«Ելք»-ը գործի անցավ

«Ելք»-ը գործի անցավ

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է մեր հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», – իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը :

«Մեր ուղերձն այն է, որ իշխանությունները և մեր ընդդիմախոսները կարող են գալ այդ հանձնաժողով ու հիմնավորել, որ իրենք ճիշտ են, որ ԵԱՏՄ-ում մեր մնալը օգուտ է ու բխում է մեր պետական շահերից, իսկ «Ելք»-ը սխալ է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը եւ հույս հայտնել, որ իշխանությունները կգնան հանձնաժողովի ստեղծմանը:

Ըստ պատգամավորի, ԱԺ կանոնակարգ օրենքը ժամանակավոր հանձնաժողովներին գործելու մեծ հնարավորություններ է տալիս. դրանք կարող են հարցումներ անել պատկան մարմիններին, փորձագետներին տալ առաջադրանքներ, կատարել ուսումնասիրություն եւ եզրակացություն տալ։

«Ելք»ում ակնկալում են, որ հանձնաժողովի ձևավորումից հետո իրենց կհաջողվի նաեւ խորհրդարանում Հայաստանի`ԵԱՏՄ-ի անդամակցության մասին լսումների անցկացնել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք