Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անձնավորված պետք է տեսնեն միայն Տարոն Մարգարյանին…». Ար. Գեւորգյանի արձագանքը՝ «Երկիր Ծիրանիի» մեղադրանքներին

Սեպտեմբեր 15,2017 21:10

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր իր «ֆեյսբուքյան» էջում ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի:

«Հայցում նշել ենք, թե ինչ օրենքներ են խախտվել ավագանու կողմից, ինչ որոշումներ են ընդունել, համաձայն որոնց՝ երեւանցիներից օտարվել են տասմիլիոնանոց արժողության հողակտորներ»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Նա հայցի օրինակներ տարավ-հանձնեց Քաղաքապետարանին, Կառավարությանը եւ ՀՀ վարչական դատարանին՝ գործընթացն ուղիղ հեռարձակելով սոցցանցում:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վարչական դատարանը կքննի այն, եթե հայցը հիմնավոր է, համապատասխան որոշում կկայացնի»:

Մեր նկատառմանն ի պատասխան, որ Զարուհի Փոստանջյանն այսօր հայցի մեկ օրինակ է թողել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, Արթուր Գեւորգյանն ասաց. «Շնորհակալություն, որ տեղեկացրել է»:

Տիկին Փոստանջյանի էջում մեկ այլ ուղիղ միացմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն ահազանգեց, որ դատի են տալիս Տարոն Մարգարյանին, քանի որ նա, Մարինա Խաչատրյանի փոխանցմամբ, աշխատանքից ազատել է «Երկիր Ծիրանիի» անդամ Վերգինե Ենգիբարյանին, որն իրավագիտության մագիստրոս է:

«Նրան դուր չեն եկել 12 համայնքներ կատարած մեր այցելությունները, որոնց մասնակցել է նաեւ Վերգինե Ենգիբարյանը: Տարոն Մարգարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում «Երկիր Ծիրանիի» անդամների վերաբերյալ»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը: Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման անձի չի ճանաչում. «Չմոռանանք, որ քաղաքապետարանի ենթակայությամբ, եթե չեմ սխալվում, ընդհանուր առմամբ 3 տասնյակ հազար աշխատող կա: Կուսակցական պատկանելիությունն ի՞նչ պետք է աներ…տրամաբանություն չեմ տեսնում»:

Ապա` Մարինե Խաչատրյանն անդրադարձել էր նաեւ Երեւանի ավագանու սեպտեմբերի 12-ի նիստին՝ ասելով. «Մականունավորների թիմ ունենալով՝ Տարոն Մարգարյանը, ինչպես տեսանք հարցազրույցում, անգրագետ է համարում իր ընդդիմախոսներին՝ մեր թիմակիցներին»:

Այս առնչությամբ էլ Արթուր Գեւորգյանը հետեւյալն ասաց. «Այդ օրն ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանիի» կողմից պարբերաբար ոչ տեղին, օրակարգին չվերաբերող միջամտություններն ընդհուպ պատճառ դարձան ավագանու «ԵԼՔ» դաշինքի  անդամների զայրույթի, ովքեր դա արտահայտեցին՝ անձամբ ուղղված «Երկիր Ծիրանի»-ն:

Եթե անձնավորված պետք է տեսնեն միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանին…նրա դիտարկումը հստակ էր՝ «ծանոթացեք օրակարգային հարցերին, խորամուխ եղեք այդ հարցերին. մենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը, պատրաստակամ է օգնելու-աջակցելու, որպեսզի ամբողջական տիրապետեն բարձրացվող հարցերին, որոնց չեն տիրապետում»… Եթե դա ընկալվել է որպես անգրագիտություն, կներեք, իրենց ուղղեք այդ հարցը…ներողություն, բայց եթե իրենք այդպես են ընկալել, այլ ասելիք չունեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930