Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ընտանիք չէ

Սեպտեմբեր 09,2017 10:00

«Պետությունը ընտանիքի նման է, եւ ընտանիքի հայրը պետք է լավ պահի իր զավակներին»: Հազար անգամ լսել եմ այդ արտահայտությունը եւ մշտապես ընդվզել եմ նման ձեւակերպման դեմ: Ժամանակակից պետության մեջ չկան հայրեր, մայրեր կամ քեռիներ, չկան աղաներ եւ նոքյարներ, կա վարչակազմ՝ մարդկանց մի խումբ, որին մենք ժամանակավորապես հանձնարարել ենք կատարել որոշ գործառույթներ. պարտադիր չէ, որ նրանք մեզանից ավելի տաղանդավոր կամ բարոյական լինեն, կարեւոր է՝ լավ կատարեն իրենց պարտականությունները: Սեւեռվել այդ մարդկանց վրա, առավոտվանից գիշեր մտածել նրանց մասին, բողոքել նրանցից՝ դա հայաստանցիների սիրած զբաղմունքն է: Ոչ միայն հայաստանցիների՝ բոլոր այն ազգերի, որոնք դեռեւս չեն թոթափել տոտալիտարիզմի փոշին, եւ որոնց պատկերացումները քաղաքականության մասին սահմանափակվում են լավ կամ վատ «պապաների» արժանիքների կամ թերությունների քննարկմամբ:

Նույն «մանկամիտ» տրամաբանության մեջ է հետեւյալ ձեւակերպումը՝ մենք մեզ վատ ենք պահում, որովհետեւ «նրանք» մեզ վատ օրինակ են ծառայում: Էլի ընտանիքի նման. պապան ծխում է, փիս-փիս բառեր է օգտագործում, գոռում է մամայի վրա, ուրեմն դա է ճիշտը, այդպիսին է նորմալ տղամարդու վարքի ստանդարտը: Ընտանիքի դեպքում այդ տրամաբանությունն, իհարկե, ճիշտ է: Բայց պետությունը, կրկնեմ, ընտանիք չէ: Պետության մեջ չես կարող արդարանալ վատ ժառանգականությամբ կամ վատ շրջապատով՝ այստեղ ամեն մի քաղաքացի ինքն է պատասխան տալիս իր վարքի համար: Չի աշխատում արդարացումը՝ «պապաները» գողանում են, ուրեմն ես էլ իմ չափով պիտի գողանամ, «պապաները» անգրագետ են, ուրեմն ես էլ պիտի անգրագետ լինեմ, ես պիտի լինեմ նաեւ ամբարտավան, նեղմիտ, անհանդուրժող՝ ճիշտ իմ «պապաների» նման: Իսկ գուցե այդպես արդարացողին ձեռնտո՞ւ է այդպիսին լինել, եւ այդպիսին չլինելը նշանակում է դուրս գալ «հարմարավետության գոտուց»:

Այո, իսկապես դժվար է, ի հեճուկս ամեն ինչի սեփական վարքագիծն ունենալ եւ փորձել լավ օրինակ ծառայել: Երբ դուք մայթից հավաքում եք աղբը, դուք նպաստում եք փողոցի մաքրությանը, բայց նաեւ լավ օրինակ եք ծառայում: Երբ գիրք եք կարդում, համալրում եք ձեր մտավոր պաշարը, բայց դա լավ օրինակ է ուրիշի համար: Երբ փորձում եք ոչ մի վատ բան չխոսել եւ, ամենակարեւորը՝ չմտածել որեւէ մարդու մասին, դա պետք է նախեւառաջ ձեր հոգու «էկոլոգհամակարգի» համար, բայց գուցե ձեզ շրջապատողները ոգեւորվե՞ն այդ օրինակով:

Թե չէ «պապաների» վատ օրինակով ոգեւորվելն ամենախելացի ընտրությունը չի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Ապրես, հասկացա:

    • gib.gibindus says:

      Ի՞նչ ես ուզում էս մարդկացից, բան ու գործ չունե՞ս: Զբաղվում են իրենց համար, ու՞մ են խանգարում: Իսկ խմբագրությանը խնդրանք՝հանեք Ժոռայի ՞մտքերը՞ ձեր կայքից:

  2. Լավատես says:

    Պետությունը ես կհամեմատեի նվագախմբի հետ՝ նկատել եմ, նույն մարդկանցից կազմված նվագախումբը տարբեր մակարդակի է նվագում կախված թե ով է կառավարում կախարդական փայտիկը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930