«Ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում և ինչու՞ է ոստիկանությունը լռում»

«Ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում և ինչու՞ է ոստիկանությունը լռում»

Բաց Նամակ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան

Գրում ենք ձեզ բաց նամակ ինչպես Կենդանիների Պաշտպանության “ԴԻՆԳՈ ԹԻՄ” ՀԿ անունից, այնպես էլ բոլոր այն բնակիչների անունից, ովքեր դիմում են մեզ՝ ներքևում նշվելիք հարցի հետ կապված քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք անընդհատ ստանում ենք բնակիչներից ահազանգեր այն մասին, որ բնակելի վայրերում կրակում են շներին: Բնակիչներից ոմանք տվյալ պահին ահազանգել են ոստիկանություն և ստացել պատասխան, որ ոստիկանությունը տեղյակ է:

Խնդրում ենք պաշտոնապես պատասխանել. տեղյա՞կ է արդյոք ոստիկանությունը այդ գիշերային կրակոցներից: Եթե այո, ապա ու՞մ կողմից է դա իրականցվում: Եթե ոչ, ապա ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Ստացվում է, որ.

– կամ անհայտ անձիք բնակելի վայրում անարգել օգտագործում են զենք, ու ոստիկանությունը կարծես չի տեսնում և չի լսում,

– կամ կոնկրետ կառույց է զբաղվում այդ հարցով, ոստիկանությունը տեղյակ է և տվյալ կառույցի հետ միասին խախտում է օրենքներ:

Որպես թեմայի հետ կապված տեղեկատվություն, կցանկանանք նշել, որ ինքներս հասկանում ենք ոհմակների կուտակման խնդիրը, ինքներս դեմ ենք, որ բակերում լինեն ոհմակներ: Սակայն մեր երկրի ավելի քան 15 տարվա կրակելու փորձը ցույց է տալիս, որ սպանդը չի բերում ցանկալի արդյունքի, սպանդը չի լուծում ոհմակների խնդիրը: Հակառակը, ամեն տարի ոհմակների թիվն ավելանում է ու տեսակը դառնում է ավելի ագրեսիվ:

Որպես բարեգործական ՀԿ մենք մեր ռեսուրսներով ու նվիրատվություններով բակ առ բակ լուծում ենք այդ խնդիրը՝ ամեն բակում 1 ստերջացված շուն թողնելով: Եթե բակում կա ստերջացված շուն, այդ բակում չեն կուտակվում ոհմակներ: Մենք այս հարցը լուծում ենք մարդկային մեթոդներով և հիմնովին: Այն բակերում, որտեղ մեր ստերջացված շներն են, մարդիկ երբեք չեն բողոքում ոհմակներից:

Թափառող կենդանիների հիմնախնդրով զբաղվում է Յունիգրաֆ Իքս ՍՊԸ-ն, ով ամեն տարի շահում է տենդերը: Ըստ տենդերի անգամ վնասազերծումը պետք է կատարվի նրանց կլինիկայում՝ քնեցման մեթոդով: Խոսք չի կարող լինել բնակելի վայրերում կրակոցներով վնասազերծելու մասին: Հետևաբար` նրանք հրաժարվում են այն փաստից, որ իրենք որևէ կապ ունեն կրակոցների հետ:

Առաջանում է հարց՝ եթե դա Յունիգրաֆ Իքսը չէ, ապա ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում և ինչու՞ է ոստիկանությունը լռում:

 

Բաց նամակին կցում եմ մի քանի նամակներ այն բնակիչներից, ովքեր ահազանգել են մեր պաշտոնական էջին:

Կսպասենք պատասխանի

Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան

ԴԻՆԳՈ ԹԻՄ ՀԿ հիմնադիր/նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք