ՌԵԺԻՍՈՐԻ ԱՍԻՍՏԵՆՏԸ

ՌԵԺԻՍՈՐԻ ԱՍԻՍՏԵՆՏԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր մեկերորդ

ՌԵԺԻՍՈՐԻ ԱՍԻՍՏԵՆՏԸ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «հիմիկվանից պիտի կուլիսներին վարժվես» եւ մի քիչ էլ մտածեց ու հորս ասաց՝ «Ֆելոյին ու Արմենչոյին կուլիսներ կուղարկեմ, քեզ ու Վոլոդյային էլ առաջին կարգի ամենապատվավոր  տեղը կնստացնեմ», եւ Վոլոդյան ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «յա տոժե վկուլիսի խոչու», եւ Ֆրունզիկը Վոլոդյային ասաց՝ «քեզ ու Ուստա Հակոբին անցած անգամվա տեղը կնստացնեմ», եւ հայրս ասաց՝ «փաստորեն, էդ ներկայացումը բոլորս տեսել ենք», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «ես ոչ մի անգամ կուլիսներից չեմ նայել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ ոչ մի անգամ դահլիճից չեմ նայել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «ութ տարի հետո դահլիճից կնայես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ութ տարի հետո էդ թատրոնի ռեժիսորը Ֆելոն կլինի», եւ Ֆելոն ասաց՝ «Աստված Աճեմյանին թող երկար կյանք տա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «Աստված Աճեմյանին թող երկար կյանք տա. ինքը գլխավոր ռեժիսորը կլինի, դու՝ սովորական ռեժիսորը», եւ ես Ֆրունզիկին հարցրի՝ «սովորական ռեժիսորն ի՞նչ ա անում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ինչ Աճեմյանը հրամայում ա, էն էլ անում ա», եւ հայրս նայեց Ստանիսլավսկու գրքին ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «էս հաստափոր գիրքը պիտի կարդաս, որ հետո Աճեմյանի հրամանները կատարես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լիքը ուրիշ գրքեր էլ պիտի կարդամ», եւ Ֆրունզիկն ասաց՝ «լիքը ուրիշ գրքեր պիտի կարդա, լիքը քնություն ու զաչյոտ պիտի հանձնի, որ ինստիտուտն ավարտի ու Աճեմյանի մոտ ռեժիսորի ասիստենտ ընդունվի», եւ Ֆելոն ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ Աճեմյանն ինձ կընդունի՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կբարեխոսենք՝ կընդունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Արմենչոն Մեսրոպին կասի, Մեսրոպը կբարեխոսի», եւ հայրս  ասաց՝ «ձուկը ծովում՝ բազար եք անում» եւ մի քիչ մտածեց ու  ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ավելի լավ ա ժիվոպիսեց դառնաս, քան թե՝ Աճեմյանի հրամանները կատարես», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «ժիվոպիսեց էլ որ դառնա, քո հրամաններն ա կատարելու», եւ հայրս մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «իմ հրամանները հեչ աշակերտ վախտ չի կատարում», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «էդ ո՞ր հրամանդ չեմ կատարել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու քամահրանքով ասաց՝ «լա՜վ հրամայող ես գտել» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով  ավելացրեց՝ «դու ինձ ավելի շատ ես հրամայում, քան ես՝ քեզ», եւ Ֆրունզիկը փռթկացնելով հորս ասաց՝ «հրամայելը դու մի ամսից կտեսնես», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «հրամայելը դու յոթ-ութ տարուց կտեսնես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ Ֆելոն ռեժիսորի ասիստենտ դառնա, հրամայելն էդ ժամանակ կտեսնես», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռեժիսորի ասիստենտը շատ փոքր մարդ ա, որ ինձ հրամայի», եւ հայրս ժպտալով ասաց՝ «Ֆելոն էս տեմպերով որ գնա, Աճեմյանի տեղն էլ կարող ա նստի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք