Կարեն Կարապետյանը՝ «երրորդ ժամկետ իշխանության գնացող անհատի» մասին

Կարեն Կարապետյանը՝ «երրորդ ժամկետ իշխանության գնացող անհատի» մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանին՝ «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրության փոփոխությամբ իշխանավարման ժամկետը երկարաձգելու կամ երրորդ ժամկետ իշխանության գնացող անհատներին»:

Արամ Սարգսյանը զգուշացրեց, որ իր այս հարցում քաղաքական բանսարկություն չկա, ուղղակի ուզում է իմանալ Կարեն Կարապետյանի կարծիքը:

Իսկ վարչապետի պատասխանը չեզոք էր, անգամ հարցին չառնչվող՝ «Կամայական Սահմանադրության խախտմանը վերաբերում եմ վատ, եթե որեւիցե ձեւով որեւիցե նորմ խախտվում է»:

Արամ Սարգսյանն ասաց, որ պատասխանը անհասկանալի էր, ուստի հստակեցրեց՝ Սահմանադրությունը փոխում են՝ օրինականացնելու իրենց ժամկետը երկարաձգելը, ես ուզում եմ իմանալ, թե այս կարգի մոտեցումներին դուք ինչպե՞ս եք վերաբերվում:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Եթե կա օրենքի խախտում, ապա վերաբերում եմ բացասական»:

Արամ Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ԵՏՄ-ում գազի եւ էլեկտրաէներգիայի ամենաբարձր գները որտե՞ղ են, եթե ՀՀ-ում են, ապա ինչպե՞ս եք դուք պատրաստվում մեր արդյունաբերական ապրանքների մրցունակությունը ապահովել: Վարչապետը պատասխանեց, որ էներգակիրների գինը մեզ մոտ արտոնյալ է: Նա ասաց, որ տրանզիտի գինը, հեռավորությունը տարբեր է, սա պետք է հաշվի առնել, բայց իրականում ՀՀ-ում արտոնյալ գին է: Կարեն Կարապետյանն ասաց, որ եթե ավելի էժան գազ բերող կլինի՝ ուրիշի հետ պայմանագիրը կկնքեն՝ անկախ երկրի ծագումից:

Արամ Սարգսյանը արձագանքեց՝ «Ես պարզել եմ՝ ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում մեզանից էժան է, ամենաթանկն այսօր պրակտիկ արդյունաբերական ոլորտում օգտագործում է Հայաստանը թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը»:

Վարչապետը չհամաձայնեց. «Բելառուսի գինը մեզանից թանկ է, ՌԴ-ն, ճիշտ եք, իր սեփական գազն է, էժան է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք