև հունվարին Մոսկվա փախած 300 հայերը ապրեն: Եվ ու՞մ, եթե ոչ ձեր՝ հոգևոր առաջնորդներիդ, առաքելությունն է հաղթահարել աշխարհիկ առաջնորդների ձևավորված և պահպանվող վերջին 30 տարիների տառապանքներով լի քաոսը:

Ապավինում ենք Ձեզ  ու Ձեր նվիրվածությանը:

Որդիական խոնարհությամբ՝

«Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորման» նախագահ՝                                 

Մարտին Իսրայելյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի

նախագահության համակարգող`                                                                             

Մարիամ Ավագյան      

05.09.2017

Ք.   Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք