Անկախություն և մշակույթ

Անկախություն և մշակույթ

Շատերն են այն կարծիքին, որ Խորհրդային միությունում ազատ ստեղծագործելը գրեթե անհնար էր: Այս կարծիքը գրեթե բոլորն են արտահայտում, և եթե մեկը դեմ է արտահայտվում այս կարծիքին, համարվում է «հին մարդ» և խորհրդային կարոտախտով տառապող անձնավորություն:

Ինքս ինձ չեմ համարում խորհրդային կարոտախտով տառապող, չնայած նույնպես դեմ եմ այդ տարածված կարծիքին և գտնում եմ, որ խորհրդային ժամանաներն ի վիճակի չեղան կաշկանդել արվեստագետներից ու մշակույթի գործիչներից շատերին: Ասածս առաջին հերթին վերաբերում է արվեստի ու մշակույթի հայ ներկայացուցիչներին:

Նույնիսկ այն ամենածայրահեղականները, ովքեր համարում են, որ Խորհրդային միությունում հնարավոր չէր ազատ արվեստ ստեղծել, քսաներորդ դարի հայ արվեստից խոսելիս՝ անվերապահորեն են ընդունում մշակույթի այն հայ գործիչներին, ովքեր Խորհրդային միության տարածքում ու խորհրդային ցենզուրայի պայմաններում բացարձակ արժեքներ ստեղծեցին: Արամ Խաչատրյան ու Մարտիրոս Սարյան, Համո Բեկնազարյան, Մալյան, Դովլաթյան, Փարաջոնով ու Փելեշյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան ու Ավետ Տերտերյան, Գոհար Գասպարյան, Տաթևիկ Սազանդարյան ու Շարա Տալյան, Ալեքսանդր Թամանյան, Մարկ Գրիգորյան ու Ռաֆայել Իսրայելյան, Հրաչյա Ներսիսյան, Փափազյան, Ջանիբեկյան ու Ավետ Ավետիսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Արմեն Ջիգարխանյան, Խորեն Աբրահամյան ու Սոս Սարգսյան, Երվանդ Քոչար ու Արտաշես Հովսեփյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ ու Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան ու Պերճ Զեյթունցյան… Եվ  շատ ու շատ ուրիշներ, ովքեր խորհրդային ցենզուրայի պայմաններում արվեստի բացարձակ արժեքներ են ստեղծել: Եթե բոլորին թվարկեի, այս հոդվածիս համար նախատեսված տարածքը բերնեբերան կլցվեր:

Շուրջ քառորդ դար է՝ Հայաստանն անկախ է, և գրողներն ու մշակույթի գործիչներն ստեղծագործում են բացարձակ ազատ պայմաններում, բայց, այդուհանդերձ, դժվարանում եմ մեր անկախության ժամանակների արվեստագետների անունները վերոթվարկյալների կողքին գրել:

Եթե Գեղամ Գրիգորյան ասեք, եթե Հասմիկ Պապյան ասեք, եթե Հարություն Խաչատրյան ու Լևոն Խեչոյան ասեք, կասեմ, որ սրանք նույնպես արվեստում իրենց մկրտությունը խորհրդային ժամանակներում են ստացել: Եվ չնայած Ռուբեն Հախվերդյանն ու Արթուր Մեսչյանը դիսիդենտ ստեղծագործողներ են համարվում, իրենք էլ են իրենց լավագույն գործերը խորհրդային տարիներին ստեղծել:

Պարադոքս է ստացվում. չափազանց խիստ ցենզուրայի պայմաններում ստեղծվել են չափազանց ազատ ստեղծագործություններ: Սա չափազանց լուրջ թեմա է, և այս չափազանց լուրջ թեման չափազանց լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

Երբեմն մտածում եմ, որ այն ժամանակների չափազանց խիստ ցենզուրան արվեստագետներին մղում էր իրենց իսկ ստեղծագործություններով խստորեն հակադրվել տվյալ ցենզուրային: Երբեմն էլ մտածում եմ, որ Խորհրդային երկիրը լավագույնս էր գովազդում արվեստագետներին: Ընդամենը մի ռադիոալիք կար և մի հեռուստաալիք, և բավական է երգիչն այդ ալիքներից մեկում հայտնվեր, որպեսզի Հայաստանով մեկ հանրահայտ դառնար: Թատրոնների քանակն էլ էր սահմանափակ, և թատերասեր հասարակությունը որևէ ներկայացում բաց չէր թողնում: Գրքերը չափազանց էժան էին, և գրքերի տպաքանակը՝ չափազանց մեծ:

Մեր՝ անկախության ժամանակները գուցեև դեռևս հանճարներ չեն տվել, բայց տաղանդավորները քիչ չեն՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների, ռեժիսորների, դերասանների, երգիչների, դիրիժորների ու հատկապես երաժիշտ կատարողների մեջ:

Եթե նրանք բավարար չափով ճանաչված չեն, չի նշանակում թե՝ չկան: Հնարավոր էլ չի, որ չլինեն, մանավանդ որ՝ Հայաստանի անկախության պայմաններում ստեղծագործողների համար միանգամայն նոր հնարավորություններ են բացվել՝ առաջին հերթին իրենց ստեղծագործությունները նաև արտերկրներում ներկայացնելու առումով: Ամենաբարդը, թերևս, ժամանակակից հայ գրողների գործն է, մանավանդ որ՝ գնալով ավելի ու ավելի է դժվարանում պետպատվերով գիրք հրատարակելը:

Գրողին մնում է հովանավոր ճարել, և, ինչպես հաճախ է պատահում, միջակ գրողներին դա ավելի հեշտ է հաջողվում, քան՝ տաղանդավորներին: Մինչդեռ խորհրդային ժամանակներում պետական հրատարակչությունները ոչ միայն հրատարակում էին տաղանդավորների գրքերը, այլև դրանց հեղինակներին միանգամայն լուրջ հոնորարներ էին վճարում:

Ինչքան էլ հիշողությունս լարում եմ, դժվարանում եմ հիշել որևէ տաղանդավոր հայ գրողի, ում ստեղծագործությունները խորհրդային տարիներին մերժվել ու չեն տպագրվել: Այս իմաստով Սլավիկ Չիլոյանը թերևս բացառություն է:

Հանճարներ ու տաղանդներ միշտ ունեցել ենք ու միշտ կունենանք, և եթե Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ մենք համաշխարհային ազգ ենք, համոզված եմ, որ առաջին հերթին մեր մշակույթը նկատի ունի:

Ուրեմն՝ զորավիգ լինենք մեր մշակույթին ու մշակույթի գործիչներին: Պետականորեն ու ազգովի: Եվ միշտ հիշենք, որ հանճարներն ու տաղանդներն ինչքան որ հզոր են, նույնքան էլ անպաշտպան են:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Սկզբի 25_30 տարում սչ մի սովետական արվեստագետ էլ չի եղել։բոլորը դրսիծ եկածներ էին։հետո նոր կամաց կամաց սկսեց զարգանալ էնպես որ հլա ժամանակ է պետք անկախության ժամանակվա տաղանդների հայտ գալու համար

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք