Ճանաչել Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ճանաչել Արևմտյան Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտության դաշտում մեծամասշտաբ բախումներ չեն եղել, ճիշտ է, բայց ասել թե՝ բացարձակ խաղաղություն է, դա էլ ճիշտ չի լինի: Անտեղի ու անիմաստ զոհեր երկու կողմերն էլ շարունակում են տալ, և, ցավոք սրտի, ենթադրում եմ, որ առաջիկայում էլ զոհեր կլինեն, քանի որ երկու կողմերն էլ հաշտության որևէ եզր չեն գտնում, չնայած աշխարհի հզորները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բավական լուրջ ու մոտիկից են խառնվում հակամարտության ընթացքին և երկուստեք շարունակում են ցույց տալ, որ խաղաղության հարցում չափազանց են շահագրգռված: Խաղաղության  ջատագովներից մեկը զենք է մատակարարում հակամարտող կողմերին, իսկ մյուսը շարունակում է խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, քաջ գիտակցելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսլականն ու գաղափարը նույնպես խաղաղության հիմք ու երաշխիք չեն:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից խոսողները լավ էլ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեմային լուրջ չեն վերաբերվում, և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու ընդհանրապես հայերի հետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսելը նույնն է թե՝ Ադրբեջանի իշխանությունների ու անձամբ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից խոսես: Չեն խոսում, և ճիշտ էլ անում են, որովհետև հասկանում են, որ ադրբեջանցիների ու անձամբ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խոսելն անիմաստ ու անհեռանկար է:

Վաղուց ժամանակն է, որ հակամարտության կարգավորման ջատագովները հասկանան, որ Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի հետ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից խոսելն էլ է անհեռանկար ու անիմաստ:

Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն:

Աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ են տարածքներ կորցրել: Նրանք բոլորն էլ երազում են վերադարձնել կորցրածը, բայց նրանցից ոչ մեկն աշխարհից չի պահանջում ճանաչել իր նախկին տարածքներն ու տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ Ադրբեջանի ու անձամբ Իլհամ Ալիևի պես մուննաթով:

Հայերս էլ ենք տարածքներ կորցրել, այն էլ ի՜նչ տարածքներ. Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի զգալի մասը: Բայց մենք աշխարհից չենք պահանջում ճանաչել ոչ Արևմտյան Հայաստանի և ոչ էլ Արևելյանի տարածքային ամբողջականությունը: Միգուցե սխալ ենք անում, որ չենք պահանջում: Մենք ընդամենը աշխարհից պահանջում ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը, և եթե աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը, բնականաբար տարածքային հավակնություններ ու խնդիրներ էլ կառաջանան, և դա միանգամայն բնական ու տրամաբանական կլինի:

Եվ միանգամայն անարդար կլինի, եթե գենոցիդի միջոցով գրավված տարածքները մարսվեն ու մնան գրավողին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորցրած տարածքներին, դրանք «գրավվել» են, ավելի ստույգ՝ ազատագրվել են պատերազմի արդյունքում, ընդ որում՝ Ադրբեջանի սանձարզերծած պատերազմի: Էլ չենք խոսում այն մասին, որ մեր գրաված (ազատագրած) տարածքը ոչ թե Ադրբեջան է, այլ՝ Լեռնային Ղարաբաղ, որը ոչ թե Ադրբեջան կոչվող երկրի տարածքում է գտնվել, այլ Ադրբեջանի հետ միասին գտնվել է Խորհրդային միության տարածքում, ընդ որում՝ միանգամայն ինքնավար կարգավիճակով:

Եվ եթե այսքանից հետո հայերի մի մասը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց գնալ տարածքային որոշ փոխզիջումների, դա արդեն իսկ չափազանց մեծ ժեստ է Ադրբեջանի հանդեպ, որովհետև Ղարաբաղի ու համայն աշխարհի հայության զգալի մասը կտրականապես կողմ է «ոչ մի թիզ հող» տարբերակին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այդ ամբողջականությունը հիշում ու նշում են հիմնականում նրանք, ովքեր իրենք նույնպես տարածքային ամբողջականության խնդիր ունեն, մեկ էլ նրանք, ովքեր ուզում են հաճույք պատճառել Ադրբեջանին ու անձամբ Իլհամ Ալիևին: Այնպես որ, առանձնապես չպիտի զարմանանք, որ Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի կամ, ասենք, Բելառուսի ներկայացուցիչները խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից:

Ուրիշներն էլ են խոսում: Բայց հակառակն ասողներ էլ կան: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը հիշողներ ու պաշտպանողներ էլ կան, և դա, իհարկե, շատ կարևոր է: Կարևոր է նաև, որ Արցախյան հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած Մինսկի խմբի ներկայացուցիչներն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեման չեն շահարկում:

Նրանք հիմնականում փոխզիջումներից են խոսում և, ըստ ամենայնի, հասկանում ու գիտակցում են, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեջբերեն, ոչ միայն փոխզիջում տեղի չի ունենա, այլև՝ հակամարտության կարգավորում, ինչն իրենց առաքելության հինական նպատակն է:

Ուրիշներին ենք ասում, բայց կարծես ինքներս էլ շատ խոսեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Սա անհեթեթ ու անհեռանկար թեմա է, որը ոչ միայն պետք է մոռանանք, այլև պիտի այնպես անենք, որ ուրիշներն էլ մոռանան:

Ինչ վերաբերում է մեզ, մենք պետք է մե′ր տարածքային ամբողջականության մասին մտածենք. ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք