Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասենք քո խնամին երգիչ է, ի՞նչ վատ կլինի ուրախացնի մեզ, փողն էլ հո կտանք»․Ս․Բալասանյանը՝ Գյումրու ավագանու անդամներին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 12,2017 17:38

Գյումրու ավագանու այսօրվա նիստն անցավ բավական հետաքրքիր, թեժ քննարկումներով, ելույթներով, քաղաքական հայտարարություններով։

Այսօր «Բալասանյան դաշինքից» բացի` մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյուս երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի» ու ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները։ Եկել էր նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը նույնպես ելույթ ունեցավ։

Oրակարգում քննարկման էր դրված 21 հարց։ Դրանցից մեկը վերաբերում էր Գյումրու օրվա տոնակատարության ու ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար քաղաքի բյուջեից 8 միլիոն դրամ գումար ծախսելուն։ Երբ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը  զեկուցեց այս թեմայով, ԲՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Բադեյանն առաջարկեց 8 միլիոն դրամի շրջանակներում երկու բնակարան գնել անօթևան երկու ընտանիքների։ Սա, ըստ նրա, կլինի իսկական տոն, այլապես 8 միլիոնը բավական շատ է քաղաքի աղքատիկ բյուջեից տոնակատարության վրա ծախսելու համար։ «8 միլիոնն այս սոված քաղաքում, մարդիկ այսօր հացի 1000 դրամի խնդիր ունեն, տնակում ապրող բնակիչներ ունենք, ես մեծ գումար եմ համարում, որ 8 միլիոնը վերցնենք, տանք ինչ-որ հրավառության կամ համերգի համար»,-ասաց Արմեն Բադեյանը։

ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանի կարծիքով` սա այնքան էլ մեծ գումար չէ, քանի որ մայրաքաղաքի տոնակատարության համար ահռելի միջոցներ են ծախսվում։ ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները, սակայն, պահանջեցին մանրամասն ներկայացնել, թե ով ինչ ծառայություններ է մատուցելու, ում ինչ գումար են տալու քաղաքային բյուջեից ծառայությունների դիմաց, նրանք պահանջեցին այս ամենը ներկայացնել փաստաթղթերի մակարդակով։ «Մեր ժողովուրդը մտավախություն չպետք է ունենա, որ հնարավոր են ինչ-որ ատկատներ, ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր կամ միգուցե մեքենա-սարքավորումները, որ վարձակալում եք, արդյո՞ք դրանք համայնքապետարանի ազգականի՞ են պատկանում, թե՞ չէ։ Բոլոր մանրամասները պետք են, թե՛ կազմակերպությունների անունները, թե՛ ծառայությունները, թե՛ ինչ ծառայություններն են մատուցվում»,-ասացին ԳԱԼԱ-ի ներկայացուցիչները:

Լենա Ջիլավյանն ի պատասխան ասաց, թե ժողովուրդը վաղուց պետք է համոզված լիներ, որ ատկատներ չկան այս քաղաքում։ Հարցադրումը վերաբերում էր նաև նրան, թե չլինի՞ այն ընկերությունները, որոնց հետ պայմանագիր են կնքում, քաղաքային իշխանավորների  բարեկամ-խնամին լինեն։ Այս հարցին պատասխանեց Սամվել Բալասանյանը՝ նշելով․«Հիմա  ասենք իմ խնամին երգիչ է, չերգի՞, չնայած էդպիսի խնամի չունեմ»։ Լենա Ջիլավյանը, միջամտելով այս հարցին, պատասխանեց՝ Գյումրին այնքան փոքր քաղաք է, որ հնարավոր է ծանոթ-բարեկամ-խնամի լինեն։

Գյումրու քաղաքապետը դիմեց ավագանու անդամներից մեկին՝ ասելով․ «Ասենք քո խնամին երգիչ է, ի՞նչ վատ կլինի գա, 1-2 անգամ երգի, ուրախացնի մեզ, փողն էլ  հո կտանք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930