Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ՝ կադրեր կրթենք մեր երկրի, այլ ոչ 500 միլիոնանոց Եվրոպայի շուկայի համար»

Սեպտեմբեր 09,2017 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ

– Պարոն Շահինյան, խնդրում ենք ներկայացնել այն «պարադոքսը», որ այս տարի միջին մասնագիտական հաստատություններում ավելի մեծ մրցույթ էր, քան բուհերում:

– Վերջին 2-3 տարում դիմորդների հոսքն իսկապես ավելացել է դեպի քոլեջներ, ինչը ողջունելի է: Համարյա բոլոր նման ուսումնական հաստատություններում գործում է պետպատվերի սկզբունքը: Ինքս կարեւորում եմ քոլեջների դերը: Մշակութային ոլորտին անհրաժեշտ են բացառապես կատարողական արվեստում բարձրակարգ մասնագետներ: Իսկ ինչ վերաբերում է բուհերի սակավաթիվ դիմորդներին, պատկերը բնորոշ է վճարովի համակարգին, մեր կոնսերվատորիան նույնպես բացառություն չէ: Այո, բուհերում չափազանց մեծ է սովորողների թիվը՝ մոտ 85.000: Նույնիսկ խորհրդային շրջանում նման թվով ուսանողներ չեն սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Իսկ եթե բուհերում ընդունելության շեմը բարձրացնեն կամ ասենք՝ պահվի ինչպես խորհրդային տարիներին էր, ապա ուսանողների թիվը հաստատ կտրուկ կպակասի:

– Փաստորեն, դիմորդների թվի նվազումը բերում է նաեւ բուհի ֆինանսական վիճակի վատթարացման:

– Դարձյալ համեմատական անցկացնելով խորհրդային տարիների հետ՝ նշեմ, որ կոնսերվատորիան 2 անգամ ավելի ուսանողություն ունի՝ ի հաշիվ արտասահմանցի ուսանողների … Կոնսերվատորիան միակ բուհն է, որտեղ վճարովի համակարգի դեպքում նույնիսկ բուհի ֆինանսական վիճակը չի բարելավում: Այո, պարզ ասեմ՝ կոնսերվատորիայում ուսանելը թանկ արժե: Որովհետեւ ուսումնական պրոցեսի 80 տոկոսը անհատական պարապմունքներ են եւ եթե այլ բուհերում, օրինակ, 80 ուսանող լսարանում է եւ դասաժամի տեւողությունը 60 րոպե է, ապա մեր դեպքում մեկ հոգին է անհատական պարապում մեկ ժամ: Հաշվի առնելով մեր կենցաղը, չենք կարող սահմանել այն սանդղակը, որն արժե, ասենք, X գումար…

– Ինչպիսի կադրեր են գալիս կոնսերվատորիա քոլեջներից կամ միայն ձեր բուհի համար երաժշտական դարբնոց համարվող Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից:

– Սա շատ կարեւոր հարց է մեզ համար, քանի որ կոնսերվատորիան սնվում է համապատասխան նախնական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններից: Կոնսերվատորիան, ի դեպ, միակ բուհն է, որ ունի Հայաստանում նախնական մասնագիտական կրթությունն ապահովող 8 քոլեջ եւ մեկ՝ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց: Ցավոք, ոչ բոլոր քոլեջներն են ապահովում կոնսերվատորիան բարձրակարգ երաժիշտներով: Վերջին շրջանում մենք աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ… Որպես լավագույն օրինակ կուզեի առանձնացնել Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի աշխատանքը, որի 30 շրջանավարտ իրենց կատարումներով տարբեր մասնագիտությունների գծով այս տարի ընդունելության քննությունների ժամանակ հիացրին ընդունող հանձնաժողովին:

– Կոնսերվատորիայի միջանցքում ականատեսը եղանք մեր երկրում դեֆիցիտ համարվող երաժշտական գործիքների, այդ թվում՝ տավիղի…

– Դուք մի մասն եք նկատել: Համաշխարհային բանկի ինովացիոն ծրագրով շահել ենք գրանտ ու ձեռք բերել ոչ միայն տավիղ, որն, ի դեպ, տասնամյակներ շարունակ չէր հաջողվում մեր բուհին: Ձեռք ենք բերել նաեւ ֆրանսիական լավագույն ֆիրմայի կոնտրաբաս, իսկ մինչեւ տարեվերջ նաեւ կունենանք հարվածային գործիքների կոմպլեկտ եւ բացառապես նոր մեկ ռոյալ: Ավելացնեմ նաեւ, որ օրերս մեր գերմանացի բարերար ընկերներից նվիրատվություն ստացանք երկուսուկես տոննա մասնագիտական գրականություն:

– Վերջին շրջանում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակութային, կատարվում է, այսպես կոչված, երիտասարդացում: Չե՞ք կարծում, որ ձեր ղեկավարած հաստատությունն էլ պետք է ամեն ինչ անի երիտասարդներին աշխատատեղ ապահովելու հարցում՝ կանխելով նրանց արտագաղթը:

– Սերնդափոխությունը Հայաստանում, ընդ որում՝ բոլոր կառույցներում ու ոլորտներում, կատարվում է ցավոտ եղանակով: Մեծամասնությունը համարում է, որ անփոխարինելի է, ինչը չի խթանում մեր կրթական զարգացումը: Հաճախ տվյալ բուհում կրթություն ստացած մարդու թոռնիկները ուսանում են նույն բուհում, նույն լսարանում, նույն դասախոսի մոտ, նույն կոնսպեկտներով: Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Մենք վերջին 3-4 տարում որդեգրել ենք դասախոսների սերնդափոխության գործընթաց, ինչը կարծում եմ՝ կարեւոր է նրանց այստեղ աշխատանքով ապահովելու եւ երկրորդ՝ երիտասարդությունը որպես անփոխարինելի ռեսուրս պահպանելու հարցում: Այստեղ կարող են լինել բացառություններ, որոնք իսկապես բացառություններ են:

– Մի ծեծված թեմա, որն առնչվում է ուսանողների, ավելի ճիշտ՝ կոնսերվատորիան ավարտած երաժիշտների՝ մեր երկրում աշխատանք գտնելու հետ:

– Բուհերը, այդ թվում նաեւ կոնսերվատորիան, ընդգրկված են տարբեր համակարգերում, մենք Բոլոնիայի կրթական տարածքի մաս ենք կազմում, բայց պետք է գիտակցենք, որ պետք է կադրեր կրթենք կոնկրետ մեր երկրի համար, այլ ոչ ասենք՝ 500 միլիոնանոց Եվրոպայի շուկայի: Մյուս կողմից էլ, պատիվ է ցանկացած բուհի շրջանավարտի համար, որ կարողանում է աշխատանք գտնել Արեւմուտքում… Բերեմ վերջերս կայացած մասշտաբային միջոցառման մի օրինակ, որտեղ հրավիրված էին նաեւ մեր կունսերվատորիայի արտասահմանում գործունեություն ծավալած շրջանավարտները: Օրերս Շուշիում կայացած Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերային ըմբոշխնեցինք իսկապես բարձր արվեստ, նախագծում ընդգրկված էին բացառապես մեր նախկին շրջանավարտները, այդ թվում՝ Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Սուրեն Շահիջանյանը եւ Սասունցի Դավթի դերերգով հանդես եկող գերմանաբնակ Մկրտիչ Բաբաջանյանը:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930