Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու հարցով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն

Սեպտեմբեր 13,2017 16:30

2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողության միջոցով նրան կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք են հասցրել:

Նույն օրը armtimes.com լրատվական կայքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարկել, որում հստակ երևում է, որ Գոռ Հակոբյանին վնասազերծելու նպատակով արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց: Սակայն, ինչպես տեղեկանում ենք aravot.am-ի վերոնշյալ հրապարակումից, ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել միայն պատանդ վերցնելու դեպքի առթիվ, իսկ Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. սեպտեմբերի 11-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում իրավապահ մարմինների գործողություններին իրավական գնահատական տալու հարցով:

Ինչպես նաև պատասխանելու այն հարցերին, թե արդյոք Գոռ Հակոբյանի հետ բանակցություններ վարած անձինք ունեցել են համապատասխան հմտություններ, ինչու չի ապահովվել Գոռ Հակոբյանի պահանջների կատարումը, ով է որոշել, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, պատանդառուի կյանքին սպառնացող վտանգն իրական է և հրաման տվել նրան դիպուկահարի միջոցով վնասազերծելու մասին, մարմնի որ հատվածն է վնասել դիպուկահարի կրակոցը և ինչ հետևանքներ է ունեցել այն և վերջապես, երկրորդ կրակոցի հրաման տրվել է, թե ոչ, ով և ինչ նպատակով է իրականացրել այն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծել է, որ Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քննություն չիրականացնելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է, իսկ այն պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննելը հակասում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույքներին, քանի որ նրա մահը ոստիկանության գործողությունների հետևանք է, և գործը պետք է քննվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930