Լրահոս
Օրվա լրահոսը

Ընձառյուծը` վիրտուալի եւ իրականության խաչմերուկում

Սեպտեմբեր 13,2017 14:15

Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծին (հովազին), որը երկար տարիներ Կարմիր գրքի «բնակիչ» է, վերջին տարիներին սկսեցին հաճախակի  հիշել:

«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 15 տարի, եւ 2002-ից սկսած մինչ օրս գործող ծրագրի պատասխանատուներն իրենց  վերջին ուսումնասիրությունով փաստում են, որ, ըստ ֆոտոթակարդների միջոցով ստացված տվյալների, Հայաստանի տարածքում գրանցվել է այդ կենդանատեսակի ընդամենը 10 առանձնյակ:

Կենդանաբանները նշում են, որ թեև վայրի բնության մեջ բարդ է տեսնել այդ կենդանուն, սակայն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընձառյուծը «վերակենդանացել» է, եւ յուրաքանչյուր ոք կարող է իր սմարթֆոնով «կենդանացնել» ընձառյուծին` եռաչափ անիմացիայի տեսքով:

Նախաձեռնությունն իրականացվել է X-TECH ընկերության աջակցությամբ, որն, ըստ «Կովկասյան ընձառյուծի պահպանություն» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանի, միացել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանց»-ին: «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնելու արշավի արդյունավետությունը՝ յուրահատուկ կապ ստեղծելով մարդու եւ բնության միջեւ: Արշավի նպատակն է միավորել հասարակության լայն շերտերի, միջազգային կառույցներին, պետական եւ մասնավոր հատվածին ընձառյուծի եւ դրա` որս հանդիսացող տեսակների պահպանության մեխանիզմները  հզորացնելու նպատակով»,- ասում է նա:

WWF- Հայաստան գրասենյակը հավելվածի ընձառյուծի հատուկ մարկերները տեղադրել է Երեւան քաղաքի մարդաշատ վայրերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ կրթական օջախներում, որպեսզի, սմարթֆոնում ներբեռնելով «ARLOOPA» հավելվածը, հնարավոր լինի ոչ միայն «կենդանացնել» ընձառյուծին, այլ նաեւ նկարվել նրա հետ, լսել կենդանու ձայնը:

X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը հետաքրքրեց իրենց, եւ առաջին անգամ էր, որ իրենց աշխատանքով առնչվեցին վայրի բնության պահպանությանը: «Վայրի բնության պահպանությանը մենք փորձեցինք օգնել` գործի դնելով տեղեկատվական տեխնոլոգիաները: Նախաձեռնությունն ամիսներ առաջ  մասնակցել է նաեւ ԱՄՆ-ում կայացած AR/VR ցուցահանդեսին, որտեղ բնության պահպանության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նման համակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- ասում է նա:

Նախաձեռնության հեղինակները մատնանշում են, որ սա նոր գաղափար է, որի նպատակը վտանգված տեսակների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, եւ իրենք համոզված են, որ հաջողություն են գրանցել: «Եթե մինչ այդ տպագրական նյութեր էինք ստեղծում, որպեսզի դրանցով տեղեկատվություն մատուցենք եւ կրթենք հասարակության լայն շերտերին, ապա այսօր նորարարական մեթոդներով կարողանում ենք ամբողջովին  «կլանել» տեղեկատվական դաշտը»,- ասում է Ա. Գասպարյանը՝ հավելելով, որ արդեն իսկ ունեն մարկերի 20. 000 սքանավորում, իսկ առնվազն 100.000 մարդ տեղեկացել եւ ներգրավվել է արշավում:

Այս նախաձեռնությունը էկոկրթության ժամանակակից տարբերակներից է: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, եւ դրանք կարելի է լավագույնս ծառայեցնել բնության պահպանությանը:

Դրական այս փորձը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այլ երկրներում, օրինակ`UNDP-ն,  նույն գաղափարը օգտագործելով, ձյունահովազին է ներկայացրել Ղրղզստանում անցկացված միջազգային ֆորումի ընթացքում: Արման Աթոյանին հայտնի է, որ այդ միջազգային ֆորումում նշվել է, որ նախաձեռնության հեղինակը Հայաստանն է:

«Նախաձեռնության մասին հայտնի է դարձել 100-ից ավելի երկրում, շնորհիվ այդ երկրներում գործող` Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-ի) գրասենյակների, որոնք նույնպես մեծ քարոզչություն են ծավալել նախաձեռնության հետ կապված: Այդ երկրներում էլ հնարավորություն են ունեցել ներբեռնելու  հավելվածը եւ շփվելու վիրտուալ ընձառյուծի հետ»,- ասում է WWF-Հայաստան գրասենյակի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը:

Արդեն 15 տարի անընդմեջ WWF-Հայաստան գրասենյակը մեր երկրում իրականացնում է կատվազգի այս հսկայի պահպանման ծրագիրը, որի շնորհիվ, ըստ Արսեն Գասպարյանի, ընձառյուծը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաեւ գրանցել աճի դրական միտում: «Տեղեկատվական եւ ընձառյուծի վերաբերյալ  տեղեկացվածության մակարդակի  բարձրացման  նպատակով  դեռեւս անցյալ տարի Երեւանի մետրոպոլիտենի  մարդաշատ կայարաններից մեկում՝ «Երիտասարդական»- ում, բացվեց «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» ցուցահանդեսը։ Դրա շրջանակներում ներկայացվեցին ընձառյուծի ցուցանակներ եւ այդ կենդանատեսակի մասին ամփոփ տեղեկատվություն` հիմնական ապրելավայրերի  եւ որս հանդիսացող կենդանիների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ եւ այլն) մասին»,- ասում է Հերմինե Հակոբյանը` հավելելով, որ իրենք ծրագրերի միջոցով ցանկանում են մի քանի ուղերձներ հղել հասարակությանը. «Առաջին`  Հայաստանը երկիր է, որի տարածքում ապրում է կովկասյան ընձառյուծ, իսկ եթե կա այս կենդանատեսակը, ապա դրա հետ մեկտեղ կարելի է տեսնել ընձառյուծի որս հանդիսացող այլ կաթնասուններ, ինչն էլ հիմք կարող է լինել էկոզբոսաշրջությունը մեր երկրում զարգացնելու համար: Երկրորդ` Հայաստանում տարեցտարի զարգանում  է ՏՏ ոլորտը, եւ այն կարելի է միաձուլել բնապահպանական ոլորտին ու աշխարհին ապացուցել,  որ ժամանակակից ձեւաչափով կարելի է շատ արագ բարձրաձայնել բնապահպանական հիմնախնդիրների մասին: Երրորդ ուղերձն այն է, որ Հայաստանը երկիր է, որը կարեւորում է բնապահպանական խնդիրները եւ բարձրաձայնում է դրանց մասին, ինչը կարեւոր է մեծ աշխարհում երկրի դիրքավորման եւ, իհարկե, ինչպես արդեն նշեցի, էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից»:

Աշխարհում հաշվվում է ընդամենը 500 -700 կովկասյան ընձառյուծ, որոնց հիմնական պոպուլյացիան ապրում է Իրանում, նաեւ՝ Աֆղանստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում: Եվ որպեսզի այս կենդանատեսակի  պահպանությունը լիարժեք իրականացվի, WWF- Հայաստանը ստեղծել է նաեւ ընձառյուծի խնամակալների ցանց, որը Ա. Գասպարյանը նույնպես նորարարական մոտեցում է համարում, քանի որ իրենք նպատակադրվել են այս գործընթացում ներգրավել համայնքի բնակիչներին, բնապահպանական գործունեությամբ զբաղվող անձանց: «Հենց համայնքի բնակիչներն են, որ երկարատեւ կարող են մշտադիտարկել թիրախ կենդանատեսակները, այս դեպքում` ընձառյուծը եւ նրա համար որս հանդիսացող կաթնասունները: Այսօր թե ՛ Վայոց ձորում եւ թե՛ Սյունիքի մարզերում ունենք խնամակալնեերի խմբեր, որոնք  շաբաթական մի քանի անգամ դուրս են գալիս իրենց համայնքների հարակից տարածքներով անցնող երթուղիներ, լինում այն վայրերում, որոնք հավանական ապրելավայրեր են ընձառյուծի համար եւ իրականացնում  դիտարկումներ, գրանցումներ կատարում եւ ուղարկում դրանք մեզ»,- ասում է նա:

Ընձառյուծի խնամակալները լիարժեքորեն «զինված» են սարքավորումներով՝ հեռադիտակներ, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GPS սարքեր), նրանք կարողանում են լուսա- եւ տեսանկարահանել, գրանցումներ կատարել:

Ա. Գասպարյանը գոհունակությամբ նշում է, որ ցանցն այսօր աշխատում է, եւ իրենք պարբերաբար իրենց խնամակալներից ստանում են տվյալներ: «Մեր խնամակալները ոչ միայն դիտարկումներ են անում, այլ նաեւ որոշակիորեն մասնակցում  պահպանության աշխատանքներին: Հույս ունենք, որ այս դրական փորձը շարունակական կլինի, եւ խնամակալների թիվը կմեծանա թիրախ տարածքներում»,- ասում է նա:

Ի դեպ, X-TECH ընկերության տնօրինությանն այնքան է ոգեւորել վերակենդանացող ընձառյուծը, որ հետաքրքիր նոր նախաձեռնությամբ է ցանկանում հանդես գալ: Ըստ Ա. Աթոյանի` իրենք ցանկանում են ստեղծել վիրտուալ «Կարմիր գիրք», որում կվերակենդանանան դրանում «բնակվող» որոշ կենդանատեսակներ:  «Սա յուրօրինակ կլինի, կհանգեցնի նաեւ տուրիզմի զարգացմանը, եւ էլ ավելի շատ մարդիկ կշտապեն Հայաստան` տեսնելու այդ վիրտուալ կենդանատեսակները»,- ասում է նա:

 

Գալուստ Նանյան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930