Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Վարդանյան. «Կարող ա՞ Շորբուլաղից եկած Գոքորն եմ»

Սեպտեմբեր 13,2017 16:04

Հայաստանի կինոգործիչների միության վարչության անդամ, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանի անունը նույնպես շրջանառվում է Կինոգործիչների միության նախագահի այլ թեկնածուների անունների կողքին:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է նա ուզում դառնալ միության նախագահ: «Բոլորի անուններն էլ շրջանառվում են, բոլորին պիտի զանգե՞ք»,-նեղսրտեց Գոռ Վարդանյանը:

Ապա հավելեց. «Ես չեմ ուզում սուտ խոսքեր ասեմ, ամպագոռգոռ բաներ»: Նորից հարցրինք` այնուամենայնիվ, ինչո՞ւ է ուզում դառնալ նախագահ: «Որովհետեւ կինոյում եմ ծերացել»,-ասաց մեր զրուցակիցը: Երբ հարցրինք, թե վերջին անգամ ե՞րբ է կինոյի հետ գործ ունեցել, ֆիլմ նկարել, Գոռ Վարդանյանը դժվարացավ պատասխանել: Ընդամենն ասաց` 76 թվականից:

Մեր դիտարկմանը, թե իրեն չեն հիշում իբրեւ ռեժիսոր, դրա համար էլ երբ Գոռ Վարդանյան անունն է հնչում, մարդիկ անմիջապես Երեւանի քաղաքապետի խորհրդական կարատեիստ եւ ռեժիսոր Գոռ Վարդանյանին են պատկերացնում, մյուս Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դժբախտաբար մյուս Գոռ Վարդանյանը չեմ… Ես վաղուց արդեն կինոստուդիայում չեմ, բայց միշտ կապերի մեջ եմ, այսինքն պրոբլեմ չի, դեռ հին վարչության անդամ եմ: Այնպես որ, շրջապատի հետ կապերը չեն կտրվել, որովհետեւ կինոն ճահիճ ա, երբ մտնում ես, քաշում ա…Համ էլ կարող ա՞ ես Շորբուլաղից եկած Գոքորն եմ… »:

Մեր հարցին` ի՞նչ կփոխեր ընտրվելու դեպքում, կամ գուցե նույնը թողներ, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ոչ ոք նույնը չի թողնի…Լիքը բաներ կա փոխելու, որ ընտրվեմ, հետո կխոսեմ, հիմա չեմ ուզում խոսք տամ»:

Գոռ Վարդանյանը չմանրամասնեց` ունի՞ ծրագիր, թիմ: «Ընդհանրապես կինոմիության կանոնադրությամբ թեկնածուները առաջադրվում են մանդատ ունեցողների կողմից, դահլիճից: Հիմա մեր մոտ բոլորը դարձրել են պառլամենտական ընտրությունների նման` նախընտրական շտաբ, չեմ իմանում ինչ…Դրա համար ես չեմ ուզում խառնվել մյուս բաներին: Եթե օրենքով տենց ա, հիմիկվանից ի՞նչ են գոռում, ճչում…»,-ասաց նա:

Գոռ Վարդանյանից հետաքրքրվեցինք` ժամանակին «Ակադեմիա» պատկերասրահով էլ էր զբաղվում, հիմա այնտեղ պարապուրդի մատնված վիճակ է, հնարավո՞ր է կինոմիությունում էլ նույնկերպ աշխատի, ինչպես Ակադեմիա պատկերասրահում: «Ակադեմիա» պատկերասրահը ակտիվ չի, որովհետեւ նկարչության մասին Հայաստանում լրիվ մոռացել են…»,- պատասխանեց նա:

Քիչ անց էլ լրացրեց ինքն իրեն. «Ակադեմիան» ակտիվ աշխատում է, նկարները կախված են, կողքից նկարների տեղավորում է արվում, դրսերում ենք ցուցահանդեսներ անում: Իսկ ընդհանրապես դուք էլ գիտեք, թե ինչ վիճակ է: Պատկերասրահները որպեսզի աշխատեն, պետք է նկարների վաճառք կատարվի, մասնավոր պատկերասրահները պետական դոտացիա չեն ստանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930