Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե տոտալիտարի՞զմը

Սեպտեմբեր 14,2017 10:07

Ինչպես հայտնի է, ստալինյան բռնաճնշումները դատապարտվել էին դեռեւս 1956 թվականին` հենց կոմունիստների կողմից: Իհարկե, դատապարտումը հետեւողական եւ խորքային չէր, բայց դեռեւս այն ժամանակ կարծես թե արձանագրվեց, որ միլիոնավոր անմեղ մարդկանց գնդակահարելն ու «Գուլագ» ուղարկելը այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէր: Իհարկե, կային եւ գուցե հիմա էլ կան անդրդվելի ստալինիստներ, որոնք վստահ են, որ միլիոնավոր մարդկանց արյունն այն գինն էր, որը վճարվում էր խորհրդային երկրի տնտեսական եւ ռազմական հզորացման դիմաց: Համենայնդեպս, ոչ 1956-1964 թվականներին, ոչ էլ 1985-ից մինչեւ վերջերս որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ կոմունիստական բռնաճնշումների զոհերի մասին խոսելն իր մեջ «հակառուսական» բաղադրիչ է պարունակում:

Ի՞նչ «հակառուսական», եթե բոլշեւիկների մարդակերությունից տուժել է նախեւառաջ ռուս ժողովուրդը` թե՛ քանակապես եւ թե՛ որակապես, քանի որ ոչնչացվում էին առավել գործունյա գյուղացիները, առավել ինքնուրույն մտածող մտավորականները: Պուտինյան քարոզչությունն, այո, փորձում է շրջանցել բոլշեւիկյան անցյալի արյունալի էջերը, արդարացնել տոտալիտար համակարգը, ձեւ անել, որ սահմռկեցուցիչ հանցագործությունները, որոնք կատարվել են 70 տարիների ընթացքում, իրականում Արեւմուտքի եւ ընդհանրապես Ռուսաստանի թշնամիների հնարածն են: Ըստ այդ տրամաբանության` ահավոր տառապանքներ կրած մարդկանց (այդ թվում, կրկնեմ` ռուսների) հանդեպ անգամ պարզ, մարդկային կարեկցանքի նպատակն է Ռուսաստանի թուլացումը: Ժամանակակից Ռուսաստանի ղեկավարությունը, այսպես ասած, «իր վրա է վերցնում» ստալինյան տոտալիտարիզմի հասցեին ցանկացած թթու խոսք:

Բայց այդ ամենը Ռուսաստանի քաղաքացիների խնդիրն է` եթե նրանք պատրաստ են, որ այդ ձեւով լվանան իրենց ուղեղները, թող կուլ տան այդ խայծերը: Մե՞նք ինչ կապ ունենք այդ ամենի հետ: Մենք կարծում ենք, թե Կրեմլում կնեղանան, որ Երեւանում անցկացվում է ցուցահանդես, որի ժամանակ ոգեկոչվում է բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերի հիշատակը: Հետաքրքիր է՝ Ռուսաստանի դեսպանատնի՞ց են զանգել եւ արգելել, թե՞ մերոնք են գլխի ընկել, որ դա կարող է առաջացնել Մոսկվայի դժգոհությունը, ինչպես որ դա եղավ փողոցների վերանվանման մասին քննարկման դեպքում: Բայց հայաստանյան գործընթացները կարգավորող դրսի «կոմիսարներին» կարելի է, երեւի, բացատրել, որ մեր խնդիրը հայերն են, ազգությամբ հայ գործիչները, որոնք դարձել էին մարդակեր համակարգի պտուտակը:

…Իսկ ընդհանրապես, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ցուցահանդես արգելելը բավականին համահունչ է 20-դարում մեր անցած 70 տարվա ուղուն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Գավառական և ասիական Երևանին հայկական դիմագիծ է տվել սովետական ճարտարապետ Թամանյանը՝ հենց նույն մարդակեր բոլշևիկների հանձնարարությամբ: Բռնաճնշումներից բողոքելը լավ է, բայց դրական փաստերն էլ պետք է նշել, այլապես հակասովետական քարոզչությունը հենց որպես քարոզչություն էլ ընկալվում է:

    • joradzadza says:

      Հարգելի Մարինա, ես որպես Թամանայանի թոռան` Ալեքսանդրի ընկեր, պնդում եմ, որ դուք սխալվում եք: Թամանյանը կապ չուներ բոլշեվիկների հետ`նրա անգլուհի կինը վկա: Փաստեր եք ման գալիս`լավ եք անում: Բայց ավելի զգույշ, խնդրում եմ:

Պատասխանել joradzadza

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930