Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Իտալիահայոց նախկին հոգեւոր հովիվը` Այվազովսկու «Քաոսի» մասին

Սեպտեմբեր 15,2017 16:20

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված՝ «Հովհաննես Այվազովսկի․ Արարում» ցուցահանդեսը,իսկ պատկերասրահի որմնանկարների դահլիճում` «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողով: Պատկերասրահում ցուցադրվում է նաեւ ծովանկարչի հանրահայտ «Աշխարհի արարումը» («Քաոս») կտավը: Հենց այս կտավի համար Գրիգոր 16-րդ պապը Հովհաննես Այվազովսկուն արժանացրել է ոսկե մեդալի: Ծովանկարիչն այն նվիրել է պապին, եւ այդպես «Քաոսը» հայտնվել է Վատիկանում:

Aravot.am-ի հետ զրույցում Իտալիայի հայոց երբեմնի հոգեւոր հովիվ Սարգիս քահանա Սարգիսյանը նշեց, որ հուզված է ցուցահանդեսի բացմամբ: «Ես ճիշտ 40 տարի առաջ ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից նշանակվեցի Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ: Ճիշտ նույն տարվա հոկտեմբերին Մխիթարյան հայրերը Վենետիկի սուրբ Ղազար վանքում կազմակերպել էին Մխիթար աբբահոր մահվան 300-ամյակի տոնակատարությունները: Ես ներկա գտնվեցի եւ առաջին անգամ «Քաոսն» իրենց պատկերասրահում տեսա: Այն ատեն գիշերեցի Ալիշանի սենյակում: Դրանից հետո շատ առիթներ եմ ունեցել այցելելու Վենետիկ, 30 տարվա ընթացքում մի 200 անգամ Վենետիկ եմ այցելել»:

Մեր զրուցակցի տիկինը Հայաստանից է, նրա հետ ամուսնացել է 1975 թ. Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ նրանց պսակի արարողությանը երգել են Խորեն Պալյանը եւ Լուսինե Զաքարյանը:

Նա նաեւ ժամանակին խնդրել է բարերարներից մեկի դստերը` Մարի Մնդիկլյանին, աջակցի Կոնդի սուրբ Հովհաննեսի վերանորոգությանը, որը խիստ անմխիթար վիճակում էր: «Այդ եկեղեցու խորանը, որ իտալական մարմարից է, ես եմ ուղարկել: Այն 10 տոննա է կշռում: Ամեն անգամ, երբ այցելում եմ այդ եկեղեցի,, հպարտ եմ զգում, որ ներդրում եմ կատարել մայրաքաղաքի հոգեւոր վերազարթոնքին: Դա ամենից լավ երեւացող եկեղեցին է, ափսոս, որ ոչ մի արձանագրություն չկա, որ Մարի Մնդիկյանն է աջակցել վերանորոգությանը»:

Մեր հայրենակիցը պատմեց, որ ավարտել է Կիպրոսի Մելքոնյան հաստատությունը, ապա Երեւան է եկել որպես սփյուռքահայ ուսանող, սովորել է ճեմարանում ընկերանալով այնպիսի մարդկանց հետ, որոնք հետագայում երեւելի անուններ են դարձել` Խորեն Պալյան, Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյան:

 

Ասում է նաեւ, որ Իտալիայի հայոց հոգևոր հովվի` իր առաքելությունն իրականացնելիս Հայաստանից հարյուրավոր նկարիչների, գրողների, երաժիշտների է աջակցել` սկսած էլլադա Չախոյանից ու Գեղամ Գրիգորյանից մինչեւ Բարսեղ Թումանյան: «Ամենամեծ տպավորությունն ինձ վրա հատկապես Բարսեղ Թումանյանն է թողել»,-նկատեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չհասկցայ ինչ՞ կապ ունի իր պատմածը Այվազովսկիի — ՔԱՕՍ— ին հետ ?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930