Լրահոս
Օրվա լրահոսը

Մազոխիստական նվնվոցի մասին

Սեպտեմբեր 13,2017 10:12

«Միայն Հայաստանում են բանկոմատ պայթեցնում, միայն Հայաստանում են հրդեհներ լինում, միայն Հայաստանում են մարդիկ իրար դանակահարում»: Մարդիկ անթաքույց ուրախությամբ լսում են վատ լուրերը եւ լացակումած մեկնաբանություններ անում՝ «վախ-վախ-վախ, էս ո՞ւր ենք գնում»: Պարզ է, որ վթարների եւ սպանությունների մասին ցանկանում են լսել եւ կարդալ ցանկացած երկրում, բայց՝ առանց հեռու գնացող փիլիսոփայական ընդհանրացումների: Հայաստանում եւ էլի մեզ նման երկրներում նորաձեւ է, «թրենդային է» սեփական երկրի մասին անպայման որեւէ վատ բան ասելը. բացի ամեն ինչից, դա բերում է ծափահարություններ, լայքեր, «պայքարող տեսակի» փառք: (Համենայնդեպս, վերապահում անեմ, որ խոսքը ոչ թե արատների քննադատության, այլ մազոխիստական նվնվոցի մասին է):

Այնպես չի, որ մենք ամենավատ երկիրն ենք աշխարհում: Թույլ տվեք ձեզ զեկուցել, որ ԵՄ անդամ Հունաստանում աղբն ավելի վատ են հավաքում, քան Հայաստանում, ինտերնետ կապն ավելի դանդաղ է, քան մեր երկրում (գլոբալ վարկանիշներով մենք 54-րդն ենք աշխարհում), սննդի օբյեկտներում սպասարկումն ընդհանուր առմամբ ավելի վատն է, քան Հայաստանում: Հունաստանը հրաշալի երկիր է եւ ունի բազմաթիվ առավելություններ՝ պարզապես մեր երկիրը ստորացնողների համար օրինակ եմ բերում:

«Չեռնուխային» սովոր հասարակությանը հայտնեմ նաեւ, որ Հայաստանում եւ Արցախում կան հազարավոր մարդիկ, որոնք օլիգարխներ չեն, մոնոպոլիստ չեն, իշխանության վերին օղակների հետ կապ չունեն, բայց հաջողությունների են հասել բիզնեսում, գիտության մեջ, մշակույթում, սպորտում: Բայց երբ ներկայացնում ես հաջողության այդ պատմությունները (օրինակ՝ Ենոքավանում տուրիստական բիզնեսի մասին), դա հետաքրքրում է շատ սահմանափակ քանակով ընթերցողների: Սակայն բավական է արյունոտված դանակով մի նկար hրապարակել, եւ նյութի հազարավոր ընթերցողների եւ «վախ-վախ» անողների պատկառելի քանակն ապահովված է:

…Տաքսիով հերթական անգամ իջնում եմ քաղաք: Վարորդը անընդհատ բոլոր մեքենաներին ցանկանում է շրջանցել, եւ նրանց, ովքեր իրեն ճանապարհ չեն զիջում, 3-4 հարկանի հայհոյանքներ է տալիս, ընդ որում՝ րոպեն մեկ շուռ է տալիս եւ ինձ հարցնում՝ «լավ եմ քշում, չէ՞»: Բայց թեմային ավելի շատ առնչվում է հետեւյալ դրվագը: Դավիթաշենում քամուց փոշի է բարձրանում՝ այնպես, որ ստիպված ենք պատուհանները փակել: Վարորդը խիստ նյարդայնանում է այդ հանգամանքից եւ սիգարետ է կպցնում: Արագ-արագ, նյարդային ծխելով, նա գցում է ծխախոտը պատուհանից եւ բացականչում է՝ «դե փնթի ա էս Հայաստանը, հո զոռո՞վ չի»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Բա ԿԳ փոխնախարարը /шутка/:

  2. Լավատես says:

    Ամեն մարդու ամենահզոր թշնամին՝ դա այդ մարդու անձնական թուլություններն են, երբ նա հաղթանակ տանի իր այդ թուլությունների հանդեպ, էլ իրա դեմ խաղ չկա, նմանապես՝ ազգի ամենահզոր թշնամին՝ դա այդ ազգի ազգային թուլություններն են, մտածենք, ինչպես իրար վնաս չտալու, բայց արդյունավետ ազատվենք մեր ազգին բնորոշ թուլություններից, թուլություններ ոչ թե այլ քաղաքակիրթ ազգերի արժեքների հետ համեմատած, այլ համեմատած մեր ազգային արժեհամակարգի հետ ու երբ հաղթենք մենք մեր ազգի թուլությունները, Աստված կբազմապատկի մեր ազգի ուժը:

Պատասխանել Քրիստափոր

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930