Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ ստալինյան բռնաճնշումների ցուցահանդեսին լայն տարածում են տալու եւ դրանով կանգ չեն առնելու

Սեպտեմբեր 13,2017 20:15
davit harutyunyan

Օրերս մշակույթի նախարարության ուղիղ հրահանգով եւ ցուցումով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բացած մի ցուցահանդես, որը նվիրված էր խորհրդային տարիներին ստալինյան բռնաճնշումներին, քաղաքական հետապնդումներին, որի զոհ են գնացել 1920-53 թթ 45 հազար մարդ, այդ թվում՝ Գարեգին Նժդեհը, որը իշխող կուսակցության գաղափարախոսն է:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այդ մասին հարց ուղղեց կառավարությանը՝ «Ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ մշակույթի փոխնախարարը, վարչապետը, նախարարը, այդ որոշումը կայացվել է որեւէ հատուկ ծառայության խորհրդի հիման վրա, որովհետեւ թանգարանի տնօրենը սպառնալից զանգ է ստացել 20-ականների ոճով, մի գեներալ ասել է ՝տիկին, դուք դաշնակցական պրոպագանդա եք անում»:

Արարատ Միրզոյանը առաջարկեց կառավարությանը անմիջապես, առանց որեւէ շտկումների բացել այդ ցուցահանդեսը եւ կառավարության շենքում սրահ հատկացնել, որպեսզի այդ ցուցահանդեսին կարողանան ծանոթանալ նաեւ կառավարության աշխատակիցները՝ նախարարներն ու փոխնախարարները:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը՝ լենինյան, ստալինյան բռնապետության ժամանակաշրջանի հետ կապված. «Այս տարի լրանում է հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը, որից հետո սկիզբ դրվեց լուրջ, լայնածավալ մարդու իրավունքների խախտումներին ՀՀ-ում, որոնք իրենց գագաթնակետին հասան 37 թվին:

Մենք այսօր պետք է անդրադառնանք այդ տխուր տարեթվի 80-ամյակին: Գնահատականը այդ իրադարձություններին տրված է պետական մակարդակով: Դպրոցներում՝ դասագրքերում թե՛ համաշխարհային պատմության, թե՛ հայ գրականության, մենք հստակ գնահատական ենք տալիս այդ ժամանակահատվածին: Այդ ժամանակահատվածի գնահատականը արտացոլվում է նաեւ նրանում, որ պատրաստվում ենք կառուցել Հիշատակի թանգարան: Փորձել քաղաքականացնել ընդամենը պետական գերատեսչության եւ ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքը, ես կարծում եմ, անտեղի է: Դիրքորոշումը պարզ է, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այդտեղ»:

Դավիթ Հարությունյանը հորդորեց քաղաքական ենթատեքստ այդտեղ չորոնել. «Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի 4 որդիներից 3-ին, որոնք դարձան այդ բռնապետության զոհը, պիտի ասեմ, որ ցուցահանդեսը 22 օր գործել է: Աշխատանքային եւ վարչական հարաբերությունները քաղաքականացնելը անիմաստ է, ուղղակի ցավում եմ, որ նման դեպք տեղի ունեցավ»:

Հիշեցնենք, որ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտարարել էր, որ ցուցահանդեսը քաղաքականացված էր, դրա համար փակել են:

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընդհակառակը՝ ցուցահանդեսը պետք է ավելի լայն տարածման հնարավորություն ունենա. «Մենք կանգ չենք առնելու, այս տարի հիշատակի 80-ամյակն է եւ շատ ավելի լայնածավալ միջոցառումներ ենք կազմակերպելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930